Ընդհանուր առմամբ խորհրդակցություն

14/09/2007

Երեկ Ռոբերտ Քոչարյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկային մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարի, վարչարարության խստացման, ինչպես նաեւ ստվերային տնտեսության ծավալների կրճատման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, հարկային եւ մաքսային գերատեսչությունների ղեկավարները, ոստիկանապետը, նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարը, Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրենը, գլխավոր դատախազի տեղակալը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, խորհրդակցության սկզբում զեկույցով հանդես է եկել Հարկային պետական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանը, որը ներկայացրել է իր նշանակման պահից ի վեր` անցած երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքը: Ռոբերտ Քոչարյանն իր մտահոգությունն է հայտնել առկա անբավարար հարկային վարչարարության, պատշաճ հսկողության բացակայության, օրենսդրական դաշտի անկատարության եւ պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչության փաստերի վերաբերյալ: Հատկապես ուշագրավ է պաշտոնական հաղորդագրության այն մասը, ըստ որի՝ խորհրդակցության ժամանակ Քոչարյանը շեշտել է, որ որեւէ գործարար Հայաստանում չպետք է ունենա արտոնյալ պայմաններ: Դրանից հետո Ռ.Քոչարյանը, «ինչպես կոնկրետ դեպքերի առնչությամբ, այնպես էլ ընդհանուր առմամբ համապատասխան հանձնարարական է տվել իրավապահ մարմիններին` հայտնաբերել հովանավորչություն իրականացնող հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցներին եւ պատժել նրանց օրենքի ամբողջ խստությամբ»: Հետաքրքիր կլիներ սակայն, որ այս ընդհանուր ձեւակերպումների փոխարեն նախագահականից տեղեկացնեին, թե կոնկրետ որ գործարարների մասին է խոսել Քոչարյանը: Եթե, իհարկե, նա որեւէ կոնկրետ անուն տվել է ընդհանրապես: