«Չի կարելի միանգամից քանդել»,-ասում է «Ջրային պետական կոմիտեի» նախագահ Անդրանիկ Անդրեասյանը

17/09/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

– Հայաստանում ծառայություններ մատուցող ընկերությունները`գազ, էլէներգիա, հեռախոս, արդեն վաղուց համարվում են կայացած եւ շահույթով աշխատող կազմակերպություններ: Այստեղ բացառություն է կազմում ջրային համակարգը, այն էլ, երբ ընկերությունների համար հումքի` ջրի ստացման ինքնարժեքը գրեթե զրո է կազմում:

– Ջրի ոլորտում մինչ այսօր էլ ավարտված չէ սակագնային ռեֆորմը, ի տարբերություն մյուս համակարգերի: Սակագները չեն ծածկում նույնիսկ ընթացիկ ծախսերը։ Բացառություն է «Երեւանջուրը», որը նախորդ տարի անցնելով վարձակալության պայմանագրի, կտրվեց պետությունից ստացվող սուբսիդիաներից եւ անգամ առաջընթաց ունի հարկերի վճարման ուղղությամբ: Այս տարի «Երեւանջրի» հարկային պարտավորությունները կհասնեն 1,5մլրդ դրամի:

– Վերջերս «Երեւանջուրը» ջրի սակագնի՝ 4 դրամով բարձրացման հայտեր էր ներկայացրել կարգավորող մարմնին: Հիմնավորվա՞ծ է արդյոք Երեւանում խմելու ջրի սակագնի հետագա բարձրացումը:

– Երեւանում 173 դրամ է սահմանվել ջրի սակագինը, եւ այս գինը վերջնական է: Հետագա 10 տարիներին այս սակագինը պետք է իջնի: Արդեն 4-5-րդ տարում սակագինը պետք է իջնի մինչեւ 129 դրամ եւ գումարվի «Երեւանջրի» առաջարկած 4 դրամը, իսկ 10 տարի հետո սակագինը պետք է լինի 75 դրամ: Իհարկե, սակագինն ամբողջությամբ չի ծածկում կապիտալ ծախսերը, այն լրացվում է վարկային միջոցների հաշվին: Երեւանում դեռեւս ունենք ծառայությունների որակի (շուրջօրյա ջրամատակարարման) բարձրացման խնդիր, իսկ սրա համար էլ պետք է գործ անել: Ես կախարդական փայտիկ չունեմ, որ միանգամից փոխարինվի 3000 կմ ներքին ցանց, 1000կմ արտաքին ցանց, տասնյակ հիդրոտեխնիկական կառույցներ, ջրամբարներ, պոմպակայաններ: Տեխնիկական կորուստների վերացման միակ ձեւը ներդրումներ կատարելն է: ՀԲ-ի 30մլն դոլարի վարկը հիմնականում ծախսվել է արտաքին համակարգերի վրա, երկրորդ վարկը գնացել է առանձին հատվածների վրա, եւ հիմա փորձում ենք Ֆրանսիայի կառավարությունից երրորդ վարկի միջոցներով գործ անել ներքին ցանցի վրա: Ներքին ցանցն էլ պետք է աստիճանաբար վերանորոգել, չի կարելի ամբողջ Երեւանը միանգամից քանդել:

– Որքան ավելանում են ներդրումները, այնքան մեծանում են ջրային համակարգի կորուստները: Եթե առաջներում խոսվում էր 60-70 տոկոս կորուստի մասին, ներկայումս այն 80-90 տոկոս է կազմում: Գուցե ժամանա՞կն է մտածել առեւտրային կորուստների մասին եւ ջրի վարձը գանձել նաեւ խոշոր սպառողներից` սաունաներից ու լողավազաններից:

– Երեւանում ջրի կորուստները մոտ 80 տոկոս են կազմում: Եվ ես էլ միամիտ չեմ, որ կարծեմ, թե 80 տոկոսն էլ արդարացված կորուստ է: Համոզված եմ նաեւ, որ համակարգում չարաշահումներ կան, բայց եւ համոզված եմ, որ այդ չարաշահումները կազմակերպված չեն: Մոտ 300 տեսուչ է աշխատում, ո՞վ կարող է երաշխավորել, որ բոլորն էլ ազնիվ են աշխատում: Վերջին երկու ամսում 20 տեսուչ են ազատել աշխատանքից: Խոշոր սպառողների համար «Երեւանջուրն» առանձին տեսչություն է ստեղծել, եւ մի ամիս հետո պայմանավորվածությունների գնալը դժվար է լինելու: Մյուս կողմից էլ՝ կորուստները մեծանում են ոչ ճիշտ հաշվարկների պատճառով: Առաջ մենք հաշվում էինք, որ բնակիչն օրական սպառում է 400լ ջուր: Իսկ ջրաչափի տեղադրման դեպքում արդեն հստակ է, որ սպառողը շատ ավելի քիչ է ծախսում: Ահա այս տարբերության հաշվին էլ ավելանում են կորուստները: Այդ կորուստը նախկինում էլ կար, որը մենք հաշվում էինք որպես սպառում:

– Ջրի սակագինը մարզերում ավելի ցածր է, քան մայրաքաղաքում: Մինչդեռ մարզերում ջրամատակարարման համակարգի ստեղծումն ավելի թանկ հաճույք է, քան Երեւանում: Ինչո՞ւ մարզային ընկերությունները սակագների բարձրացման հայտ չեն ներկայացրել:

– Մարզերում ներկայումս ջրամատակարարմամբ զբաղվում են չորս ընկերություններ (Լոռի՝ 121 դրամ, Շիրակ՝ 120 դրամ, Նոր Ակունք՝ 150 դրամ եւ «Հայջրմուղ»՝ 141դրամ) եւ չորս սակագին: 500 գյուղում էլ ջրամատակարարման համակարգը համայնքային սեփականություն է: Վերջին տարիներին սակագների բարձրացման հայտ չենք ներկայացրել եւ մեղավոր ենք, որ չենք ներկայացրել: Նաեւ չեմ ուզում բացատրել, թե ինչու չենք հայտ ներկայացրել:

– Մարզերում ինչպիսի՞ն է ջրի վարձի հավաքագրումների մակարդակը:

– «Հայջրմուղն» այս տարի հավաքագրել է 77 տոկոսով՝ նախորդ տարվա 61 տոկոսի համեմատ: 80 տոկոսի չափով էլ այստեղ կորուստներ ունենք, որը վերջնական չէ: Այս տարի 40-50 հազար բաժանորդի մոտ հաշվառման համակարգի ներդրման դեպքում կորուստներն ավելի են մեծանալու: Այսինքն, ավելի ճշգրիտ ենք իմանալու, թե որքան ջուր է սպառում բաժանորդը:

– Եկող տարի ավարտվում է «Հայջրմուղկոյուղու» հավատարմագրային կառավարումը ստանձնած ֆրանսիական «Սաուր» ընկերության պայմանագիրը: Շարունակելո՞ւ է ընկերությունը կառավարման պայմանագիրը, եւ արդյո՞ք նախատեսվում է սակագների վերանայում:

– Պետք է դեռ մտածենք, թե ինչ հաջորդական քայլեր պետք է անենք, որից էլ կախված է պայմանագրի շարունակումը: Եթե կարողանանք լիզինգ-պայմանագիր ապահովել «Հայջրմուղում», ապա սակագները կբերվեն այնպիսի մակարդակի, որ ընկերությունը կհրաժարվի սուբսիդիաներից: Իսկ եթե մենեջմենթ-պայմանագիր լինի, գուցե մենք կարողանանք սակագների բարձրացումն աստիճանաբար կատարել: «Հայջրմուղի» շինարարական աշխատանքները նոր են թափ առնում, եւ աշխատում ենք մի քանի տեղամասերում: Այս աշխատանքների ավարտից հետո միայն հանգիստ կարող ենք խոսել սակագների բարձրացման մասին: