Անցած շաբաթ Հայ ոսկերիչների միջազգային միության նախագահ, ադամանդի մշակմամբ զբաղվող «ԴԻ ՍԻ ԷՅ» ընկերության տնօրեն Գագիկ Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե դոլարի արժեզրկումը դեռ այնքան բացասական ազդեցություն չունի, որ ոլորտի ձեռնարկությունների փակման պատճառ դառնա: Խոսքը վերաբերում էր մասնավորապես ադամանդի մշակմամբ զբաղվող ամենամեծ` «Շողակն» գործարանին: Նշենք, որ արդեն մի քանի տարի է` այս ոլորտի գործարանները նվազեցրել են արտադրության ծավալները: Իսկ ընդհանուր առմամբ այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ադամանդագործությունը 50% անկում է գրանցել: Կոնկրետ «Շողակն» գործարանն անցած մի քանի տարիների ընթացքում 60-70 %-ով կրճատել է մշակման ծավալները, գրեթե նույն չափով էլ կրճատել է աշխատողների քանակը: Ըստ Գ.Աբրահամյանի` «Շողակնի» սեփականատեր, ազգությամբ հրեա Լեւ Լեւիեւը, ոչ միայն Հայաստանում, այլեւ իր մյուս ձեռնարկություններում 70-80 %-ով կրճատել է ադամանդի մշակման ծավալները, որովհետեւ Մոսկվայում զբաղվում է անշարժ գույքի առքուվաճառքով: «Շողակն» գործարանի տնօրեն Սերգեյ Գասպարյանը, սակայն, համաձայն չէ Գ. Աբրահամյանի դիտարկումների հետ: «2002-2003թթ. մենք 1 մլն դոլարը փոխում էինք 580 մլն դրամի հետ, հիմա փոխում ենք 340 մլն դրամի հետ: 240 մլն դրամը կորցնում ենք,- ասում է պարոն Գասպարյանը: -Մեր մուտքերը դոլարով է: Եթե 2003թ. էլեկտրաէէներգիայի համար վճարում էինք 4 ցենտ, հիմա վճարում ենք 8 ցենտ: Այդ ինչպե՞ս եղավ, որ դոլարի արժեզրկումը մեր արտադրության ծավալների վրա այդքան բացասաբար չի անդրադառնում: 99%-ով համոզված եմ, որ գործարանի սեփականատերը Հայաստանում ադամանդի մշակման ծավալները նվազեցրել է, որովհետեւ արտադրանքի ինքնարժեքը բարձրացել է: Իսկ դա եղել է դոլարի արժեզրկման պատճառով: Հայաստանում ադամանդի վերամշակման ինքնարժեքը բարձրացել է, իսկ դա ձեռնտու չէ սեփականատերերին»:
Ինչ վերաբերում է Գ. Աբրահամյանի այն հայտարարությանը, թե ռուսական ադամանդագործության եւ ոսկերչության հսկա «Ալռոսան» շուտով Հայաստանի գործարաններին հումք է մատակարարելու, եւ դրա արդյունքում մեր ադամանդագործությունը դուրս կգա ճգնաժամից, Ս. Գասպարյանը միանշանակ չի ընդունում. «Գիտեք, տարիներ առաջ Հայաստանը Ռուսաստանից ադամանդի հումք էր ստանում, բայց դա մյուս երկրներից ստացածի համեմատ բավականին թանկ էր: Այնպես որ, դեռ պարզ չէ, թե «Ալռոսան» մեր գործարաններին ինչ պայմաններով է ադամանդ տրամադրելու: Ես դեռ չեմ կարող ասել, թե «Շողակնը» կհամագործակցի՞ «Ալռոսայի» հետ»,- ասաց Ս. Գասպարյանը: