Աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 85-ամյակին նվիրված հեռուստատեսային ֆիլմ է պատրաստել «Ստաս Նամինի Մշակութային կենտրոն» պրոդյուսերական կազմակերպությունը:
Օհան Դուրյանը մի քանի տարի ղեկավարել է այդ կենտրոնի կողմից ստեղծված Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը: Ֆիլմը, որի անվանումն է՝ «Օհան Դուրյան. զգացմունքների մասնագիտություն», շուտով ցուցադրվելու է ռուսական «Կուլտուրա» ալիքով: Ֆիլմի հիմքում Օհան Դուրյանի հետ ստեղծագործական շփումներ ունեցող մարդկանց հուշերն են: Իրենց հանդիպումների մասին կպատմեն Արմեն Ջիգարխանյանը, Տիգրան Մանսուրյանը, Վալերի Գերգիեւը եւ այլ հայտնի մարդիկ: Դիրիժորի կրքոտ ու զգացմունքային կերպարը հիացրել է ունկնդիրներին եւ հաճախ մերժվել հայրենիքում: «Արտիստը իրավունք չունի երբեք ասել, որ հասկացել է երաժշտությունը, որ ամեն ինչ սովորել է: Նա կարող է միայն նորից ու նորից սովորել, սովորել, վերանայել ու կրկին սովորել: Ցավալի է, երբ երաժիշտը փորձի է գալիս առանց պարտիտուրը սովորելու»,- ասել էր մաեստրոն այն ժամանակ, երբ դժգոհ էր հայ երաժիշտների աշխատասիրության ու համառության պակասից: Ինքը` դիրիժորը, յուրաքանչյուր փորձի մեծ պատասխանատվությամբ էր մոտենում: Նա համոզված է, որ երաժիշտը պետք է նաեւ արտիստ լինի ու մոռանա բեմի օրենքների մասին:
Նա աշխարհի 110 նվագախմբերի դիրիժոր է եղել, ելույթներ է ունեցել բոլոր մայրցամաքներում: Ֆրանսիայում նրան «արվեստի ասպետ» են կոչել, իսկ Գերմանիայի Լեյպցիգ քաղաքում, որտեղ Օհան Դուրյանը որպես օպերային նվագախմբի հրավիրված դիրիժոր է աշխատել, վերջերս մաեստրոյի հոբելյանին նվիրված գունազարդ ալբոմ են հրատարակել` «Օհան Դուրյան. Մագնիս. Հրաբուխ. Միստիկ» վերնագրով: Սեպտեմբերին Գերմանիայում կանցկացվեն հոբելյանական միջոցառումները, իսկ մաեստրոյի լեյպցիգյան տան վրա անվանական հուշատախտակ կփակցվի: