Ներկա եւ ապագա վարչապետը

17/09/2007

Ռուսաստանի Պետդուման երեկ կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատել է Վլադիմիր Պուտինի առաջադրած՝ Վիկտոր Զուբկովի թեկնածությունը: 450 տեղանոց խորհրդարանում նրա օգտին քվեարկել է 381, դեմ՝ 47 պատգամավոր: Դեմ են քվեարկել կոմունիստները, ովքեր հայտարարել էին առաջարկվող թեկնածության՝ իրենց համար անընդունելի լինելու մասին: Ռուսաստանյան խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝«Եդինայա Ռոսիան», ինչպեսեւ լիբերալ-դեմոկրատները, նախկին «Ռոդինա» խմբակցության հիմքի վրա ձեւավորված «Սպրավեդլիվայա Ռոսիա» պատգամավորական խումբը նախապես հայտարարել էին Զուբկովի թեկնածության օգտին քվեարկելու իրենց մտադրության մասին: Իսկ «Կոմերսանտ» թերթը երեկ ենթադրել է, որ Զուբկովը վարչապետ կմնա նաեւ հաջորդ նախագահի օրոք: «Հենց նախագահի խոսքերը վկայում են, որ պարոն Զուբկովը պետք է մարմնավորի շարունակականություն՝ որպես հին վարչապետ՝ նոր նախագահի օրոք»,- գրում է մոսկովյան թերթը: Թեեւ Վիկտոր Զուբկովը չէր բացառել իր առաջադրումը 2008 թվականի մարտի 2-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում, վերլուծաբանները շարունակում են Ռուսաստանի հաջորդ նախագահի հիմնական հավակնորդներ համարել երկու փոխվարչապետներին՝ Սերգեյ Իվանովին ու Դմիտրի Մեդվեդեւին: