Քոչարյանը սկսել է ընկերական այցերը

17/09/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրավերով այսօր մեկօրյա ոչ պաշտոնական, «ընկերական» այցով Վրաստան, ավելի կոնկրետ՝ Բաթում է մեկնելու ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Վերջինս հոկտեմբերի առաջին տասնօրյակում կմասնակցի Դուշանբեում կայանալիք ԱՊՀ հերթական գագաթաժողովին: Նույն օրերին կմասնակցի նաեւ դարձյալ Դուշանբեում կայանալիք Եվրազեսի գագաթաժողովին (Հայաստանն այստեղ մասնակցում է դիտորդի կարգավիճակով): Այնուհետեւ, հավանաբար հոկտեմբերի 10-12-ին, Ռ. Քոչարյանը կլինի Բրյուսելում, որտեղ կհանդիպի եվրակառույցների ղեկավարների հետ, իսկ նոյեմբերի առաջին տասնօրյակում նա պաշտոնական այցով կմեկնի Ֆինլանդիա: Այս ամենի մասին երեկ հրավիրած ասուլիսում տեղեկացրեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով՝ մինչեւ տարեվերջ կլինեն նաեւ այլ այցեր, սպասվում են նաեւ այլ երկրների ղեկավարների այցեր Հայաստան, սակայն ժամկետների առումով դեռ հստակություն չկա: Նախագահի խոսնակը երեկ նաեւ նշեց, թե իր հաջորդ ասուլիսը կլինի հավանաբար փետրվարին կամ «երբ ասելիք լինի»: Դժվար է ասել, թե հատկապես ի՞նչ ասելիք տեղ հասցնելու համար էր հրավիրվել երեկվա ասուլիսը, քանզի վերոնշյալ նախաբանից հետո Վ. Սողոմոնյանն արդեն սկսեց պատասխանել լրագրողների հարցերին: Ինչեւէ, երեկվա հարցուպատասխանից պարզ դարձավ, որ, օրինակ՝ չի բացառվում, որ հոկտեմբերին Դուշանբեում տեղի ունենա Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը: Դա, ըստ Վ. Սողոմոնյանի, կախված է համանախագահների տարածաշրջանային առաջիկա այցի արդյունքներից: Իսկ համանախագահների այդ այցից պաշտոնական Երեւանն ակնկալում է այն, ինչ միշտ ակնկալել է. աշխատել սեղանին դրված փաստաթղթի վրա եւ փորձել մոտեցնել կողմերի դիրքորոշումները: Վ. Սողոմոնյանը երեկ կրկնեց Ռ. Քոչարյանի այն հայտարարությունը, որ եթե ԼՂ հարցով բանակցային գործընթացն արդյունք չտա, Հայաստանի պատասխան «քայլերից մեկը կարող է լինել ԼՂ ճանաչումը»: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ԱԺ ներկայացրած՝ ՀՀ կողմից ԼՂ-ն ճանաչելու օրինագծերին, ըստ Վ. Սողոմոնյանի, այն տեղին չէր: «Պարտությունն առանձին մեծամասնական ընտրատարածքում չի նշանակում, որ պետք է փորձել ինչ-որ քաղաքական առավելության հասնել Լեռնային Ղարաբաղի հաշվին: Կարծում եմ՝ անընդունելի է»,- շարունակեց նա: Անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին. նախագահի մամուլի քարտուղարը նշեց, թե Թուրքիայի նախկին արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի՝ այդ երկրի նախագահ դառնալուց հետո Հայաստանը հայ-թուրքական հարաբերության բարելավման ուղղությամբ «որեւէ ակնկալիք չունի»:

Հռետորական հարց՝ փորձառու գործչի մասին

Բնականաբար երեկվա ասուլիսում չշրջանցվեց ՀՀ նախագահի առաջիկա ընտրության թեման: Լրագրողներին մասնավորապես հետաքրքրում էր, թե Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է տալու այն մարդու անունը, ում ինքը կցանկանար իրենից հետո տեսնել ՀՀ նախագահի պաշտոնում: «Հանրապետության նախագահն այդ անունը, կարծում եմ, արդեն տվել է: Ես զարմանում եմ, որ հարցնում եք, որովհետեւ արդեն 1-2 առիթ եղել է, եւ նախագահը հստակ ասել է, որ հանրապետության հաջորդ նախագահի պաշտոնում պատկերացնում է գործող վարչապետին: Այդ մասին նա ասել է, ես ձեզ ուղղակի հիշեցնեմ, մասնավորապես, օրինակ՝ «Շպիգելին» տված հարցազրույցի ընթացքում, որտեղ լրագրողի ուղիղ հարցին, թե՝ արդյոք կսատարե՞ք նրա թեկնածությանը, ուղիղ պատասխանել է՝ այո, կսատարեմ,- նշեց Վ. Սողոմոնյանն ու հավելեց,- Ինչո՞ւ է դա այդպես: Կարող եմ նաեւ դա բացատրել: Ակնհայտ է, որ Հայաստանում չկա այլ քաղաքական գործիչ, որն այդքան փորձառու է եւ ի զորու է իրականացնել այդ լիազորությունը: Այո՛, կա այդպիսի թեկնածու. դա գործող վարչապետ Սերժ Սարգսյանն է»: Իսկ Ռ. Քոչարյանի այս դիրքորոշումը չի՞ փոխվելու: «Ոչ»,- վստահեցրեց նրա խոսնակը: Ինչպես նկատեցիք, որպես Ռ. Քոչարյանի կողմից Ս. Սարգսյանին սատարելու հիմնավորում՝ նշվեց վերջինիս փորձառությունը: Լրագրողներից մեկը Վ. Սողոմոնյանին հիշեցրեց, որ «փորձառու» Սերժ Սարգսյանի նախկին պաշտոններում պաշտոնավարման ժամանակ եղել են «լուրջ ձախողումներ՝ ողբերգական հետեւանքներով» (տվյալ դեպքում խոսքը «Հոկտեմբերի 27»-ի մասին է): Սերժ Սարգսյանին սատարելիս այս հանգամանքը հաշվի առնվո՞ւմ է: Այս հարցին Վիկտոր Սողոմոնյանի պատասխանը միանշանակ չէր. «Կարծում եմ՝ հռետորական հարց է»: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանը նախագահի առաջիկա ընտրությանը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրմանը: Ըստ Վ. Սողոմոնյանի՝ հանգիստ: «Տեր-Պետրոսյանի առաջադրմանը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու, հանգիստ ենք վերաբերվում: Ինքը պետք է որոշի իր քայլերի նպատակահարմարությունը»,- նշեց նա: Իսկ ինչպե՞ս է Ռ. Քոչարյանը վերաբերվում այն փաստին, որ իշխանության մաս կազմող Դաշնակցությունը պատրաստվում է նախագահի առաջիկա ընտրությանը մասնակցել սեփական թեկնածուով եւ չսատարել Ռ. Քոչարյանի կողմից սատարվող Ս. Սարգսյանին: Թեեւ Վ. Սողոմոնյանը նշեց, թե այդ մասին կարելի է խոսել միայն այն բանից հետո, երբ ՀՅԴ-ն կորոշի սեփական թեկնածուով մասնակցել, սակայն խոսնակի խոսքում նաեւ մի տեսակ ակնարկ էր նկատվում, որ ՀՅԴ-ն գուցեեւ սեփական թեկնածուով հանդես չգա: