Արդեն այսօր ակնհայտ է, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ իրականում ընտրություն է կատարվելու ոչ թե անձերի, այլ պետության ղեկավարման մոդելների միջեւ։ Այլ կերպ ասած, հասարակությունը պատասխանելու է ընդամենը մի հարցի. ուզո՞ւմ է շարունակել ապրել այսօրվա համակարգի պայմաններում, թե՞ արմատական փոփոխությունների է ձգտում։
Իսկ Հայաստանում այսօր ընդհանրապես կառավարման որեւէ մոդել գոյություն ունի՞։ Անշուշտ։ Եթե փորձենք հրաժարվել ավանդական ձեւակերպումներից («ժողովրդավարական», «ավտորիտար», «բռնապետական» եւ այլն) եւ Հայաստանի համար նոր տերմին հորինենք, ամենահարմարը թերեւս կլինի «տնավարի» ձեւակերպումը։ Այո, Հայաստանի պետական կառավարման համակարգը «տնավարի» է։ Այստեղ բոլոր հարցերը տնավարի են լուծվում։ Ասենք՝ որեւէ մեկը ցանկանում է բիզնես հիմնել, տուն կառուցել, վարորդական իրավունք ձեռք բերել եւ այլն։ Նրան իսկույն բացատրում են, որ «օրենքները հեչ», ու ժպտալով հարցնում են՝ «խի դու չգիտե՞ս Հայաստանում հարցերը ոնց են լուծվում»։ Եվ պատկերացրեք՝ պարզվում է, որ բոլորը գիտեն։ Խոսքն, ի դեպ, ամենեւին էլ միայն կոռուպցիայի մասին չէ։ Հայաստանում իսկապես ամեն ինչն է տնավարի։ Ասենք, նստում ես երթուղային ու տնավարի կուչ ես գալիս նստարանի եզրին, հետո տնավարի աչքով ես անում վարորդին, որ թույլ տա հենց փողոցի մեջտեղն իջնել, նա էլ տնավարի թույլ է տալիս։ Կոռուպցիա չկա, պարզապես այդպես ավելի հարմար է։ Հենց այդպես տնավարի էլ երկիրն է ղեկավարվում։ Նախկին արտգործնախարարին տնավարի ձերբակալում են, հետո տնավարի ազատ արձակում, եւ այլն։
Շատերին կարող է թվալ, թե պետության կառավարման այս համակարգն իսկապես ավելի հարմար է, որովհետեւ խաղի կանոնները հայտնի են։ Այսինքն՝ գիտես, թե ինչի համար ում ինչքան կաշառք պետք է տալ, որ հարցն ում միջոցով պետք է լուծել, եւ այլն։ Եվ առաջին հայացքից կարող է թվալ, թե այս համակարգը ձեռնտու է բոլոր նրանց, ովքեր կարող են տնավարի հարցեր լուծել։ Բայց այդպե՞ս է արդյոք։
Պրոբլեմն էլ հենց այն է, որ նույնիսկ ամենակոռումպացված եւ ամենաբռնապետական երկրներում լինում են օրենքներ (գրված կամ չգրված), որոնք պարտադիր են նույնիսկ բռնապետների համար, եւ նույնիսկ նրանք իրավունք չունեն խախտել այդ օրենքները։
Օրինակ, Օսմանյան Կայսրությունում սուլթանն ուներ անսահմանափակ իշխանություն, բայց միեւնույն է՝ օրենքը նրան արգելում էր օրական 14-ից ավելի մահապատժի վճիռ կայացնել։ Իսկ Հայաստանում ոչ մի սահմանափակում չկա։ Խոսքն, իհարկե, մահապատիժների մասին չէ։ Օրինակ, հստակ է, որ կառավարման «տնավարի» համակարգի դեպքում հաջողակ բիզնես ունենալու համար պետք է իշխանությունների օգտին ընտրություններ կեղծել։ Բայց դա, պարզվում է, բացարձակ եւ անբեկանելի օրենք չէ։ Մեկ էլ տեսար՝ երկրի բարձրագույն ղեկավարները զայրացան ու խլեցին բիզնեսը։ Ընդ որում, ոչ մի օրենքով ֆիքսված չէ, թե իշխանությունները երբ իրավունք ունեն զայրանալ եւ երբ՝ ոչ։
Այլ կերպ ասած, իրականում պետության կառավարման «տնավարի» համակարգը ձեռնտու չէ նույնիսկ նրանց, ովքեր ի վիճակի են տնավարի հարցեր լուծել։ Ձեռնտու չէ, որովհետեւ անկանխատեսելի է։ Ասենք, չինովնիկին թվում է, ամեն ինչ ճիշտ է արել՝ վերցրել է իքս ծավալի կաշառք, դրա իքս տոկոսը ժամանակին հանձնել է վերադասին, եւ այլն, բայց մի օր էլ գալիս է աշխատանքի ու պարզում, որ իրեն աշխատանքից ազատել են։ Ախր ո՞ր մեղքի համար։ Խայտառակություն է, ուրիշ ոչինչ։
Պարզ ասած, այսօրվա «տնավարի» համակարգը ոչ մեկին ձեռնտու չէ։ Կամ պետք է օրենսդրորեն ամրագրել բոլոր չգրված օրենքները, կաշառքների ու «մաղարիչների» չափերը, հստակեցնել, թե իշխանություններին մատուցած որ ծառայության դիմաց որքան հարկ կարելի է թաքցնել, կամ պետք է պայմանավորվել, որ սրանից հետո ապրելու ենք ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում։ Այս երկրորդ տարբերակն, իհարկե, ավելի անհավանական է, բայց փաստը մնում է փաստ՝ Հայաստանն այլեւս հնարավոր չէ «տնավարի» ղեկավարել։ Կառավարման մոդելը պիտի փոխվի։ Եվ դա պիտի արվի առաջիկա նախագահական ընտրությունների միջոցով։