ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանի հարցին՝ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ նշեց, թե Ղարաբաղի խնդրում որեւէ նոր զարգացում չկա: «ԼՂ անվտանգությանն այսօր որեւէ լուրջ բան չի սպառնում, նույնիսկ հաշվի առնելով, այո, Ադրբեջանի տնտեսության ընդհանուր զարգացումը, որ տեղի է ունենում նավթային գործոնի շնորհիվ»,- ասաց Ս. Սարգսյանը:
Ըստ նրա, Ադրբեջանի ղեկավարների նպատակը չի իրականանում: «Անցյալ տարի Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ ինքն այնպես կանի, որ 2007 թվականին ադրբեջանական բանակն ունենա այնքան բյուջե, որքան ՀՀ-ն: Բնականաբար, չհաջողվեց»,- նշեց վարչապետն ու հավելեց, թե դա չի հաջողվելու նաեւ 2008-ին, քանզի այդ տարի ՀՀ բյուջեն լինելու է մոտ 2,5 միլիարդ դոլար, որից ռազմական մասը լինելու է մոտ 400 միլիոն դոլար, գրեթե այնքան, որքան 1998-ին ՀՀ ողջ բյուջեն: Իսկ Ադրբեջանի բյուջեն, ըստ Ս. Սարգսյանի տեղեկությունների՝ գալիք տարում լինելու է մոտ 6,5 միլիարդ դոլար՝ մոտ 1 միլիարդ ռազմական մասով:
Դեռ պարզ չէ, թե հատկապես ինչի՞ շնորհիվ է Հայաստանի բյուջեն այդքան մեծանալու, սակայն, եթե անգամ դա իրականություն դառնա, Ադրբեջանի ռազմական բյուջեն մոտ 2,5-3 անգամ ավելի կլինի ՀՀ ռազմական բյուջեից: Ինչեւէ, ըստ Ս. Սարգսյանի, Հայաստանում ոչ բոլոր քաղաքական ուժերն են, որ Ղարաբաղի հարցը համարում են ազգային եւ կենսական:
«Դուք ինձանից շատ լավ գիտեք, որ կան քաղաքական կուսակցություններ, կան անհատներ, որոնց համար Ղարաբաղի խնդիրը մի քոռ կոպեկի արժեք չունի, այլ ընդհակառակը, միգուցե ինչ-որ տեղ նրանք ուրախ կլինեն, որ պատերազմ սկսվի, եւ, Աստված մի արասցե, մենք էլ անհաջողության մատնվենք: Բայց ես էլ գիտեմ, դուք էլ գիտեք, որ այդպիսի բան երբեք չի լինի»,- նշեց Ս. Սարգսյանը: Վերջինիս խոսքերով՝ հասարակության ոչ բոլոր խավերի համար է ԼՂ խնդիրը կարեւոր համարվում: Իսկ թե հատկապես ո՞ր քաղաքական ուժերն են, որ Սերժ Սարգսյանի կարծիքով՝ «քոռ կոպեկի արժեք չեն տալիս Ղարաբաղի խնդրին, եւ նույնիսկ կուրախանան, երբ Հայաստանը պարտվի պատերազմում», մնաց անհայտ, քանի որ լրագրողների հարցին Ս. Սարգսյանը չպատասխանեց՝ նշելով, թե անուններ չի ասի, քանի որ դրանք հայտնի են բոլորին: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի կառավարության հրաժարականին՝ վարչապետը նշեց, թե «հանդարտ է վերաբերվում» դրան: