Նրանց զենքը դեմագոգիան է

14/09/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հայաստանի նախագահի առաջիկա ընտրությանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր մասնակցության մասին լուրերն, ինչպես երեւում է, շատ են անհանգստացնում ոմանց, եւ աստիճանաբար ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում առաջին նախագահի նկատմամբ իրականացվող հակաքարոզչությունը:

Ընդ որում, այս գործում իշխանություններն օգտվում են արդեն վաղուց մոռացության մատնված մարդկանց ծառայություններից: Իսկ առաջին նախագահի նկատմամբ իրականացվող հակաքարոզչությունը հիմնականում հեռու է որեւէ տրամաբանված մտքից: Այս գործին լծվածների հիմնական զենքը դեմագոգիան է: Ասվածի ականատեսը եղանք նաեւ երեկ՝ «Հայելի» ակումբում, որի հյուրերն այս անգամ միջին խավ ձեւավորելու գործընթացի առաջամարտիկ, երբեմնի սաստիկ ընդդիմադիր, իսկ այսօր Ռոբերտ Քոչարյանի խորհրդական, ՀԺԱՄ կուսակցության ղեկավար Սեյրան Ավագյանն ու ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանն էին: Բանավեճի հենց սկզբում Ռ. Քոչարյանի խորհրդականը հայտարարեց, թե ինքը ՀՀՇ փոխանախագահին մի քանի հարցեր ունի, որոնք, ըստ նրա, շատ են հուզում հասարակությանը: Ու սկսվեցի՜ն… «մութ ու ցուրտ» տարիների, մազութի եւ Ղարաբաղը «հանձնելու» մասին «լոլոները»: Ի պատասխան՝ Ա. Հովակիմյանը նշեց, թե չէր սպասում նման պրիմիտիվ մակարդակի խոսակցության, սակայն այնուամենայնիվ հիշեցրեց, որ հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում առաջացած էներգետիկ ճգնաժամն առաջինը հաղթահարվել է Հայաստանում՝ ՀՀՇ-ի իշխանության օրոք՝ 1995-ին՝ հրադադարի հաստատումից անմիջապես հետո: Քննարկումը վարող «Հայելի» ակումբի ղեկավարը նկատեց, որ թեեւ, օրինակ՝ երբ

2-րդ աշխարհամարտի տարիներին Լենինգրադը պաշարված էր, մարդկանցից շատերը սովամահ էին լինում ու անասելի զրկանքներ կրում, սակայն այսօր այդ տարիները հպարտությամբ են հիշվում, որովհետեւ հնարավոր եղավ դիմակայել այդ դժվարություններին ու հաղթել հակառակորդին: Ինչո՞ւ մեր դեպքում այդ տրամաբանությունը չի գործում, եւ փոխարենը հպարտանանք այդ փառահեղ հաղթանակով, անընդհատ խոսում ենք այդ տարիների մանր, կենցաղային դժվարությունների մասին: Չէ՞ որ այդ հաղթանակի ֆոնին դրա համար վճարված այդ գինը պարզապես շատ փոքր է: «Շատ լավ հարց է,- նկատեց Ս. Ավագյանն ու հավելեց,- Բայց ժողովրդի հիշողության մեջ մնացել է, որ դրա հետեւանքները չարաշահվել են մեր երկրում: Եվ դրա համար ոչ մեկը դեռ պատասխան չի տվել»: «Հաղթանակը պատասխան չէ՞»,- հակադարձեց ներկաներից մեկը, ինչին էլ Ռ. Քոչարյանի խորհրդականն այսպես արձագանքեց. «10 տարի դրա համար, ներողություն, չեն լռում, էլի, ու հետո գալիս՝ մեջ մտնում: 10 տարին նրա համար էր, որ այդ հարցերը մեր ժողովրդի պատկերացումների մեջ ճիշտ հիմքերի վրա դրվեր»: Այնուհետեւ ՀԺԱՄ ղեկավարը նշեց, թե այդ տարիներին փողոցում մարդիկ լույսի «լեւի գծերի» ցանց էին ստեղծել, անցավ «լափված մազութի» վրայով եւ այլն: Թեեւ Ա. Հովակիմյանը դժգոհում էր «բանավեճի» ցածր մակարդակից, սակայն, այնուամենայնիվ, հերթական անգամ պատասխանեց հնչած այս «մեղադրանքին»: «Հայաստանում երբեք մազութով հոսանք չի ստեղծվել: ԱԺ-ն ստեղծեց հանձնաժողով, որի կազմում կային նաեւ պարոն Ավագյանի ընկերները, մասնավորապես, Արշակ Սադոյանը, մի տարի ուսումնասիրեցին, հետո այդ ամենը տարան Դատախազություն, հետո դատախազն եկավ ԱԺ ու ասեց, թե այդտեղ ընդհանրապես որեւէ բան չկա: Մենք էլ ենք կողմնակից, որ եթե որեւէ բան կա, մեղավորները պատժվեն»,- նշեց ՀՀՇ փոխնախագահն ու էլի կոչ արեց լուրջ բաներից խոսել: Ս. Ավագյանն ընդառաջեց այս կոչին ու խոսեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, սակայն… դարձյալ «լեւի գծերի» մակարդակով. նա նշեց, թե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում էր «հանձնել Ղարաբաղը»: Իհարկե, որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում ՀՀ առաջին նախագահին, ում իշխանության տարիներին ազատագրվել է Արցախը, մեղադրել այն հանձնելու մեջ՝ առավելեւս, երբ հասկանալի չէ, թե դրանից կոնկրետ ի՞նչ կարող է ստանալ «հանձնողը», սակայն Ա. Հովակիմյանը հարկ համարեց փաստել, որ երբեք որեւէ մեկը Ղարաբաղը հանձնելու մտադրություն չի ունեցել ու նման բան չի ասել, եւ Ս. Ավագյանը ճիշտ չի ասում: Բավականին օրիգինալ էր Ս. Ավագյանի պատասխանը լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս պատահեց, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ՀՀ գրեթե բոլոր կուսակցությունները պառակտվեցին, եւ քաղաքական դաշտը ձեւախեղվեց: Ըստ Ս. Ավագյանի, այդ «պրոցեսն անձնավորված չէ», իսկ մեղավորն էլ «հայ ժողովուրդն է»: «Կապ չունի՝ ով է ՀՀ նախագահը: Հայ ժողովուրդը քաղաքական կառույցներ, ինստիտուտներ ձեւավորելու հարցում լուրջ պրոբլեմ ունի, շատ լուրջ: Ժողովուրդ, որը 1000 տարուց ավելի պետություն չի ունեցել, եւ քաղաքական կառույցների շինարարության ավանդույթներ չկան, իրական պրոբլեմն այստեղ է: Պրոցեսը դեռ չի վերջացել: Առաջիկայում շատ տարբեր երեւույթների ենք ականատես լինելու»,- նշեց ՀԺԱՄ ղեկավարը:

Հ.Գ.
Սեյրան Ավագյանը երեկ նաեւ նշեց. «Ես շատ կուզեմ եւ կողմնակից եմ, որ ՀՀՇ-ն անպայման մասնակցի նախագահական ընտրություններին»: Տեսնես ինչո՞ւ է Ս. Ավագյանը ցանկանում, որ ՀՀՇ-ն անպայման մասնակցի ՀՀ նախագահի ընտրությանը: Մանավանդ, եթե կարծում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գալու է ու «Ղարաբաղը հանձնի»: Գուցե զուտ այն պատճառով, որ առաջին նախագահի առաջադրումը Ս. Ավագյանի համար «գործունեության» լայն դա՞շտ կստեղծի: