Դալուկ դեմքով, այտուցված ու կարմրած աչքերով Սուսաննան իր ամեն օրվա լուսաբացը բաց աչքերով է դիմավորում: Դժվար է խոսում, քանի որ ֆիզիկապես թույլ է: 6-ամյա Լիանայի բղավոցն ի զորու չէ նույնիսկ ընդհատել, որովհետեւ ծանր գիշեր է լուսացրել:
Լիանան լաց է լինում ու վիրավորված ձայնով մորը պատմում է, թե ինչպես է մանկապարտեզի դաստիարակն իրեն վիրավորել: Ասում է՝ «Չեմ գնալու մանկապարտեզ, ինձ վատ բան են ասել: Դաստիարակն ու դայակը սալաթ էին ուտում, հետո մեր դաստիարակը կշտացավ, էլ չէր ուզում ափսեի միջինն ուտել, դայակին ասեց՝ էս սալաթն էլ չեմ ուզում, մնացորդը տարեք տվեք էն բոմժին: Էլ չեմ գնա մանկապարտեզ, ինձ բոմժ են ասում»: Աղջկա խոսքերը մորն է՛լ ավելի են ուժասպառ անում, ու նա փալասի պես ընկնում է աթոռին: Փոքրիկ այս աղջիկը թեեւ դպրոցական տարիքի է, բայց հագուստ չունենալու պատճառով դպրոց չի հաճախել, իսկ մանկապարտեզումգ
Սուսաննան չորս երեխաների մայր է, ով մինչ այս երեխաներին կերակրում էր մանկապարտեզի խոհանոցում մնացած հին, բորբոսնած ու չոր հացով: Պատահում է` ողորմություն է խնդրում, շիշ հավաքում ու երեխաների համար հաց է գնում: Նրա պատմությունը շատ ծանր ու ցավոտ է: Երեխաների հետ այժմ ապրում է Շենգավիթ համայնքում գտնվող մի սեփական տան մեջ, որտեղից վարձավճարը չվճարելու պատճառով տանտերը շուտով նրանց դուրս կվռնդի: Դրանից առաջ չորս երեխաների հետ ապրել է փողոցներում, գիշերել են կանգառների նստարանների վրա, անգամ շենքերի մուտքերում: Փողոցում ապրելու դժվարություններին չի դիմացել, կաթված է ստացել, իսկ հիմա գլխացավերը նրան տանում են մահվան դուռը: Սուսաննան վախենում է երեխաների համար: Ասում է, որ երկու անգամ երեխաներին տարել է մանկատուն, բայց մանկատան մուտքի մոտ հասնելուն պես լաց լինելով, նրանց գրկած հետ է վերադարձել։ «Չեմ դիմանա: Շատ է լինում, որ փակուղին չեմ կարողանում հաղթահարել, ամեն օր է էդպես: Բայց իմ կյանքի իմաստը երեխաներս են, եթե նրանք չլինեն՝ ես չեմ ապրի»,- ասում է Սուսաննան ու լաց է լինում: Խոսելու-կիսվելու կարիք ունի, բայց խոսելիս էլ չի կարողանում լացը զսպել: Լիանան, հավանաբար, հոգեբանի կարիք ունի, նա ծանր սթրեսային վիճակում է, ու նրան լսել է պետք: Ասում է, որ մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել, սակայն չի համարձակվել. «Էս վերջերս գնացի կամրջի վրա կանգնեցի, էլ ելք չկար, ուզում էի կյանքիս վերջ տալ, բայց երեխաներսգ նրանք ինձ շատ են ճնշում էդ հարցում, թե չէ՝ ես էլ չեմ ուզում ապրել»:
13-ամյա Արթուրը դպրոցական է, իսկ քույրերն ու եղբայրը հիմնականում սնվում են մանկապարտեզում: Այսօր նրանք քաղցած են: Սուսաննան ընդգրկված է «Փարոսի» նպաստառուների ցանկում եւ ստանում է 33.000 դրամ: «Մեր ամսվա գումարը դա է, բայց, հավատացե՛ք, երեխեքս սոված են մնում»,- ասում է նա, ով պատրաստ է հավաքարարություն անելով գումար վաստակել, սակայն երեխաներին խնամող չկա: Սուսաննան միայնակ է, դժբախտացել է եւ չորս երեխաներից ու իրենից երես են թեքել նաեւ իր ծնողները: «Ամուսնացա, Արթուրիկիս ունեցա, բայց դժբախտ ամուսնություն էր, բաժանվեցինք,- պատմում է նա: -Որոշ ժամանակ անց ծանոթացա երկրորդ ամուսնուս հետ, հարեւաններ ենք եղել: Որոշ ժամանակ անց որոշեցինք ամուսնանալ: Շատ լավ ենք ապրել, ունեցել ենք երեք երեխա, ու նա Արթուրիս էլ հարազատ երեխայի պես է վերաբերվել: Մայրը Ղազախստանում էր ապրում, եկավ էստեղ, ու կոշմարը սկսվեց»: Սուսաննայի ամուսնու՝ Հովհաննեսի մայրն իմացել է, որ հարսն ամուսնացած-բաժանված է: Տղային ստիպել է թողնել կնոջը: «Սկեսուրս երբ իմացավ, որ ես բաժանված եմ եղել՝ մեզ տնից վռնդեց, որովհետեւ ամուսինս ինձնից երես չթեքեց»,- պատմում է նա՝ ասելով, որ ամուսնու ու երեխաների հետ մի քանի տարի վարձով են ապրել: Ասում է, որ Հովհաննեսը շատ լավ ամուսին ու հայր է եղել, «Փեթակում» ապակեղենի բաժնում պահեստապետ է աշխատել: Սակայն գողություն է արել: Սուսաննան հոր հետ Ոստիկանությունում խնդրել-աղաչել է, որ չձերբակալեն ու երեխաներին որբ չթողնեն: Խղճացել, բաց են թողել՝ պայմանով, որ մի քանի հազար դոլար արժողությամբ ապրանքի գումարն աշխատելով կմարի: «Օրական 17.000 դրամ պիտի վճարեր, որ էդ պարտքը փակեր: Ես չեմ իմացել, որ արկղերով ապակեղենը տարել ու ընկերոջ հետ վերավաճառել է գյուղերում: Աշխատածը շեֆը վերցնում էր, մենք էլ չէինք կարող արդեն վարձով ապրել: 6 ամիս մամայենց տանը մնացինք, բայց էլ չէին թողնում, դուրս էին հանում: Սկեսուրս իմանում է, որ պատմությունների մեջ է ընկել, նորից Ղազախստանից գալիս է: Ինձ ու երեխաներին ահավոր ծեծում է: Ասում է՝ մարդուդ էլ չես տեսնելու»,- պատմում է Սուսաննան, ով այդ ամենից հետո ամուսնուն փնտրելու նպատակով իսկապես ընկել է դռնեդուռ: Ստիպված երեխաների հետ գնում է «Փեթակ», որտեղից ամուսինը վռնդում է՝ ասելով, որ բաժանվում է իրենից: «Ասեց՝ դու գնա ու գլխիդ ճարը տես, ոնց ուզում ես՝ երեխեքիդ պահի: Չես կարում պահես՝ տուր մանկատուն, ես չեմ ուզում քեզ ու երեխեքին»: Դրանից հետո Սուսաննային երեխաների հետ վռնդում են նաեւ իր ծնողները: «Հայրս ասում էր՝ մեզ չլսեցիր, ամուսնացար, հիմա ինչ ուզում ես՝ արա: Մենք հազիվ ենք մեզ պահում, քո 4 երեխեքին ո՞նց պահենք: Գնա մարդուդ դատարան տուր,- կատարվածը վերհիշելով՝ հուզված պատմում է Սուսաննան: -Ուր գնում էի՝ վռնդում էին, ասում էին՝ մի երեխա չի, 4-ին ո՞նց պահենք»: Ասում է, որ ինչ ունի՝ վաճառել-հաց է գնել, որ երեխաները փողոցներում սովամահ չլինեն: Ոսկե մատանին հացի հետ փոխանակել է, հագուստները 100 դրամով է վաճառել: «Շորերս դնում էի ցելոֆանի մեջ, դռները ծեծում, ասում էի՝ 100 դրամով վերցրեք, մենակ թե հաց գնեմ, երեխեքս սոված չմեռնեն: Դուրսն էինք քնում, երեխեքս հողի վրա գիշերներ են անցկացրել` ցրտին, անձրեւին, քամուն: Երեխեքս ծարավից մեռնում էին, բայց ոչ ոք ջուր չէր տալիս: Բոլորն ասում էին՝ գնա քաղաքապետարան, թող օգնեն, բայց ամաչում էի»: Տեսնելով, որ այլեւս ելք չկա՝ Սուսաննան կրկին երեխաների հետ գնում է «Փեթակ»՝ ամուսնուն տեսնելու: «Աշխատողին ասում եմ՝ ուզում եմ իրեն տեսնել, ո՞ւր է: Ասում է՝ էսօր իրա հարսանիքն ա, չգիտեի՞ր»: Այս լուրը լսելուց հետո Սուսաննան ուշաթափվում է: Փողոցներում երեխաների հետ մի քանի ամիս թափառելով՝ մի կերպ օրեր է լուսացնում, մինչեւ նրան վարձակալությամբ տալիս են փոքրիկ այս խուցը: Ասում է, որ վերջերս իմացել է ամուսնու երկրորդ կնոջ ապահարզանի մասին: Կինը նոր է պարզել, որ Հովհաննեսն ամուսնացած է եւ ունի երեխաներ: Սուսաննան ամուսնուց ուրիշ ոչ մի տեղեկություն չունի:
«Հոգնել եմ սպասելուց, արդեն գիտեմ, որ չի գա, բայց երեխաներիս վիճակը շատ վատ է, թե չէ՝ ինքը ինձ պետք չի: Սաղ սուտ ա: Էլ չեմ կարում հացի փող հավաքելով երեխա պահել: 25.000 տան վարձ պիտի տամ, 3000 էլ՝ լույսի փող: Չեմ կարա, նորից փողոցներն ենք ընկնելու, երեխեքս էլ չեն դիմանա, հաստատ գիտեմ»: Մանկապարտեզում հնացած, թափելու ճաշերը Սուսաննան բերում էր տուն, որ երեխաներն ուտեն, սակայն նրանք այլեւս չեն գնա մանկապարտեզ, որովհետեւ իրենց այնտեղ «բոմժ» են անվանում: Խանութների աշխատողներն այլեւս նրան պարտքով հաց չեն տալիս, որովհետեւ պարտքերի մեծ ցուցակը չի մարվել: Չորս երեխաների ճակատագիրը շատ անորոշ է: Նրանց կրկին սպառնում է փողոցներում գիշերելու վտանգը: