«Խնդրում եմ, ինձ գնդակահարեք»,- ասում է փողոցներում գիշերող Գոհար Թորոսյանը

14/09/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

87-ամյա Գոհար Թորոսյանն արդեն 8 ամիս է` փողոցներում է ապրում: Հյուծված, գունատ այս ծեր կինը ճոճվելով մի կերպ եկել է խմբագրություն ու ուզում է իր պատմությունը պատմել: Երեխայի պես լաց է լինում, ու ոչ մի կերպ չենք կարողանում հանգստացնել նրան, որ կարողանա խոսել:

Ասում է՝ «Խնդրում եմ, թերթում գրե՛ք, որ ես ուզում եմ մեռնել, իմ ապրելն այլեւս իմաստ չունի: Մեր իշխանություններին կոչ արեք, թող ինձ գնդակահարեն»: Գոհար տատը հոգեպես ծանր վիճակում է, անընդհատ մեռնելու մասին է խոսում, չի ուզում ապրել: Հարցնում եմ՝ «Ի՞նչ է պատահել»: Կցկտուր պատասխանում է՝ «Ի՞նչ պիտի, ինձ գցեցին փողոցները, գիշերները դրսերում եմ անցկացնում, հիվանդացել եմ, էլ ուժ չունեմ: 8 ամիս է, 87 տարեկան հասակում փողոցներում եմ քնում: Էլ ուժ չունեմ»: Թեեւ մեր իշխանություններին կոչ է անում իրեն գնդակահարել, այդուհանդերձ հիշեցնում է, որ նրանք էլ մայր ունեն ու դժվար թե ցանկանային, որ իրենց ծնողները փողոցներում քնեին: «Ախր մեր պաշտոնյաներն իրենց ծնողներին էս օրն ընկած կուզենայի՞ն տեսնել: Ախր նրանք էլ մայր ունեն, չէ՞, նրանց մայրերը տաք տեղերում են քնում, չէ՞: Հետո՞ ինչ, որ ես հարազատներ չունեմ, բոլորը մահացել են, մենակ եմ: Ախր գիշերները դրսում քնելիս մրսում եմ, ցուրտ է, էլ չեմ դիմանում»,- ասում է Գոհար տատն ու չորացած ձեռքերով քրքրված պայուսակից ինչ-որ թղթեր է հանում ցույց տալիս: 1988-ի երկրաշարժից հետո գյումրեցի այս կնոջը տեղավորել են «Էրեբունի» հյուրանոցի երկրորդ մասնաշենքում, որտեղ նա ապրել է մինչեւ վերջերս: Անցյալ տարի հյուրանոցը սեփականաշնորհել են, իսկ ներկայումս կապիտալ վերանորոգում են: Սեփականատերը հյուրանոցի որոշ «անհնազանդ» բնակիչներին վտարելու հայցով դիմել է Կենտրոն եւ Նորք համայնքների առաջին ատյանի դատարան: Գոհար տատն ասում է, որ հյուրանոցից դուրս գալու եւ նոր բնակարան գնելու համար շուկայական գների համեմատ գրոշներ են առաջարկել: «Իրենց տված գումարով ես փողոցներում կմնամ, իրենք գիտեն, որ էդ գումարով մեկ սենյականոց, անմխիթար վիճակում գտնվող բնակարան էլ չես գնի: Սկզբում 3500 դոլար էին առաջարկում, դատարանի վճռից հետո բարձրացրին, բայց հնարավոր չի էդ գումարով տուն առնել: Ես իրենց ասում եմ՝ դուք բնակարան տվեք ինձ, ես գնամ ապրեմ»,- ասում է Գոհար տատն, ով առաջին ատյանի դատարանի վճիռը, այն է՝ պատասխանող Գ. Թորոսյանին վտարել «Էրեբունի» հյուրանոցի երկրորդ մասնաշենքից, վիճարկել է Վերաքննիչ դատարանում: Եթե առաջին ատյանի դատարանը հայցը բավարարելու եւ Գոհար տատին վտարելու վճիռ է կայացրել, ապա Վերաքննիչ դատարանը ճիշտ հակառակ որոշում է ընդունել, ասել է թե՝ մերժել է վտարման պահանջը: Վերաքննիչ դատարանը վճռել է՝ «Տուրիզմի զարգացման հիմնադրամի հայցն ընդդեմ Գ. Թորոսյանին տարածքից վտարելու պահանջի մասին՝ մերժել»: Ինչեւէ, անգամ դատական քաշքշուկներից հետո էլ հյուրանոցի սեփականատերն անպարտելի է, հետեւաբար շենքի հսկիչին հրահանգել է ծեր կնոջը դռանը մոտ չթողնել:

Ի դեպ, հիշեցնենք, որ մեր թերթում գրել էինք «Էրեբունի» հյուրանոցի նախկին բնակիչներից մեկի մասին, ով նույնպես ձմռան ցրտին փողոցներում էր քնում: Մեզ ահազանգել էին հարակից տարածքի բնակիչներն, ովքեր անհանգստացած էին ծերունու վատ վիճակով: «Բոմժ» դարձած այդ պապիկին մենք գտել էինք հյուրանոցի տարածքում գտնվող մի անպետք, ջարդուխուրդ եղած մեքենայի մեջ: Ծերունին հունվարյան սաստիկ ցրտին գիշերում էր այդ մեքենայի մեջ: Նա նույնպես սթրեսային վիճակում էր եւ հայտնվել էր հոգեբուժարանում: Այդ նյութը հրապարակելու ժամանակ մեզ չհաջողվեց պարզել, թե ո՞վ է «Էրեբունի» հյուրանոցի սեփականատերը: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը հրաժարվեց մեզ տեղեկատվություն տալ՝ պատճառաբանելով, թե հյուրանոցն այլեւս իրենց չի պատկանում:

Գոհար տատն ասում է, որ հյուրանոցի բնակիչներին վտարելու հարցով զբաղվում է ոմն Էդիկ Սարգսյան, ով ներկայանում է հյուրանոցի սեփականատեր: Վերջինս բնակվում է Եղեգնաձորում եւ հայտարարում է, թե՝ հյուրանոցը պատկանել է այլեւս հանգուցյալ իր հորեղբորը: «Մեզ ասում է, թե՝ հորեղբորս ինֆարկտ է խփել, ու հիմա էդ հյուրանոցով ես եմ զբաղվում: Ազատեք ու վերջ: Ոչ մի փաստաթուղթ էլ չունի, ուղղակի տենց ասում է: Նա իրավունք չունի, անօրինական պահանջ է ներկայացնում, որովհետեւ դատարանն ինձ չի վտարել, դատարանի որոշումը ոտնահարում են»,- ասում է Գոհար տատը՝ վստահեցնելով, որ իր միակ պահանջը բնակարանով ապահովելն է, այլապես նրանց տրամադրած գումարով մի նկուղ կամ երկաթե տնակ էլ չես գնի: Ասում է, որ Էդիկ Սարգսյանը հրահանգել է հյուրանոցի դռները կողպել, սակայն ծեր կնոջ իրերը դեռեւս իր նախկին սենյակում են: «Փողոցներում եմ քնում, քարերի վրա: Մրսում եմ, շորերս էլ են էնտեղ, չեն թողնում, որ մտնեմ սենյակից բան վերցնեմ: Ինձ ասում է՝ եթե մտնես՝ պիտի իրերդ հավաքես տանես: Ախր ո՞ւր տանեմ, տեղ չունեմ, փողոցներում եմ քնում»,- լաց լինելով պատմում է Գոհար տատն ու ցույց տալիս կոտրվածքներով ձեռքը: Դեկտեմբեր ամսին փողոցներում հայտնված այս կինն ընկել եւ ձեռքը կոտրել է: Պատահական մի մարդ մեքենայով հասցրել է հիվանդանոց, սակայն Գոհար տատը մինչ օրս մեջքի, ձեռքի հատվածում սուր ցավեր է ունենում: 87-ամյա այս կինը ժամանակին սպորտսմենուհի է եղել եւ աշխարհի տարբեր երկրների մրցույթներից բազմաթիվ շքանշաններ, պատվոգրեր է բերել Հայաստան: «Հայաստանի պատիվն աշխարհում միշտ բարձր եմ պահել: Սպորտաշխարհի չեմպիոնները Գոհար Թորոսյանի անունը շատ լավ գիտեն, ճամփորդել եմ ամբողջ աշխարհով ու մրցումներից վերադարձել եմ հաղթանակներով: Հայաստանի համար շատ գործեր եմ արել, բայց էսօր 17քմ ապրելու տեղ չեն տալիս: Այսօր ես փողոցում եմ, հասկանո՞ւմ եք: Կմեռնեմ, փողոցում էլ կմեռնեմ, բայց ամեն ինչ կանեմ, որ չմեռնեմ, ու էս հարցը հասնի Եվրամիություն»,- ասում է Գոհար տատն, ով փաստում է, որ հարյուրավոր դիմումներ է ուղարկել կառավարություն՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպում խնդրելով: Գոհար տատի խնդիրը լսել են նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, ներկայիս օմբուդսմեն Արմեն Հարությունյանը եւ այլ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հասկանում են, որ այս տատիկի պահանջն օբյեկտիվ է, սակայն չեն կարողանում օգնել: Հայտնի սպորտսմեններն, ովքեր ճանաչել են այս տատիկին, նրան տեսնելիս՝ ապշելով հարցնում են՝ «Գոհար, էս ի՜նչ օրն են քեզ գցել»:

Գոհար տատը խնդրում է ՀՀ իշխանություններին ուղղված իր վերջին պատգամը հրապարակել. «Եթե ես էս վիճակում պիտի մնամ, խնդրում եմ՝ ինձ գնդակահարեք»: Այս խոսքերն ասում է սպորտի վաստակավոր վարպետ, Հայրենական պատերազմի մասնակից, բազում մեդալներ, հուշամեդալներ ստացած, ժամանակին մեծ համբավ վայելած կինը: