Սոցիալապես անապահով մարդկանց մասին գրելու լրագրողական իմ փորձից ելնելով՝ հաստատ գիտեմ, որ հոդվածը գրելուց հետո, որոշ ժամանակ անց ցավալի լուր է լինելու: Ամեն անգամ հոդվածը տպագրելուց որոշ ժամանակ անց խմբագրության հեռախոսազանգն ազդարարում է ինչ-որ մեկի մահը:
Ու ես ինձ մեղավոր եմ զգում…
Մարդիկ մահանում են խաղաղ պայմաններում, մահանում են սովից ու անպաշտպանությունից: Եթե մեր իշխանությունները մի քիչ խղճի խայթ ունենային, աղքատ մարդկանց մասին մեր հրապարակումները կընդունեին իբրեւ «սեւ թուղթ» եւ ձեռք մեկնելով՝ կփրկեին նրանցից շատերին:
Կամ գոնե իրենց մեղավոր կզգային:
«Երեւանում, սարից այն կողմ, մեր կողքին» վերնագրով հոդվածը մեր թերթում տպագրվել էր մի քանի ամիս առաջ: Ներկայացրել էինք Վարդաշենի խուլ վայրում, սարի ետեւում գտնվող մի ավերակ շինության մեջ ապաստանած բնակիչների ծանր պատմությունը: Ծեր ամուսինները եւ նրանց երիտասարդ որդին` Արթուրն, ապրում էին առանց լույսի, առանց ջրի եւ աննկարագրելի վատ պայմաններում: Արթուրը ձմռանը սայթաքել, ոտքը վնասել էր եւ գումար չունենալու պատճառով՝ չէր կարողացել բուժզննում անցնել: Մեր այցելության ժամանակ նա գամված էր անկողնուն, որովհետեւ այլեւս ի զորու չէր ոտքերը տեղաշարժել: Մինչ այդ, նա, բանվորություն անելով, հետագայում ֆիզիկական անկարողության պատճառով աղբարկղերը քչփորելով՝ ծնողների համար սնունդ էր հայթայթում: Սակայն վիճակը շատ էր ծանրացել, եւ խնդրում էր օգնել հիվանդանոցում ստուգման ենթարկվելու համար: Արթուրի մայրը` տիկին Շուշիկը, կորցրել էր տեսողությունն ու անընդհատ կրկնում էր` «Քաղցած եմ, բալես, սովին չեմ դիմանում, հասկանո՞ւմ ես: Օգնեք մեզ, սովից մեռնում ենք, էլ չենք դիմանում»: Արթուրը մոր խոսքերը լսելիս՝ թաքցնում էր հայացքն ու սրբում կարմրած աչքերը: Տիկին Շուշիկը չէր դիմանում իր կենսակերպին, որովհետեւ ժամանակին Կարեն Դեմիրճյանը նրան բազում պատվոգրեր էր տվել: Նրանք ապրում էին ծերունիների ստացած թոշակով, իսկ «Փարոսից» նպաստ չէին ստանում: Այս ընտանիքն ապրում էր մի «տան» մեջ, որն ավելի շատ քաղաքային զուգարան էր հիշեցնում, իսկ առնետները ոտքի տակ վխտում էին: Ծեր ամուսիններն իրենց բնակարանը վաճառել էին ճգնաժամային տարիներին երեխաներին սովից փրկելու համար ու պատսպարվել այդ խրճիթի մեջ: Ամուսիններին թվացել էր, թե երեխաներին պաշտպանելու համար ամեն ինչ արել են, չեն խնայել ու էլ ոչինչ չեն կարող անել: Արթուրն, ում պաշտպանելու համար ծնողներն ամեն ինչ արել էին եւ այլեւս ոչինչ չէին կարող անել, օրեր առաջ մահացել է…
Արթուրն ամեն ինչ անում էր կույր մորն ու հուսահատության մեջ գտնվող հորը պաշտպանելու համար: Հիվանդ ոտքերով պտտվում էր, աղբամանները քչփորում, ուտելու բան էր գտնում, շիշ էր հավաքում, հանձնում էր ու նրանց համար ճաշ էր պատրաստում: Արթուրն իր ձեռքերով կույր մոր արտաթորանքն էր տանում-թափում: Ամեն ինչ անում էր ծեր ծնողներին օգնելու-փրկելու համար ու խնդրում էր իրեն օգնել բուժման հարցում` «Ծերուկներս անտեր կմնան»:
30-ամյա Արթուրը մահացել է, իսկ նրա ծերուկներն անտեր են մնացել…
Իսկ իշխանավորներն արթուրներին ձեռք մեկնելու ժամանակ չունեն, ավելի կարեւոր գործերով են զբաղված: