«ՀայՌուսգազարդ» ընկերությունը երեկ նշում էր իր հիմնադրման 10-ամյակը։ Ընդ որում, մեծ շուքով։ Ընկերությունն, իրոք, հպարտանալու տեղ ունի։ Նախ, այն արդեն Հայաստանի թիվ 1 հարկատուն է։ Անկախ քննադատություններից, ընկերությանը հաջողվել է գազիֆիկացման մակարդակը 2001թ. 21%-ից հասցնել 88.5%-ի։
Դա բավական տպավորիչ ցուցանիշ է, որին նախանձում է անգամ «Գազպրոմը»։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Վալերի Գոլուբեւը։ Վերջինս գլխավորում էր Հայաստանին շնորհավորելու եկած ռուսական պատվիրակությունը։ Գոլուբեւի խոսքերով, գազիֆիկացման նման մակարդակ իրենք Ռուսաստանում չունեն եւ գլուխ են խոնարհում «ՀայՌուսգազարդի» ձեռքբերումների առաջ։
Ոչ միայն գլուխ են խոնարհում, այլ, ինչպես պարզվեց, մեծ լավություն են անում մեր տնտեսությանը։ Դա արտահայտվում է գազի գներով՝ 1000խմ-ն՝ 110 ԱՄՆ դոլար։ Գոլուբեւը տեղեկացրեց, որ 2008 թվականից Բելառուսը կվճարի 130 դոլար, իսկ 2011թ. Ռուսաստանի ներքին շուկայում երկնագույն վառելիքի 1000 խմ-ն կարժենա մոտ 150 դոլար։ Իսկ մեզ մինչեւ 2009թ. հունվարի 1-ը գազը պետք է վաճառեն նույն գնով՝ 110 դոլարով։ Պրն Գոլուբեւը դա ձեւակերպեց որպես դոտացիա, այսինքն՝ «Գազպրոմը» ֆինանսավորում է մեր տնտեսությունը։ Իսկ ինչո՞ւ։ «Մենք հասկանում ենք, որ գազի գնի կտրուկ բարձրացումը եւ հավասարեցնելը եվրոպական գներին կնշանակի՝ տնտեսության փլուզում։ Ամեն ինչ պետք է իրականացվի՝ տնտեսության զարգացման եւ դրա հնարավորությունները հաշվի առնելով»,- նշեց Գոլուբեւը։
Բացի այդ, մեր եւ ռուսների հարաբերություններն առանձնահատուկ ջերմ են. «ԱՊՀ երկրների ոչ բոլոր գործընկերների հետ են «Գազպրոմի» հարաբերությունները լավ, սակայն «Գազպրոմի» եւ Հայաստանի հարաբերությունները պետք է օրինակ դառնան մյուս երկրների համար»,- հայտարարեց «Գազպրոմի» վարչության փոխնախագահը։
Այնուամենայնիվ, գազի գնի բարձրացումն ապագայում անխուսափելի է։ Լրագրողները փորձեցին ճշտել, թե 2009-ին ի՞նչ գին կսահմանվի գազի համար, սակայն պատասխան չստացան։
Իսկ «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը խորհուրդ տվեց գազի թանկացման մասին ժամանակից շուտ չխոսել եւ փոխարենը բոլորին հրավիրեց Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք համերգին։
Կ. Կարապետյանն ու Վ. Գոլուբեւը լավատեսությամբ խոսեցին նաեւ ապագա ծրագրերի մասին։ Մասնավորապես, Կ. Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ «ՀայՌուսգազարդը» կարող է դառնալ տարածաշրջանային նշանակության ընկերություն՝ մասնակցություն ապահովելով թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայում։ Նման համոզվածության պատճառը տարածաշրջանում առկա էներգառեսուրսների դեֆիցիտն է։ Իսկ «ՀայՌուսգազարդն» այժմ զբաղվում է ոչ միայն գազամատակարարմամբ, այլեւ էլեկտրաէներգետիկայով։ Մասնավորապես, Հրազդանի ջէկ-ի 5-րդ բլոկը շահագործման հանձնելուց հետո կաշխատեն Իրանի տարածքով էլեկտրաէներգիա արտահանել Իրաք եւ տարածաշրջանի այլ երկրներ։
Վ. Գոլուբեւը որպես դրական ձեռքբերում՝ առանձնացրեց նաեւ գազի սպառման կառուցվածքի փոփոխությունը՝ նշելով, որ անցյալ տարիների համեմատ մեծացել է բնակչության եւ մանր ու միջին բիզնեսի տեսակարար կշիռը։ «ՀայՌուսգազարդի» բոլոր ցուցանիշներն ավելանում են։ Դա ձեռք է բերվում էներգետիկ իրավիճակի եւ ճիշտ մենեջմենթի շնորհիվ,- ասաց Գոլուբեւը,- Եթե նախկինում հիմնական սպառողն էներգետիկան էր, ապա այժմ բավական մեծ ծավալ է կազմում փոքր ու միջին բիզնեսի սպառած գազը, այդ թվում` բնակչության ապահոված սպառումը»:
Մի խոսքով, ամեն ինչ արվել եւ արվում է մեզ համար։ Ինչպես նշեց պրն Գոլուբեւը՝ աշխատատեղերը ստեղծվում են Հայաստանում, հարկերը գնում են Հայաստանի բյուջե, եւ աշխուժանում է մեր տնտեսությունը։ Այնպես որ, կապ չունի՝ սեփականատերն ով է՝ Հայաստա՞նը, Ռուսաստա՞նը, թե՞ մեկ այլ երկիր։
Իսկ ի՞նչ ենք արել մենք՝ ի հատուցում այս ձեռքբերումների։
Համաձայնել ենք վաճառել Հրազդանի ջէկ-ի 5-րդ բլոկն ու Իրան-Հայաստան գազամուղը «ՀայՌուսգազարդին», ասել է թե՝ «Գազպրոմին»։ Ընդ որում, գործարքը կատարվել է այնպես, որ «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում» նախկին 45%-ի փոխարեն դարձել է 57.59%, իսկ ՀՀ կառավարության մասնաբաժինն իջել է 34.7%-ի։ Ի դեպ, «Գազպրոմը» պլանավորում է մոտ ապագայում իր մասնաբաժինը հասցնել 80%-ի։
Ամենահետաքրքիրն այս պատմության մեջ այն է, որ հաջողվեց այդ ամենն ի վերջո ներկայացնել որպես հաջողված գործարք, մինչդեռ ժամանակին ջանասիրաբար հերքում էին 5-րդ բլոկն ու Իրան-Հայաստան գազամուղը ռուսներին տալու խոսակցությունները։
Մի խոսքով, սիրուն աչքերի համար ռուսները երբեք մեզ համար գազի ցածր գին չէին սահմանի։ Շուկայական հարաբերություններն ավելի կարեւոր են, քան ռազմավարական գործընկերություն կոչվածը։ Իսկ մեր տնտեսությանը ըմբռնումով մոտենալը… Մենք էլ ըմբռնումով ենք մոտենում, երբ վերջին 2 օրերին Հանրապետության հրապարակով անցնելիս ընկնում ենք խցանման մեջ։ Ամեն ինչ փոխադարձ է։