Ի հեճուկս բոլոր այն կանխատեսումների, թե Դաշնակցությունն առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չի ունենա, երեկ ՀՅԴ` Ստեփանակերտում կայացած Գերագույն ժողովը որոշել է, որ «ՀՀ նախագահի թեկնածու կառաջադրի՝ ընտրություն կատարելով ընկերներ Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Ռուստամյանի միջեւ»։ Դաշնակցականները նախագահի թեկնածու են ընտրելու նոյեմբերին կայանալիք «արտակարգ Գերագույն ժողովում»: Այսինքն` առաջիկա 2 ամիսներին նախագահի թեկնածուի թեկնածուներ Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը պայքարելու են իրար դեմ` քարոզչություն են իրականացնելու, մերկացնելու են մեկը մյուսին, գուցե նաեւ ընտրակաշառքներ են բաժանելու հարազատ ընկերների շրջանում: Իսկ իրականում սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՅԴ-ն ընտրություններից առաջ ուղղակի շոու է բեմադրում: Իսկ նման դեպքերում որքան թամաշան շատ է լինում, այնքան շոուն դիտարժան է դառնում: Եվ ամենեւին պատահական չէ, որ Ստեփանակերտի մշակույթի պալատի պատին, որտեղ անցկացվել է ՀՅԴ ԳԺ-ն, կախված է եղել
«Մեր հին ընկերը երկրի նախագահն է» կարգախոսով ցուցանակը: Ակնհայտ է, թե ում է նկատի ունեցել ՀՅԴ-ն «երկրի նախագահ» արտահայտության տակ:
Հաստատ ոչ ընկերներ Վահան Հովհաննիսյանին կամ Արմեն Ռուստամյանին: