Խորհրդարանական խումբ-խմբակցությունների այս նստաշրջանի երեկվա առաջին ճեպազրույցի հիմնական թեման «Ժառանգության» ներկայացրած Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին օրինագիծն էր, որն ԱԳ նախկին նախարար, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը (նա է օրինագծի հեղինակը) որոշել է անպայման մտցնել ԱԺ օրակարգ:
Զուգահեռաբար պատգամավորները նաեւ իրենց տեսակետներն էին արտահայտում Դաշնակցության հայտարարության առնչությամբ, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներն անարդյունավետ լինելու դեպքում` իրենք հայտարարելու են ԼՂՀ-ն Հայաստանին միացնելու անհրաժեշտության մասին:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը չցանկացավ մեկնաբանել իր ղեկավարի հեղինակած օրինագիծը, միայն նշեց, թե` «Մի կողմ թողնելով Րաֆֆի Հովհաննիսյանի` միջազգային իրավունքի բավականին լավ կրթություն ունենալու հանգամանքը, այնուամենայնիվ, ժամանակին էլ լինելով ՀՀ առաջին ԱԳ նախարարը բավականին ծանր ժամանակաշրջանում եւ զրոյից հիմնադրելով ԱԳ նախարարությունը, նաեւ այդ պաշտոնից դուրս` լինելով միջազգային քաղաքականության մեջ եւ ՀՀ-ն երբեմն ներկայացնելով ամենատարբեր վեհաժողովներում, կարծում եմ` նա հրաշալի գիտի այս խնդրի հետ կապված բոլոր նրբերանգներն ու նրբությունները»: «Ժառանգության» քարտուղարը տեղյակ չէր նաեւ, թե իր ղեկավարն այս օրինագիծը ներկայացնելիս արդյոք խորհրդակցե՞լ է համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների հետ` հաշվի առնելով ԼՂՀ խնդրի «նրբությունները», թե՞ ոչ: Սաֆարյանի խոսքից նաեւ պարզ դարձավ, որ նա տեղյակ չէ նույնիսկ, թե ինչպիսին է եղել ԱԳՆ-ի արձագանքն իր ղեկավարի առաջադրած օրինագծի վերաբերյալ: «Համենայնդեպս, ԱԳՆ-ի արձագանքը եղել է բավականին զուսպ, չեզոք, եւ օրինագծի ներկայացման վերաբերյալ ԱԳՆ խոսնակն ասել է, թե իրենք հետեւում են զարգացումներին»,- ասաց Սաֆարյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ եթե նախկինում ԱԺ քաղաքական ուժերը համակարծիք էին գոնե ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումներում, ապա այսօր տարբեր մոտեցումներ են հնչեցնում, «Հանրապետական» խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Սա այն հարցերից է, որ քաղաքական բոլոր ուժերը պետք է ունենան ընդհանրական վերաբերմունք: Մենք այդ հարցի վերաբերյալ հստակ արտահայտել ենք մեր տեսակետն ու բերել ենք բոլոր հիմնավորումները, թե ինչու ենք այդպես մտածում: Իսկ այսօր հրապարակ է բերվում մի փաստ, որով փոփոխություններ են առաջարկում այս հարցի վերաբերյալ, ինչը մեզ համար ընկալելի չէ: Դրանով մենք միջազգային հանրությանն ընդամենն ասում ենք, որ մենք առաջարկում ենք մեր մոտեցումը` առանց հաշվի առնելու միջազգային հանրության կարծիքը, եւ ինքնուրույն ենք որոշում այս հարցի լուծման ճանապարհը: Կարծում եմ` սա այն հարցն է, որի վերաբերյալ գոնե քաղաքական ուժերը պետք է ընդհանրացված մոտեցում ցուցաբերեն»: ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավարի խոսքով, հաշվի առնելով նախկին փորձը, անհրաժեշտ է ԱԺ քաղաքական ուժերի հետ բանակցել եւ մեկ փաստաթուղթ ձեւավորել ԼՂՀ հիմնահարցի շուրջ: «Դա մեզ հնարավորություն է տալիս` դիմակայելու բազմաթիվ փորձությունների»,- ասաց նա: Հիշեցմանը, թե ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն արդյոք տեղյակ չէ՞ ԵԽ ԽՎ 1416 բանաձեւի այն ձեւակերպմանը, որտեղ ասվում է, որ ԼՂՀ-ն կարող է անջատվել Ադրբեջանից ժողովրդավարական մեխանիզմներով եւ ԼՂՀ բնակչության ժողովրդավարական աջակցության (այսինքն` հանրաքվեի) միջոցով, իսկ Հայաստանին միանալու դեպքում դա ճանաչվելու է որպես ԵԽ անդամ երկրի ագրեսիա մեկ այլ անդամ երկրի նկատմամբ, ԼՂՀ-ն Հայաստանին միացնելու մասին «ուլտիմատում» ներկայացրած ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Իսկապես ԼՂՀ հիմնախնդիրը շատ նուրբ հարց է, եւ չպետք է պարզապես էմոցիաներով շարժվել: Այն, ինչ ասել է մեր խմբակցությունն այս նստաշրջանի ընթացքում, կարծում եմ, ոչ միայն իրար չեն հակասում, այլեւ գործում են ի նպաստ ԼՂՀ հիմնախնդրի լուծման: Խնդիրն այն է, որ եթե մենք՝ շրջանառության մեջ դնելով այս օրինագիծը, պետք է որեւէ ձեւով խոչընդոտենք խաղաղ բանակցությունների գործընթացին, ապա այս օրինագիծը պետք չէ: Եվ եթե իսկապես Ադրբեջանը շարունակի եւ պնդի իր ռազմատենչ հայտարարությունները, այո, մենք պետք է գնանք մեր մաքսիմալին: Այն է` ԼՂՀ-ն պետք է լինի Հայաստանի մի մասը»: