Հայերը հեռանում են Ջավախքից

20/09/2007 Քրիստինե ԱՂԱԼԱՐՅԱՆ

– Պապաս խոփանու քա` ինձի վելո տի գնե, ինի մեծ վելոներեն:
– Իմ պապաս ա քա` ինձի մոթո տի գնե:

Մենք պատահաբար ունկնդիր եղանք Ախալքալաքի շրջանի Ղադոլար գյուղի 5 տարեկան երկու տղաների խոսակցությանը: Նրանցից մեկը` Գոռը, իր մայրիկի հետ կարտոֆիլ էր հավաքում եւ միաժամանակ զրուցում ցանկապատից այն կողմ գտնվող իր հասակակից Աղվանի հետ: Ինչպես հետո պարզեցինք, Աղվանի ու Գոռի հայրիկները մեկնել են Ռուսաստան, ինչպես իրենք են ասում` «խոփան` փարա փերելու»: Այդ պահին երկու փոքրիկները մրցում էին, թե ում հայրն ինչ արժեքավոր նվեր է բերելու, երբ վերադառնա «խոպանից»:

Ջավախքից շատերն են գնում արտագնա աշխատանքի` փող վաստակելու: Գարնան սկզբից սկսվում են մեկնումները, հիմնականում՝ դեպի Ռուսաստան: Իսկ վերադառնում են ուշ աշնանը կամ էլ ձմռանը: Եվ այդպես՝ ամեն տարի: Երեխաների համար իրենց հայրերի բացակայությունը արդեն սովորական է դարձել: Նրանք հաշտվել են այն մտքի հետ, որ իրենց հարազատներին տեսնելու են միայն ձմռան ամիսներին: Դրա համար էլ մեծ ոգեւորությամբ սպասում են ձմռան գալուն:

Գարնանային եւ ամառային աշխատանքների ժամանակ տղամարդկանց թիվը, հատկապես գյուղերում, նվազագույնի է հասնում: Իսկ գյուղատնտեսությունը պահում են կանայք: «Դե որ տղամարդիկ գնում են, մենք ստիպված ծանր գործերն էլ ենք ինքներս յոլա տանում: Օրինակ` մեր գյուղում շատ կանայք հունձ են անում»,- ասում է Վաչիան գյուղի բնակիչ Անահիտը:

Ջավախքցիներն ասում են, որ քաղաքում հնարավոր է գոնե առեւտուր անել եւ ապրուստի համար գումար վաստակել, իսկ գյուղերում միայն գյուղատնտեսությամբ զբաղվելը չի կարող ապրուստ ապահովել: Ջավախքում խորհրդային տարիներին գյուղատնտեսության առավել զարգացած ճյուղը եղել է հացահատիկային կուլտուրաների մշակումը` ցորեն, գարի, կտավատ, վարսակ, իսկ ավելի ուշ զարգացել են կարտոֆիլագործությունը եւ անասնապահությունը: Այժմ ջավախքցի գյուղացին իր ապրուստը որոշ չափով ապահովում է կարտոֆիլ մշակելով: Գյուղացիները դժգոհում են, քանի որ բնությունը միշտ չէ, որ բարենպաստ պայմաններ է ստեղծում գյուղատնտեսության համար: «Անցած տարի չորային էր, սաղ ամառը թոն չէրավ, համարյա քարթոլ չկար, բան չենք հանել: Ինչ ա օր հանեցինք՝ տրակտորի, տեխնիկայի, վարելու-ցանելու ծախսերն ա չփակեց: Էս տարի ա, մե քանիմ օր առաջ կարկուտը ամեն ինչ ջարդեց, էլ ի՞նչ պիտի հանենք»,- դժգոհեց Ղադոլար գյուղի 80-ամյա բնակիչ Վարշամ պապիկը:

42-ամյա Ֆեդյան էլ ասում է, որ ինչքան էլ կարտոֆիլի բերքն առատ լինի, միեւնույն է, ընտանիքի բոլոր հոգսերն անհնար է հոգալ միայն կարտոֆիլ կամ գարի մշակելով ու դրանցից ստացված բերքը վաճառելով: Դրա համար ինքը գրեթե ամեն տարի մեկնում է Ռուսաստան` աշխատելու: «Ամռան շոգերին, ճիշտ է, Ռուսաստանում ասֆալտ փռելը հեշտ չէ, բայց պետք է անես, որ ընտանիքդ կարողանաս պահել»,- ասաց Ֆեդյան: Այդ է պատճառը, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, հատկապես վերջին տասնամյակում, ջավախքցիների մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքների: Իսկ աշխատանքները տարբեր են լինում` «ասֆալտ փռելուց» սկսած՝ մինչեւ շինարարական բազմազան ծանր գործեր: Որոշ մասն էլ չի վերադառնում, մնում է այնտեղ ու հետո իր ընտանիքին է տեղափոխում:

5 տարեկան Գոռը կարտոֆիլ հավաքելու հետ մեկտեղ՝ մեծ խանդավառությամբ մեզ պատմում էր, որ աշնանը կամ ձմռանը այդ կարտոֆիլը տանելու են Թբիլիսի վաճառելու, «որ փող ունենան»: Իսկ եթե հայրիկը չվերադառնա, մյուս տարի մեկնելու են Ռուսաստան` նրա մոտ:

Հայկական անձնագրեր` Ռուսաստան արտագաղթելու համար

Այս տարի ջավախքցիներից շատերը չեն կարողացել մեկնել ՌԴ` արտագնա աշխատանքների: Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հերթական սրման պատճառով ռուսական կողմը 2006 թվականի սեպտեմբերից խստորեն սահմանափակել էր վիզաների տրամադրումը Վրաստանի քաղաքացիներին: Վիզաներ տրամադրում էին միայն ՌԴ-ում անհետաձգելի բուժօգնություն ստանալու, մահվան եւ նմանատիպ ծայրահեղ դեպքերում: Այս տարվա հուլիսի 19-ից Վրաստանում ՌԴ-ի հյուպատոսարանը վերսկսել էր վիզաների տրամադրումը, սակայն կրկին սահմանափակումներով, ասենք` ուսումնական, աշխատանքային, գործնական նպատակներով: Ջավախքցիները գտել են այս խնդրի լուծումը. հրաժարվում են Վրաստանի քաղաքացիությունից եւ գործադրում բոլոր հնարավոր միջոցները Հայաստանի քաղաքացիություն եւ անձնագիր ստանալու համար: 42-ամյա Ֆեդյան էլ է հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից, արդեն գարնանից փորձում է ստանալ Հայաստանի քաղաքացիություն եւ գրանցում: Նրա փաստաթղթերը գրեթե պատրաստ են, սպասում է, որ անձնագիրը ստանա եւ մեկնի. «Մեզ այլ միջոց չէր մնում: Հիմա մեր մոտից շատերն են Հայաստանի քաղաքացիներ դարձել, որ կարողանան մեկնել: Միայն մեր գյուղից մոտ 20 հոգի հայկական քաղաքացիություն է ստացել»,- ասաց Ֆեդյան: Նա նաեւ պատմեց, որ ՀՀ քաղաքացի դառնալու համար մեծ գումար է պետք ունենալ` մոտ 3 հազար դոլար: Սակայն ՀՀ քաղաքացի դառնալը ոչ բոլորին է ձեռնտու, օրինակ` երիտասարդները չեն փոխում քաղաքացիությունը, քանի որ այդ դեպքում բանակի հարց կծագի: «Վրաստանում բանակից խուսափելը դժվար չէ, օրինական ճանապարհով կարելի է 2 հազար լարի մուծել պետությանը եւ մեկ տարի ազատվել բանակից, իսկ Հայաստանում դա հնարավոր չէ: Հիմա ջավախքցի երիտասարդները սպասում են, թե երբ է կրկին վերսկսվելու վիզաների տրամադրումը բոլորի համար, որպեսզի իրենք էլ մեկնեն»,- ասում է 21-ամյա Մյասնիկը Խոսպիո գյուղից:

Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվելու եւ ՀՀ քաղաքացի դառնալու վերաբերյալ ոչ մի պաշտոնական տվյալ չկա: Սակայն մեր ունեցած ոչ պաշտոնական տվյալներով` Ջավախքից մոտ 5000 բնակիչ քաղաքացիությունը փոխել է: Մեր ուսումնասիրություններով` Ջավախքի գյուղերից նույնպես զգալի թվով մարդիկ փոխել են քաղաքացիությունը:

«Չկա մի ընտանիք, որ դրսում հարազատներ չունենա, մեկի քույրն է Ռուսաստանում, մյուսի` եղբայրը, էն մյուսի` ամուսնացած դուստրը, որդին կամ էլ այլ ազգականներ»,- ասում է Ախալքալաքի Վիճակագրության վարչության մասնագետ Գուրամ Ցինցկալաձեն:

Արտագնա աշխատանքների, կրթության եւ այլ նպատակներով մեկնած ջավախքցիներից շատերը կարողացել են իրենց կյանքը դասավորել Ռուսաստանում եւ այլեւս չեն վերադարձել: Սոցիալական խնդիրները ստիպել են մարդկանց հեռանալ իրենց ծննդավայրից եւ հաց հայթայթել դրսում:

Համաձայն Ախալքալաքի Վիճակագրության վարչության 2001-2002 թվականների տվյալների` Ջավախքի բնակչությունը (Ախալքալաքը եւ Նինոծմինդան միասին) կազմել է 95.280 մարդ, որից 90.373-ը` հայեր (մոտ 95%), եւ 3690 վրացիներ (մոտ 4%), 1%-ն էլ` ռուսներ եւ այլազգիներ: Իսկ ըստ 1979 թ. վիճակագրության` Ախալքալաքի եւ Բոգդանովկայի շրջանները միասին, այսինքն` Ջավախքը, ունեցել են 106.087 բնակիչ, որից 95.923-ը` հայ (մոտ 90%), 3.124-ը` վրացի (մոտ 3%), մնացած մասն էլ՝ ռուսներ եւ այլազգիներ:

Փաստորեն, շուրջ 23 տարվա ընթացքում Ջավախքից հեռացել է 10.807 բնակիչ, որից 5550-ը հայեր են եղել: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ վրացիների թիվն ավելացել է` 3124-ից դարձել է 3690: Ուրեմն, ովքե՞ր են եղել մնացած 5257-ը: Հայտնի է, որ այդ ժամանակահատվածում մեծածավալ արտագաղթ է տեղի ունեցել դեպի Ռուսաստան Ջավախքում դեռեւս 1841թ. հաստատված ռուս դուխոբորների շրջանում: Նրանց մեծ մասը լքել են իրենց իսկ հիմնած գյուղերը եւ շուրջ 160 տարի հետո վերադարձել հայրենիք: Վիճակագրությունը վկայում է, որ 1979թ. Ախալքալաք քաղաքի բնակչության թիվը եղել է 10.278, 1991թ.` 15.800, իսկ 2002թ.` 9802: Արտագաղթի մեծ տեմպերի մասին են վկայում նաեւ շրջանի գյուղերի վիճակագրական տվյալները: Օրինակ` Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղը 1993թ. ունեցել է 627 բնակիչ, իսկ 2001-ին` 230:

Վիճակագրական ծառայության մասնագետի հավաստմամբ` 2001-2002թթ. մարդահամարի թվերն էլ պայմանական կարելի է համարել, քանի որ մինչեւ 2002-ը եւ դրանից հետո էլ շատ ընտանիքներ եւ անհատներ տեղափոխվել են Ռուսաստան: Իսկ վիճակագրական մարդահամարն անցկացվում է միայն 10 տարին մեկ. «Այս թվերն իրական պատկերը ցույց չեն տալիս, ուղղակի թվեր են, բայց հիմա շատերն են գնացել»,- ասում է Գուրամ Ցինցկալաձեն:

Ախալքալաքի շրջանի Զագ գյուղի նախկին, այժմ՝ արդեն Մոսկվայի բնակիչ Լուսինեն պատմում է, որ իրենց գյուղում տների մեծ մասում մարդ չի ապրում: Իսկ տեղափոխված բնակիչների հիմնական մասն ապրում է Մոսկվայում:

«Արդեն 6 տարի է, ինչ չէի եղել գյուղում, այդ ընթացքում շատերն են հեռացել, բոլոր դռներին կողպեքներ էր կախած, չկան, բոլորը գնացել են»,- ասաց Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղի նախկին բնակիչ Գոհարը: «Արտագաղթը ոչ միայն Ջավախքում է մեծ ծավալների հասել, այլ նաեւ ամբողջ Վրաստանում: Այն կկանխվի այն դեպքում, երբ լուծվեն սոցիալ-տնտեսական շատ ու շատ խնդիրներ, օրինակ` աշխատատեղերի պակաս, քիչ աշխատավարձ եւ այլն»,- Ջավախք այցելության ժամանակ մեզ ասաց Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից էթնիկական փոքրամասնությունների խորհրդի համակարգող Կոբա Չոպլիանին:

Սակայն արտագաղթի առաջին եւ հիմնական պատճառը, Ջավախքի «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանի կարծիքով, ոչ թե սոցիալ-տնտեսական ծանր վիճակն է, այլ ազգային փոքրամասնությունների հանդեպ վրացիների վարած խտրական քաղաքականությունը: Ըստ Դ. Ռստակյանի` վրացիները, որպեսզի թուլացնեն քաղաքական ասպեկտը, միշտ ասում են, որ պատճառը սոցիալ-տնտեսական է: «Մենք էլ ասում ենք` լավ, եթե քաղաքական խնդիրներ չունեք, դե բերեք սոցիալ-տնտեսական խնդիրները լուծեք: Պետական ծրագիրն ուղղված է հայերի քանակը քչացնելուն եւ արտագաղթն արագացնելուն»,- ասաց Դ. Ռստակյանը: Համանախագահի կարծիքով` արտագաղթի պատճառներից է նաեւ աշխատատեղերի պակասը: «Աշխատատեղեր չեն ստեղծվում միտումնավոր, իսկ եթե ստեղծվում էլ են, ապա դրանք տրվում են վրացիներին»,- պարզաբանում է Դ. Ռստակյանը:

Վերջապես, արտագաղթի խթաններից է կրթության հիմնախնդիրը. «Եթե ջավախահայը չկարողացավ իր երեխային նորմալ կրթության տալ, միանշանակ փախնող է` կա՛մ Հայաստան, կա՛մ Ռուսաստան»,- եզրակացնում է Դ. Ռստակյանը:

Ախալքալաք

www.hetq.am