Գեղեցիկ ձեւակերպումներով նախարարը

19/09/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի պաշտոնում Ներսես Երիցյանի նշանակումը բոլորի համար անակնկալ էր: Իսկ նշանակումից անմիջապես հետո նրա մասին դրական կարծիքներ հնչեցին այն առումով, որ լինելով բարեփոխումների սերնդի ներկայացուցիչ՝ Երիցյանը կկարողանա լուրջ փոփոխություններ իրականացնել:

Հիշեցնենք, որ նա նախարարություն եկավ Կենտրոնական բանկից, որտեղ զբաղեցնում էր ԿԲ նախագահի խորհրդականի պաշտոնը: Բացի այդ, նաեւ կարծիք կար, որ Երիցյանի նշանակումն ինչ-որ կերպ համաձայնեցրած էր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Համաշխարհային բանկը եւ շատ այլ կազմակերպություններ իրենց զեկույցներում բազմաթիվ անգամ ուղղակի կամ անուղղակի կերպով նշել են, թե Հայաստանի տնտեսության երկրորդ սերնդի բարեփոխումները վտանգված են, Հայաստանում պետք է իրականացվի տնտեսական լայնամասշտաբ բարեփոխումներ: Եվ ահա առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի պաշտոնում Ն. Երիցյանի նշանակումն ընկալվեց հենց այս բարեփոխումների համատեքստում: Իսկ նշանակումից մինչ այսօր նախարարն առիթ չի տվել ծանոթանալ իր ծրագրին, պահպանել է 100 օրվա լռության իր իրավունքը: Երեկ նա խախտեց այդ լռությունն ու հանդիպեց լրագրողների հետ: Շատերին էր հետաքրքրում, թե տնտեսության զարգացման, բարեփոխման ինչ ծրագիր է ներկայացնելու ռեֆորմիստի համարում ունեցող երիտասարդ նախարարը:

Ներսես Երիցյանը ներկայացել էր 31 կետից բաղկացած մի ծրագրով: Այդ կետերի մեջ էին ամփոփված առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսության զարգացման մասին նրա պատկերացումները: Այդ պատկերացումների համաձայն՝ նախ պետք է Հայաստանի համար գլոբալ կերպար ստեղծվի, թե ի՞նչ բնութագիր պետք է ունենա մեր երկիրը: Եվ այս կերպարի ստեղծման աշխատանքներն, արդեն երկու օր է` սկսվել են եւ դրանք ամփոփվում են բազմաթիվ գեղեցիկ ձեւակերպումների մեջ` ավելացված արժեքի ստեղծման գործում եւ ամեն ինչում կատարելության հասնելու ձգտում, գլոբալ մտածելակերպի ձեւավորում, օրինապահ գործունեություն ծավալելու մղում, գործարարների եւ ներդրումների համար կատարյալ հանրային եւ պետական կառույցների ստեղծում, բոլոր համակարգերում խոչընդոտների բացահայտում եւ վերացում եւ էլի նման ազնիվ մղումներ: Երիցյանը երեկ կետ առ կետ մանրամասնեց իր պատկերացումները, դրանք համեմեց վարչապետ Սերժ Սարգսյանի՝ վերջերս «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանին տված հարցազրույցի մտքերով: Եվ հասկանալի դարձավ, որ Ներսես Երիցյանն ուզում է տեսնել այնպիսի Հայաստան, ինչպիսին ուզում են, բայց չեն կարողանում տեսնել տնտեսական, իրավական եւ այլ ոլորտների մեր մյուս բոլոր պաշտոնյաները: Բարեփոխում ասվածը կարծես թե պիտի լինի այս ցանկությունների իրականացումը:

Իսկ հանդիպման ամենահետաքրքիր պահը լրագրողների հետ հարցուպատասխանի մասն էր, որտեղ տնտեսության զարգացման տեսությունը գերազանց ներկայացրած նախարարն արդեն գրեթե ոչինչ չասող պատասխաններ էր տալիս: Եվ այսպես. որտեղի՞ց պետք է հավաքվի 2008թ. 2,5 մլրդ դոլարանոց բյուջեն: Հարկահավաքները նորից ընկնելու են փոքր եւ միջին բիզնեսի հետեւի՞ց, թե՞ առաջիկա ամիսներին կտրուկ զարգանալու է արտադրությունը: Ո՛չ այն, եւ ո՛չ էլ այն: «Տնտեսությունը զարգանում է, մեր եկամուտներն ավելանում են, բնականաբար ավելանալու են նաեւ մեծ ծախսերը: Դա հարկվելու է, եւ բյուջեն դրա հաշվին ավելանալու է»,- այսպիսի հանճարեղ պատասխան տվեց նախարարը: Իսկ որտեղի՞ց են ավելանում մեր եկամուտները: Մեծամասամբ՝ բյուջեից ավելի արագ աճող տրանսֆերտներից: Այս մասին գիտեն նաեւ 2,5 մլրդ դոլարանոց բյուջե պլանավորողները: Կա մեկ այլ տարբերակ. որքան շատ եւ շուտ արժեզրկվի դոլարը, դոլարային արտահայտությամբ նույնքան արագ կհավաքվի մեր ապագա բյուջեն: Այնպես որ, 2,5 մլրդ դոլարանոց հնչեղ բյուջե ապահովելու համար, չի բացառվում, որ առաջիկայում դոլարը նորից սկսի մեծ թափով արժեզրկվել: Ոչինչ, որ նույն բյուջեն արդեն դրամային արտահայտությամբ իր նախորդից այդքան մեծ տարբերություն չի ունենա:

Իսկ ինչպե՞ս է պաշտպանելու Ն. Երիցյանի ղեկավարած նախարարությունը գործարարին պաշտոնյայից: Երկու տարուց ավելի է, «Ռոյալ Արմենիա» ընկերությունը դատական պրոցեսների մեջ է Մաքսային պետական կոմիտեի հետ: Ընկերության նախագահը եւ տնօրենը 1 տարուց ավելի ձերբակալված էին: Եվ այդ ողջ պատմությունը սկսվեց այն բանից հետո, երբ «Ռոյալ Արմենիայի» ղեկավարները հրապարակավ հայտարարեցին, թե ՄՊԿ ղեկավարներն իրենցից կաշառք են ուզել:

«Ես համոզված եմ, մեր նախարարությունը պետք է կարողանա բիզնեսի խոչընդոտների հետ կապված հարցերը բացահայտի, դրանք հիմնավոր կերպով ներկայացնի կառավարություն, եւ ես կարծում եմ, որ մենք պետք է ունենանք դրանք բաց քննարկելու բավարար քաջություն: Ոչ բոլոր հարցերն են, որ կարող են ընդունվել մարդկանց կողմից, եւ մարդիկ կարող են ունենալ հակափաստարկներ, այստեղ ամբողջ խնդիրը փաստարկները ճիշտ կառուցելու մեջ է, որը լուրջ աշխատանք է պահանջում: Շատերը նեղանում են միմյանցից, հարցն էլ չի լուծվում, որովհետեւ սիրում են մի սեղանի շուրջ նստել, խոսել, եւ այդ հարցն ինքն իրեն պետք է լուծվի: Ոչ, սա բարդ վերլուծության հարցի հետ է կապված»,- պատասխանեց Ն.Երիցյանը:

Հարցադրումները շատ էին՝ ճգնաժամի մեջ հայտնված ադամանդագործությունից՝ մինչեւ մեծ հույսեր ներշնչող տուրիզմ եւ ծառայությունների ոլորտ: Ահա այսպիսի բարի, կառուցողական, բարեփոխումներով լեցուն ու երկրի ապագայի նկատմամբ վառ պատկերացումներով էր տոգորված Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ն. Երիցյանի ծրագիրը: