Ազգային ու անտրամաբանական դրամը

14/09/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Երկարատեւ ու ծանր անկումներից հետո տարադրամը Հայաստանում սկսեց արժեւորվել: Սպասելի էր, թե ոչ` դժվար է ասել: Բոլորը բացատրություն են փնտրում: Փորձում են գուշակել. սա դրամի անկման սկի՞զբ է, թե՞ ժամանակավոր ու հաղթահարելի երեւույթ: Մասնագետներն ու գործարարները մեր ֆինանսական շուկայի գործընթացները հասկանալու համար երբեմն նաեւ տնտեսական բացատրություններ են փնտրում: Այս անգամ նման բացատրություններ կարծես կարելի է գտնել: Եվ ինչպես միշտ` կատարվածն արտադրության կամ գյուղատնտեսության ոլորտների գործընթացներով չի բացատրվում, այլ` առեւտրի: Ավարտվել է օգոստոսյան մեծ առեւտուրը: Այն առեւտուրը, որն իր մասշտաբով զիջում է միայն դեկտեմբերյանին: 500 հազար աշակերտի ու ուսանողի հաշվարկով ներկրված հագուստը, գրենական պիտույքներն ու այլ ապրանքները հիմնականում վաճառվել են: Այդ առեւտուրը վերջին տարիներին հիմնականում դրամով է կատարվում: Մանր ու միջին գործարարները հիմա, քափ ու քրտինք կտրած, տարադրամի են վերածում իրենց մոտ կուտակված ազգային դրամը: Հնարավոր է, որ սա Կենտրոնական բանկի տեսանկյունից ապազգային արարք է: Բայց գործարարների այս դասն իր բիզնեսը շարունակելու համար տարադրամի պետք ունի: Եթե հաշվենք, որ կես մլն աշակերտ-ուսանողի հաշվով միջինը 100 դոլարի ապրանք է վաճառվել, պիտի պատկերացնենք, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին միայն մանր ու միջին գործարարներն առնվազն 30-40 մլն դոլար պիտի գնեն: 15-20 օրում պիտի գնեն եւ դուրս տանեն երկրից` արտասահմանյան իրենց գործընկերներին վճարելու համար: Տարադրամի պահանջարկի նման աճը դրա գնի բարձրացման պիտի հանգեցնի: Հենց դա էլ տեղի է ունենում մեր ֆինանսական շուկայում: Տրամաբանական ու իշխանությունների համար հաճելի այս մեկնաբանությունն, այնուամենայնիվ, մութ կողմեր ունի: Ֆինանսական բորսաներում տարադրամի առք ու վաճառքի ծավալների աճ չի արձանագրվել: Իհարկե, կարելի է ասել, որ մանր ու միջին գործարարը մեզանում բորսայական գործարքների հետ կապ չունի: Այս դեպքում պիտի ենթադրենք, որ նրանք տարադրամը ձեռք են բերում փոխանակման կետերից: Բայց այս կետերն էլ գործարքների ծավալի աճ չեն գրանցել: Հետեւաբար կարելի է ենթադրել, որ տարադրամի փոխանակումը շարունակում է մնալ ստվերային ոլորտ: Փաստորեն տարադրամի փոխանակման շուկայում վերջին տարիներին ԿԲ-ի իրականացրած բարեփոխումները ստվերային շրջանառության ծավալը չկրճատեցին: Փոխարենը բարեփոխումները հանգեցրին շուկայի կենտրոնացմանը (կամ, եթե կուզեք, մոնոպոլիզացմանը): Գուցե բարեփոխումների բուն նպատակն էլ հենց դա էր: Փորձագետների մի մասը Հայաստանում տարադրամի արժեւորման մեկ այլ բացատրություն էլ ունի: Անցնող տարվա ընթացքում մեր ազգային դրամը երկու անգամ է արժեզրկվել` գարնանը եւ հիմա: Տարօրինակորեն այդ երկու դեպքն էլ համընկել են: Համընկել են նույն գործարքի հետ: Գարնանը «ՀայՌուսգազարդ» ընկերությունը տարադրամ էր գնում: Ճիշտ այդ պահին տարադրամը թանկացավ: Հիմա «ՀայՌուսգազարդը» նորից տարադրամ է գնում: Ընկերությունը մոտ 50մլն դոլար արժողության խողովակներ է ներկրում Հայաստան: Հիմա նպատակ ունի իր կենտրոնական` մոսկովյան գրասենյակին վերադարձնել վարկի հիմնական մասը: Հետեւաբար որոշ փորձագետներ կարծում են, որ մեր հայրենի ֆինանսական իշխանությունները փորձում են փող աշխատել ռուսաստանյան այդ ընկերության հաշվին: Կարող է տպավորություն ստեղծվել, որ այս ընկերության ֆինանսիստները տարադրամի գնման պահը ճիշտ չեն ընտրել: Բայց նրանք իրենց հաշվարկներն ունեն: Նախ` գիտեն, որ «ՀայՌուսգազարդը» երբ էլ մտնի շուկա տարադրամ գնելու, դրա գինը միշտ էլ բարձրանալու է: Ի տարբերություն մեր իշխանությունների, նրանք հավանաբար գիտեն, որ մեր երկրի բնակչության եկամուտները հիմնականում տարադրամով են: Հետեւաբար օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ընթացող առեւտրի համար բնակչությունը տարադրամի մեծ քանակ է հանում շուկա: Շոր ու տետր գնելու համար ազգային դրամ է պետք: Հետեւաբար այս օրերին տարադրամի գինը շատ բարձրացնել հնարավոր չէ: Հատկապես, որ ուստարվա առաջին օրերին մեր բուհական համակարգը վարձավճարներ է գանձում: Բնակչությունն այս օրերին տարադրամի լրացուցիչ խմբաքանակ է մանրում ուսումնական վարձավճարները դրամով մուծելու համար: Փաստորեն տարադրամի նման խոշորամասշտաբ ինտերվենցիան չի փրկում: Հայկական տնտեսության խոշորագույն ընկերությունների, տվյալ դեպքում` «ՀայՌուսգազարդի» համար միշտ էլ դժվար է աննկատ կատարել տարադրամի գնումներ: Մեր իշխանությունները զգոն են` կնկատեն ու կփորձեն փող աշխատել: Դոլարի գինը կբարձրացնեն: Անկախ ամեն ինչից ու համաշխարհային տնտեսական գործընթացներից: Տարօրինակորեն հենց այս օրերին դոլարն ամբողջ աշխարհում արժեզրկվում է: Սեպտեմբերի 12-ին երեւանյան փոխանակման կետերում դոլարի գնման գինը 340 դրամից բարձր էր: Իսկ Եվրամիության ֆոնդային շուկաներում այն արձանագրեց իր պատմական նվազագույն արժեքը եվրոյի համեմատ: Հիմա մեր ԿԲ-ն ու ֆինանսական մյուս իշխանություններն անմարդկային ջանքի ու տրամաբանության բացատրություններ պիտի հորինեն: Հո չե՞ն ասելու, որ մեր տնտեսությունը ենթակա չէ միջազգային գործընթացներին ու ինտեգրված չէ համաշխարհային տնտեսությանը: «Մերն ուրիշ է»,- արդեն ասել են: Կրկնել պետք չէ: Եթե կրկնությունն իսկապես 19-րդ դարի գիտության մայրն էր, ապա հիմա ավելի շուտ ձանձրույթի հայրն է: