Մնացին իշխանությունները

17/09/2007

Հայաստանի բջջային երկրորդ օպերատոր համարվող «Վիվա Սելլ» ընկերության ղեկավարությունը երեկ Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնապես հաստատել է «Վիվա Սելլը» ռուսական MTS ընկերությանը վաճառելու մասին տեղեկությունը, որը շրջանառվում էր վերջին մի քանի ամիսներին: Ըստ այդմ, MTS-ը գնել է «Վիվա Սելլի» բաժնետոմսերի 80 տոկոսը` 310 մլն եվրոյով: Բաժնետոմսերի մնացած 20 տոկոսը, ըստ պայմանագրի, MTS-ին է վաճառվելու 2010թ. հուլիսին, իսկ դրանց գինը որոշվելու է միջազգային անկախ բանկի գնահատականի հիման վրա: Փաստորեն, Հայաստանի հերթական` հեռահաղորդակցության ոլորտը եւս անցավ Ռուսաստանի ենթակայությանը, քանի որ «ԱրմենՏել» ընկերությունն էլ, ինչպես հայտնի է, պատկանում է ռուսական մեկ այլ` «ՎիմպելԿոմ» ընկերությանը: Ուղղակի հիշեցնենք, որ ռուսներին են պատկանում նաեւ Հայաստանի էներգետիկ հիմնական հզորությունները, ատոմակայանը, Իրան-Հայաստան նորակառույց գազամուղը, արդյունաբերական բազմաթիվ գործարաններ, մի քանի խոշոր հայկական բանկեր եւ այլ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ: Մնացին իշխանությունները: