Կիթառահար Ալ Դի Մեոլան աշխարհահռչակ է դարձել մի քանի օրվա ընթացքում։ Թեեւ նա մանկուց է կիթառ նվագել սովորել, սակայն խոստովանում է, որ իր համար ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ տեղափոխվեց Նյու Յորք։ 19 տարեկանում նրան զանգահարեց «ջազի արքա» Չիկ Կորեան ու համատեղ աշխատելու առաջարկ արեց։ Չիկ Կորեան ու Նյու Յորքը ճակատագրական դարձան երիտասարդ կիթառահարի համար։ Եվ արդեն 30 տարի է, ինչ գեղեցիկ ու էլեգանտ Ալ Դի Մեոլան համարվում է աշխարհի երեք ամենահայտնի կիթառի վարպետներից մեկը։
Նա ոչ միայն վիրտուոզ կիթառահար է, այլեւ՝ զարմանալի կոմպոզիտոր։ Նրա ստեղծագործություններում լսվում են եւ՛ գնչուական մեղեդիները, եւ՛ տանգոն, եւ՛ բոսանովան, եւ՛ ջազային տարրերը … Էթնո երաժշտությունը նա դասականի մակարդակի է բարձրացրել։ Նրա վարպետության մասին վկայում են ոչ միայն բազմաթիվ համերգներն ու ձայնագրությունները (ակուստիկ եւ էլեկտրոկիթառով), այլեւ՝ պարգեւներն ու մրցանակները։ Ալ Դի Մեոլան միակ կիթառահարն է, ով այդքան շատ բարձրագույն պարգեւների է արժանացել (Grammy, Record World Magazine-ի, Guitar Player Magazine-ի մրցանակները)։ Նա 14 անգամ «Տարվա լավագույն կիթառահար» է հռչակվել, միլիոնավոր ձայներիզներ է վաճառել ու հիացրել աշխարհին իր կատարողական անթերի տեխնիկայով։
Հայաստանում գտնվելու ընթացքում Ալ Դի Մեոլան, ում հրավիրել էր «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, շատ է ճամփորդել, եղել է Խոր Վիրապում, Գառնիում ու Գեղարդում։ «Ուզում եմ ավելի լավ հասկանալ իմ հայ ընկերների հայրենիքը»,- ասում էր նա։ Երեւանում համերգային երկու ծրագրեր կատարելու համար Ալ Դի Մեոլան իր խմբի հետ երկարատեւ փորձեր է արել։ Փորձերին ներկա գտնվելով, հասկանում ես, որ նրա թեթեւ ու սրընթաց նվագի ետեւում տանջալի աշխատանք կա։ Նա ինքնաբուխ իմպրովիզացիաների կողմնակից չէ, համոզված է, որ հարկավոր է հստակ պարտիտուրային պլան ունենալ։ Երեւանի Օպերային թատրոնի բեմում նա ցանկանում էր իդեալական հնչողություն ստանալ։ «Ձայնը պիտի պարուրի հանդիսատեսին»,- փորձի ժամանակ նա հրահանգում էր հնչյունային ռեժիսորին։ Իսկ երբ փորձերի ժամանակ դադար էր լինում, նա նստում էր բեմի ետնամասում տեղադրված ներկայացումների փոշոտ դեկորների վրա, այնտեղ, որտեղ նրան ոչ ոք չի տեսնում, ու նվագում էր։ Հետո հոլիվուդյան ժպիտով ժպտում էր ու ասում. «Կիթառի ձայնը պիտի կատարյալ հնչի Հայաստանում, այլապես անիմաստ է այստեղ նվագել»։ Ալ Դի Մեոլայի խմբի պերկուսիոնիստ՝ ազգությամբ կուբացի, Գումբի Սանտոսը կայծակնային արագությամբ այս ու այն կողմ էր վազում, բարձրախոսներ տեղադրում։ Հետո շունչ էր քաշում ու նկատում. «Հայաստանը կամուրջ է»։ Մեր՝ «Ինչի՞ միջեւ» հարցը լսելով՝ զարմացած ասում էր. «Քրիստոնեության եւ իսլամի միջեւ։ Ձեր երկիրը որպես կամուրջ է ընկալվում աշխարհում։ Նույնը երբեք չեն ասում Իսրայելի մասին, որը ձեզ նման քրիստոնյա է եւ ձեզ նման շրջապատված է իսլամական երկրներով։ Ես հպարտ եմ այստեղ գտնվել»։ Ապա մի քիչ մտածելով` շատ «հայավարի» ասում է. «Հայաստանը իմ եղբոր հայրենիքն է։ Արտո Թունչբոյաջյանը իմ հայ ախպերն է։ Նա հայ է, բայց մեծացել է Թուրքիայում, ես էլ կուբացի եմ, բայց մեծացել եմ Ամերիկայում։ Իմ հայրը լավ խոսք ուներ, ասում էր՝ մի կարծիր, որ եթե անտառում ես ապրում, ուրեմն ծառ ես։ Բոլոր մարդիկ նույնն են, մանավանդ՝ երաժիշտները»։
Ալ Դի Մեոլան հարցազրույցից առաջ ցանկանում էր, որ լրագրողն անպայման լսի իր նվագը։ Մենք բնավ էլ առարկելու ցանկություն չունեինք, քանի որ դժվար թե կարողանայինք համերգը լսել, տոմսերը Հայաստանի համար խելքից դուրս թանկ էին։
Հարցազրույցի ընթացքում Ալ Դի Մեոլան հաջողացնում էր հեռախոսով էլեկտրոնային նամակներ ուղարկել, փորձի ու մեկնման ժամանակացույցը ճշտել՝ ասելով. «Ի՞նչ արած, բիզնես է… Ես բիզնեսմեն եմ դարձել, քանի որ պետք է հազարավոր հարցեր կազմակերպեմ, ճշտեմ իմ խմբի հետագա հյուրախաղերի ցանկը»։ «Երաժշտությունը բիզնե՞ս է» հարցին նա խորամանկ պատասխանում է.«Հիմա ամեն ինչն էլ բիզնես է»։
Հարցազրույց Ալ Դի Մեոլայի հետ
– Ձեր երաժշտական այցեքարտը էթնիկական տարրերն են։ Ինչո՞վ են դրանք գրավիչ։
– Ես սիրում են նոր աշխարհի էլեմենտները խառնել հին աշխարհի հետ։ Ես ուզում եմ, որ երաժշտական ստեղծագործության մեջ տրադիցիաների նշաններ լինեն, մայր հողի վրա ծնված մտածելակերպը զգացվի։ Էթնո երաժշտությունը համաշխարհային՝ մեր մայր մոլորակի երաժշտության էլեմենտ է։ Եվ ես իմ առաջ նպատակ եմ դրել՝ միացնել մեզ շրջապատող տարբեր երաժշտական էլեմենտները, նոր՝ ինտերնացիոնալ շրջապատ ստեղծել երաժշտության համար։ Իսկ էլեմենտները շատ են. դա փոփն է, էթնիկը, ջազը… Դրանք բոլորն էլ կարող են ժամանակ առ ժամանակ հակասել իրար, բայց դրանք մեր բոլորիս ընդհանուր հայրենիքն են։
– Հայաստանում զգուշությամբ են վերաբերվում խառնուրդներին։
– Դա հիանալի է։ Հետո, ես էլ կամ ինձ նման երաժիշտները կգան ու այն կմիացնեն ինտերնացիոնալ երաժշտության հետ։ Ես բավականին ծանոթ եմ հայկական երաժշտությանը, առաջին հերթին Արտո Թունչբոյաջյանի շնորհիվ, ով չորս տարի շարունակ ընդգրկված է եղել իմ խմբում, եւ մենք միասին բազմաթիվ ձայնագրություններ ենք արել։ Հայաստանի մասին ես բավականին շատ եմ լսել նաեւ կիթառի իմ առաջին ուսուցչից՝ Բոբի Ասլանյանից, ով շատ հայտնի ուսուցիչ էր Ամերիկայում։
– Հայաստանը շատ փոքր երկիր է եւ հիմա շրջափակման մեջ է։ Փակ սահմանները ազդում են միայն տնտեսությա՞ն, թե՞ նաեւ մշակույթի զարգացման վրա։
– Փոքր երկրները միշտ էլ պրոբլեմներ են ունենում։ Կարծում եմ` շատ բան կախված է երկրի տնտեսական մակարդակից։ Մարդիկ պետք է բավականաչափ ազատություն ու գումար ունենան, որպեսզի կարողանան ճամփորդել աշխարհով մեկ։ Ես հիմա փորձում եմ շատ զգույշ ձեւակերպել իմ ասածը, սակայն վստահ եմ, որ եթե բարձրանա երկրի տնտեսության մակարդակը, մարդիկ ավելի ազատ կդառնան։ Եվ այդ դեպքում երկրի փոքր կամ մեծ լինելը նշանակություն չի ունենա։
– ԱՄՆ-ը աշխարհի ամենաազատ երկիրը համարո՞ւմ եք։
– Ամերիկան ազատ երկիր է, եւ այդ ազատությունը ամերիկացիները հենց իրենց երկրի ցուցափեղկում են տեղադրել։ Մենք բազմաթիվ եւ իրարից շատ տարբեր էթնիկ համայնքների համար ինքնադրսեւորվելու եւ իրար վրա փոխազդելու դաշտ ենք ստեղծել։ Նյու Յորքն, օրինակ, աշխարհի երեսին գոյություն ունեցող գրեթե բոլոր էթնոսների կոմբինացիա է ստեղծել, որի անունն է` նյույորքցի։ Դրա շնորհիվ բազմազան կուլտուրաներ են իրար խառնվում։ Այդ պատկերն, իհարկե, ես Հայաստանում չեմ տեսնում, ինչպես չեմ տեսնում նաեւ Ճապոնիայում եւ շատ ու շատ այլ երկրներում։ Նյու Յորքում ես կարող եմ հայկական, ճապոնական կամ ցանկացած այլ ազգի երաժշտություն լսել, կարող եմ տարբեր տեսակի շոուներ դիտել։ Տեսնելով ու լսելով բազմազանությունը, ես ինքս էլ եմ բազմազան դառնում։ Որպես անձնավորություն՝ ես մեծացել ու ձեւավորվել եմ Նյու Յորքում, ուրիշ քաղաքում ես չէի կարողանա դառնալ այն, ինչ դարձա։
– Փաստորեն, իմիգրացիան օգնում է մշակույթի զարգացմանը։
– Այո, իհարկե, իմիգրանտները բազմազանություն են բերում իրենց հետ, իսկ բազմազանությունն առավելապես հարկավոր է հենց երաժիշտներին։ Համոզված եմ, որ եթե Օկլահոմա նահանգի Ցինցինատի քաղաքում ապրեի, չէի իմանա այլ ազգերի երաժշտության մասին եւ ավելի «աղքատ» երաժշտություն կկատարեի։ Երաժշտին միշտ հարկավոր է նորը որոնել։ Եվ շատ հաճախ մենք գալիս ենք Հայաստանի նման երկրներ՝ Հունաստան կամ Թուրքիա, որպեսզի գտնենք այդ նորը, ավելի մոտ լինենք նորի արմատներին։ Ձեր երկրի նման երկրները երաժիշտների զարգանալու համար հիանալի հնարավորություններ են բացում։ Ինձ համար մեծ պատիվ է ձեր երկրում գտնվելն ու ելույթ ունենալը։ Ես շանս եմ ստացել լինել իմ հայ ընկերների հայրենիքում եւ ծանոթանալ հայ երաժիշտների հետ։ Բացի մշակութային փորձառությունից, ես նաեւ ավելի շատ բան իմացա Հայաստանի պատմության մասին։ Ես եղա Եղեռնի թանգարանում եւ կարծում եմ, որ Հայաստանի մասին իմ իմացությունը փոքր-ինչ լայնացավ։
– Դուք մեծ հեղինակություն եք աշխարհում, սակայն, ամեն դեպքում, դուք պակաս պոպուլյար եք, քան, ասենք, Բրիթնի Սփիրսը։ Դա նորմա՞լ է։
– Դա հիվանդագին երեւույթ է։ Բրիթնի Սփիրսը հարգանք չի վայելում, նա պարզապես պոպուլյար է։ Նրան պոպուլյար են դարձնում թերթերն ու ամսագրերը, եւ դա անում են ոչ թե նրա երաժշտական ունակությունների, այլ՝ նրա «վատ» արարքների համար։ Ի դեպ, նա բնավ էլ երգելու տաղանդ չունի, նրա տաղանդավոր լինելը կախված է ահռելի ծավալի հասած «արտադրամասերից»՝ պարողներից, երգիչներից, ոճաբաններից։ Եվ այդ ամենն անցնում է տանելիության սահմանները։ Ընդհանրապես երաժշտի պոպուլյար լինելը հազվադեպ է կախված լինում նրա կարողություններից, ավելի շատ կախված է լինում ձեր՝ լրագրողների մոտեցումից։ Լրագրողներին ավելի շատ հետաքրքրում է երգչի վարքագիծը, սկանդալները, որոնց մեջ նա պարբերաբար «ընկնում» է։ Բայց ես երջանիկ եմ, քանի որ մարդիկ ինձ եւ իմ կատեգորիայի արտիստներին սիրում են հենց մեր ընդունակությունների համար։ Մեզ հարգում են, թեեւ մեզանից շատերը խենթ պոպուլյարություն չունեն։ Հարգանքը ես երբեք չեմ փոխի պոպուլյարության հետ։
– Ձեր ստեղծագործությունները դասական գործեր են համարվում։ Ինչո՞ւմ է դա արտահայտվում։
– Կոմպոզիցիաների կառուցվածքի սկզբունքի մեջ կարելի է դասական կամ նորարար լինել։ Այո, իմ ստեղծագործությունները դասական են, քանի որ դասական սկզբունքով են կառուցված։ Ես օգտագործում եմ ժամանակակից երաժշտական գործիքները, բայց նվագախմբի դասական օրենքներով եմ պարտիտուրան գրում։ Ես կարծում եմ, որ իմպրովիզացիան չի կարելի չարաշահել, հանդիսատեսը կարող է ընդունել իմպրովիզացիան, բայց, միեւնույն է, ցանկանում է մեղեդի լսել։ Ես հիմնվում եմ մեղեդու վրա։
– Դուք ազգությամբ իտալացի եք։ Ձեզ ավելի շատ իտալացի՞ եք համարում, թե՞ ամերիկացի։
– Իհա՛րկե իտալացի։ Ես իտալական ամեն ինչը սիրում եմ։ Նույնիսկ մեկ-մեկ, լարված պահերին, իտալերեն լեզվով եմ հայհոյում։
– Իպանիայում ասում են, որ երբ մարդը դիպչում է կիթառին, կիթառը պետք է լաց լինի։ Դա այդպե՞ս է։
– Առաջին հերթին լաց լինելու պատրաստ է լինում մարդկային ձայնը։ Հետո՝ այո, կիթառը։ Կիթառը լաց լինողների ցանկում երկրորդն է։ Բայց կիթառն ունակ է շատ բան անել, ոչ միայն պարզապես լաց լինել, այլեւ՝ քաջություն նվագել, մեղեդի ստեղծել, գլիսանդո նվագել։ Կիթառը ձայն է արարում… Ձայնին ձեւ է տալիս մարդու մարմինը, մարդկային էությունը, մարդն ինքն է իր ձեռքերով ձայն ստեղծում։ Ձայնի արարումը ֆիզիկական երեւույթ է, իսկ կիթառի երաժշտությունը ֆիզիկապես տեսանելի է։ Կիթառի ձայնը բնավ էլ նման չէ դաշնամուրի, հարվածայինների կամ փողայինների ձայնին։ Այն առավել տեսանելի է։
– Ինչո՞ւ։
– Փողային գործիքները նվագում են փչելով, եւ ձայնը ծնվում է մարդուց հեռու։ Իսկ կիթառի ձայնը հենց մարդու ներսում է արարվում, ծնվում է հենց այնտեղից, որտեղ ենթադրաբար պետք է լինի մարդու ոգին։ Կիթառի ձայնը «ներսի» ձայն է, որը մարդու ներս է թափանցում։ Հետաքրքի՞ր եմ բացատրում։
– Շատ։ Իսկ քանի՞ կիթառ ունեք։
– Չեմ հաշվել, դրանք շատ են։
– Հազարից ավելի՞։
– Նրանք մոտավորապես այնքան են, որքան իմ ընկերուհիների քանակը։
– Հազարից ավելի՞։
– Այո։ Իսկ գիտե՞ք, որ ես որոշել եմ հայ աղջկա հետ ամուսնանալ, ես սիրահարվել եմ ձեր ամենագեղեցիկ աղջկան՝ Լուսինե Թովմասյանին։ Ուզում եմ նրան ամուսնության առաջարկ անել։ Իսկ եթե ցանկանում եք ավելի լուրջ վերջաբան ասեմ՝ կասեմ. ամեն ինչում պետք է կիրք լինի։