Չնայած բազմաթիվ սպանություններին, որոնք, եթե ոչ ամեն օր, ապա 10 օրը մեկ տեղի են ունենում մեր երկրում, պարզվում է` «վիճակագրական տվյալներն» ամենեւին էլ մտահոգիչ չեն: Իսկ եթե որեւէ մեկին թվում է, թե մեր երկրում հանցագործությունների թիվն ավելացել է, ապա մոլորության մեջ է, որովհետեւ ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Աղվան Հովսեփյանի հրապարակած վիճակագրական տվյալներով` ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում հանցավորության վերաբերյալ տվյալները ոչ միայն մտահոգիչ չեն, այլեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է նվազում շուրջ 13%-ով:
Այս մասին երեկ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Ռ. Քոչարյանի կողմից առաջադրված թեկնածու Ա. Հովսեփյանը, որին այսօր ԱԺ-ն, անկասկած, մեծ թվով կողմ ձայներով կնշանակի ՀՀ գլխավոր դատախազ: Իսկ մինչ քվեարկությունը, այսօր էլ պատգամավորները կշարունակեն Ա. Հովսեփյանին հարցեր ուղղել վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած, բայց այդպես էլ չբացահայտված սպանությունների, թրաֆիկինգի, թմրանյութերի եւ այլ հանցագործությունների մասին: Մինչ հնչած հարցադրումներին անդրադառնալը, մեջբերենք Ա. Հովսեփյանի, այսպես ասած` ներածական խոսքից մի հատված. «Մեր աշխատանքներում առկա են նաեւ (մինչ այս ներկայացնում էր Դատախազության համակարգում իրականացված բարեփոխումները.- Լ.Ս.) անհանգստացնող թերություններ ու բացթողումներ, որոնք առնչվում են օրինականության կոպիտ խախտումներին, առանձին անձանց ու խմբավորումների մոտ անպատժելիության հոգեբանության ձեւավորմանը, հանցավորության դեմ պայքարի անկատարությանը: Մենք գիտակցում ենք նաեւ, որ այդ թերությունները հետեւանք են նաեւ մեր առանձին աշխատողների ցածր պրոֆեսիոնալիզմի, անհետեւողականության, իրենց բարձր դիրքի ու կոչման ոչ լիարժեք գիտակցման: Դատախազությունը սկզբունքորեն ազատվել ու ազատվելու է նման աշխատողներից եւ մերժում է նման աշխատաոճը»: Այնուհետեւ, որպես դրա «լավագույն վկայություն»՝ նա նշեց, թե վերջին չորս տարիների ընթացքում աշխատանքից հեռացվել են Դատախազության 15 աշխատակիցներ, իսկ 26-ը ենթարկվել են կարգապահական տույժերի: Իսկ թե կոնկրետ ով եւ որ քրեական գործի շրջանակներում է դրսեւորել նման աշխատաոճ` նա չասաց:
Ռոբերտ Սիմոնյանի մասին
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Գագիկ Գեւորգյանն Ա.Հովսեփյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գտնվում մայիսի 20-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու եւ Ռուստամ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած կրակահերթի ժամանակ մոտակա տնակում սպանված 9-ամյա Ռոբերտ Սիմոնյանի գործի քննությունը: Պարզվեց` գործը կարճվել է` հաշվի առնելով հանցակազմի բացակայությունը: «Տնակի զննության, ինչպես նաեւ` երեխայի դատաբժշկական փորձաքննության արդյունքում հիմնավորվեց, որ մահը վրա է հասել նռնակի պայթյունի հետեւանքով: Պայթյունը տեղի է ունեցել հենց տնակում: Տնակում երրորդ անձի ներկայության փաստը հիմնովին բացառվել է, եւ քրեական գործի քննության արդյունքում որոշում է կայացվել այն կարճելու մասին, որովհետեւ որեւէ մեկի արարքում որեւէ հանցակազմ չի հիմնավորվել: Բոլոր հանգամանքները քրեական գործում պարզաբանված, հետազոտված են»,- հայտարարեց Ա. Հովսեփյանը` խոստանալով ցանկության դեպքում տրամադրել քր. գործով ձեռք բերված արդյունքները:
Ալեքսանդր Արզումանյանի մասին
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը 3 հարց ուղղեց Ա. Հովսեփյանին: Առաջինը վերաբերում էր ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու Ա. Հովսեփյանի որոշմանը, որը հաջորդել էր դատարանի մերժմանը: «Որպեսզի պարզ լինի, կարող եմ գործի հանգամանքների վերաբերյալ տալ պարզաբանումներ` դուրս գալով գաղտնիության սահմաններից,- ասաց Ա. Հովսեփյանը։ -Քր. գործը հարուցվել է ԱԱԾ մարմինների կողմից, եւ հիմք են ընդունվել ԱԱԾ-ում ստացված տվյալները ապօրինի բանկային փոխանցումների միջոցով գումարների մասին, որոնք ստացվել են դրածո մարդկանց միջոցով: Իրականացվել են գաղտնալսումներ: Արդյունքում քր.գործ հարուցելու հիմքեր են ստեղծվել: Պարզվել է մի շարք անձանց կապն այդ գումարները ստացողների հետ: Պարզվել է նաեւ, որ խոսքը գնում է դրածո մարդկանց միջոցով բանկային փոխանցումներ իրականացնելու եւ այստեղ դրածո մարդկանց միջոցով գումարները ստանալու եւ փոխանցելու մասին: Արդեն իսկ ակնհայտ էր, որ տեղի են ունեցել բանկային կեղծ փոխանցումներ, եւ քննչական մարմնի կողմից անհրաժեշտ էր հարուցել քր.գործ` պարզելու համար այս գործի հանգամանքները: Իրականում քր.գործը հարուցելուց հետո, երբ իրականացվեցին քննչական, օպերատիվ-որոնողական աշխատանքներ, պարզվեց, որ ՀՀ-ում 9 դրածո անձանց միջոցով ստացվել են այդ գումարները, եւ, ի վերջո, հանձնվել հասցեատիրոջը»: Ա. Հովսեփյանի ասելով, բոլոր «դրածոները» հարցաքննվել են եւ հիմնավորել են, որ իրենք որեւէ կապ չունեն այդ գումարների փոխանցման եւ ստացման հետ: «Գործին կցված են այս անձանց, նրանց հարազատների, բանկի աշխատողների ցուցմունքները, որոնք նույնպես հաստատեցին այդ գումարները դրածո անձանց միջոցով ստանալու հանգամանքը»,- հայտարարեց Ա. Հովսեփյանը: Դրանից հետո, ըստ նրա, երկու անգամ քննչական գործողություններ են իրականացվել ՌԴ-ում: Եվ երբ երկրորդ քննությունն ավարտվել է, Ա. Հովսեփյանը հասկացել է, որ այլեւս անիմաստ է Ա. Արզումանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոցը պահելը: Դատարանի որոշման եւ իր որոշման մեջ էլ, ըստ Ա. Հովսեփյանի` հակասություն չկա, քանի որ երկրորդ քննչական խումբը ՌԴ-ից վերադարձել էր դատարանի կայացրած որոշումից հետո: «Քանի դեռ այդ խումբը չէր վերադարձել ՌԴ-ից, մենք չէինք կարող որոշում կայացնել խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին: Երբ խումբը վերադարձավ, ես անձամբ եմ ուսումնասիրել իրականացրած ուսումնասիրությունները, եւ պարզելով, որ մենք այսօր ՀՀ տարածքում կատարել ենք բոլոր քննչական գործողությունները այսօրվա դրությամբ եւ որոնք կարող են ծագել վաղը այլ հանգամանքների պահանջի դեպքում, եւ քանի որ մեր իրավական համագործակցության մասին միջնորդագրի առանձին կետեր պետք է կատարվեն ՌԴ իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես իրականացվեն ստուգումներ տնտեսվարող սուբյեկտներում, իսկ դա կպահանջի տեւական ժամանակաշրջան, ես ցուցում եմ տվել խափանման միջոցը փոխելու մասին»,- ասաց նա:
Դատախազի սպանության մասին
Վ. Դալլաքյանի կողմից բարձրացված երկրորդ հարցը Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործի շրջանակներում որոշ վկաների, այդ թվում նաեւ՝ կանանց ծեծելու միջոցով ցուցմունքներ կորզելու մասին էր: «Առաջարկում եմ անցկացնել ծառայողական քննություն, եւ այն անձանց, ովքեր փորձում են 37 թվի մեթոդներով` կտտանքների ճանապարհով կորզել ցուցմունքներ, ենթարկել պատասխանատվության»,- ասաց Դալլաքյանը: Ի պատասխան` Ա. Հովսեփյանն ասաց, թե այդ գործը գտնվում է իր անմիջական հսկողության տակ եւ առաջ են քաշված բոլոր հնարավոր վարկածները: «Սկզբնական փուլում ինքս եմ եղել Վանաձորում եւ ղեկավարել քննչական խմբի աշխատանքները: Գործով առաջ քաշված բոլոր վարկածները վերաբերում են Ալբերտ Ղազարյանի դատախազական գործունեությանը: Այսօրվա դրությամբ` մենք չունենք որեւէ տեղեկատվություն, հիմնավորում, որը մեզ հիմք կտա առաջ քաշել վարկածներ` կապված կենցաղային եւ այլ հարցերի հետ: Բոլոր վարկածները կապված են նրա, որպես դատախազի, գործունեության հետ: Սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հանցագործությունը կապված է նրա` որպես դատախազի գործունեության հետ: Դրա համար մեր համակարգը եւս մեկ անգամ մեծ պարտավորություն է կրում` բացահայտելու այդ գործը,- ասաց գլխավոր դատախազի թեկնածուն,- Ինչ վերաբերում է Վանաձորում վերջին շրջանում շոու դարձրած այդ հարցադրումներին, պետք է ասեմ, որ քննչական գործողությունների հետեւանքով, բնականաբար, կարող են բացահայտվել նաեւ այլ հանցագործություններ: Երբ աշխատում է իրավական, քննչական աշխատողներից բաղկացած մի ողջ համակարգ, բնական է` այս գործընթացի ընթացքում եթե չբացահայտվի հիմնական հանցագործությունը, կարող են բացահայտվել նաեւ այլ հանցագործություններ: Բացահայտվելու առումով` կան մարդիկ, որոնք շահագրգռված չեն, կան մարդիկ, որոնց ձեռնտու չէ այդ գործի բացահայտումը: Տպավորություն թող չստեղծվի, թե այնտեղ քննչական-օպերատիվ խումբը համատարած դուրս է գալիս Ոստիկանության կամ ԱԱԾ շենքից, պատահական մարդու բռնում-տանում են այնտեղ, նստեցնում հարցաքննություն են անում: Ամենեւին էլ այդպես չէ: Բոլոր անձինք, ովքեր հարցաքննվում են, մինչեւ հարցաքննվելը բազմաթիվ անգամներ ստուգվում է նրանց առնչությունն առաջադրված վարկածների հետ»: Ըստ Ա. Հովսեփյանի` ինքն արդեն համապատասխան խումբ է ուղարկել Վանաձոր` ուսումնասիրելու գործի շուրջ ստեղծված իրավիճակը: «Ես հակված չեմ ամեն ճանապարհով գործի բացահայտում ապահովելու, բայց միեւնույն ժամանակ` հակված չեմ սպանությունը չբացահայտված թողնելու»,- հայտարարեց Ա. Հովսեփյանը: Իսկ ինչ վերաբերում է կտտանքների միջոցով ցուցմունքներ կորզելուն, ապա Ա. Հովսեփյանն ասաց, թե Դատախազության դիրքորոշումը «շատ կոշտ է», որովհետեւ «անթույլատրելի միջոցներով ձեռք բերված ապացույցները, եթե ժամանակավորապես էլ կարող են դրվել որեւէ մեղադրանքի հիմքում, միեւնույն է` կայուն չեն, եւ դատարանում պայթելու են: Այնպես որ` ինձ առավել եւս, որպես գլխավոր դատախազի` դա ձեռնտու չէ: Ճիշտ հակառակը` դա կուրացնում է նախաքննությունն իրականացնող մարմնի աշխատակցին, չի նպաստում նրա պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը, որպեսզի մտածի, սովորի եւ օրենքով սահմանված ձեւերով ձեռք բերի այս կամ այն ապացույցը»,- ասաց Ա. Հովսեփյանը: Վ. Դալլաքյանն անդրադարձավ նաեւ մայիսի 12-ին` ընտրությունների հետ «չկապված պատճառներով» Վանաձորում սպանված Հրանտ Հակոբյանին սպանողներին` Վանաձորի ավագանու անդամ Սամվել Դիլոյանին եւ Ավագ Ավագյանին, որոնք այսօր ազատության մեջ են: Նա Ա. Հովսեփյանին առաջարկեց այդ գործի բացահայտումը վերցնել իր հսկողության տակ: Ա. Հովսեփյանի հավաստմամբ` այդ գործը գտնվում է ավարտական փուլում: Գործի բոլոր հանգամանքները պարզաբանված են, կայացված են որոշումներ, սակայն նա չցանկացավ մանրամասներին անդրադառնալ` ասելով. «Քանի որ այդ գործի արդյունքները հետաքրքրում են միայն ձեզ, ես պատրաստ եմ ձեզ հետ միասին վերլուծել այդ գործի ողջ ձեռքբերված արդյունքները»:
Արման Բաբաջանյանի մասին
ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը հետաքրքրվեց, թե արդյոք գլխավոր դատախազը չի՞ պատրաստվում ցուցում տալ դատարանին` «ԺԵ» թերթի գլխավոր խմբագրի գործը կարճելու համար: Ի պատասխան, Ա. Հովսեփյանը նկատեց, թե ի տարբերություն Ա. Արզումանյանի, Ա. Բաբաջանյանի դեպքում «մենք գործ ունենք ուժի մեջ մտած դատավճռի հետ: Իսկ դատավճռի փոփոխումը կատարվում է օրենքով»: Նա արձագանքեց նաեւ այն հարցադրումներին, թե ինչու հանձնաժողովը չի հարգում միջնորդությունն ու չի փոխում Բաբաջանյանի պատժի կրումը: «Ա.Բաբաջանյանը դատապարտվել է փաստաթղթեր կեղծելու միջոցով ծառայությունից ազատվելու համար, եւ ստացել է մինիմում պատիժ: Մենք նույնիսկ առաջին մասով (փաստաթղթեր կեղծելու.- Լ.Ս.) կան դեպքեր, երբ ազատազրկել ենք 3 տարի ժամկետով: Իսկ Ա. Բաբաջանյանն ազատազրկվել է 3,5 տարի ժամկետով: Այս հանցագործությունը կատարվել է այն ժամանակ, երբ նրա մայրն աշխատել է ՀՀ նախագահի ծառայությունում, եւ այնտեղ օգտագործել է իր դիրքը: Այն ժամանակ Բաբաջանյանը ո՛չ լրագրող էր, ո՛չ էլ խմբագիր: Եվ հենց մեր գործի քննությամբ բացահայտվեց, պարզաբանվեց, որ այս կեղծ փաստաթղթերն Ա. Բաբաջանյանի մայրը ներկայացրել է Զինկոմիսարիատ, եւ օգտվելով այն հանգամանքից, որ ինքը նախագահականի աշխատակից է` այնտեղ էլ հավաստիացրել է, որ այդ փաստաթղթերը ճիշտ են: Այսինքն, որ Ա. Բաբաջանյանի ընկերոջ կինն իր կինն է, եւ ընկերոջ երեխաներն էլ` իր երեխաները: Բարեբախտաբար, ՀՀ-ում էր գտնվում այդ կինը, որին մենք հարցաքննեցինք, ու նա ցուցմունք տվեց, որ ինքն ընդամենը մեկ ամուսին ունի, եւ երեխաներն էլ իրենն են»:
Իսկ այսօր ԱԺ-ում մյուս պատգամավորները կհնչեցնեն իրենց հարցադրումները, որտեղ, հուսով ենք, անդրադարձ կլինի նաեւ 2006թ. սեպտեմբերի 6-ին սպանված Շահեն Հովասափյանի քր. գործին, 2007թ. մայիսի 12-ին Ոստիկանությունում սպանված Լեւոն Գուլյանի, 2006թ. մարտի 4-ին Սայաթ-Նովա փողոցում Աշոտ Վարդանյանի («Քաղցրիկի» Աշոտ) սպանությանը, 2007թ. մայիսի 9-ին Ստեփան Վարդանյանի (Ա.Վարդանյանի հորեղբորորդու տղան) սպանությանը, 2007թ. հուլիսի 7-ին Արտավազդ Վարդանյանի (Վարդանյանի որդին), Վարդան Մելիքյանի (Վարդանյանի որդու աներորդին), Գրիգոր Ստեփանյանի սպանություններին, ինչպես նաեւ՝ Վարդան Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձին:
Հ.Գ. «Եթե ընտրվեք` պատրաստվո՞ւմ եք արդյոք նորից աշխատել Գագիկ Ջհանգիրյանի հետ, եթե ոչ, ապա պատրաստվո՞ւմ եք նրան պատասխանատվության ենթարկել բանակում տիրող ապօրինի մթնոլորտի համար, որը վտանգավոր է մեր երկրի անվտանգության համար» հարցին պատասխանելով՝ Ա. Հովսեփյանը սահմանափակվեց ընդամենն ասելով հետեւյալը. «Պարոն Ջհանգիրյանի հետ ե՛ս չեմ աշխատում, ինքն է ինձ հետ աշխատում»: