Ամերիկացի երաժիշտ, կիթառահար Ալ Դի Մեոլան համարվում է աշխարհի ամենահայտնի կիթառահարներից մեկը, նա կատարում է ֆյուժն ոճի երաժշտություն, որտեղ միահյուսված են իսպանական ֆլամենկոն, ջազն ու բրազիլական մեղեդիները: Դի Մեոլան համագործակցել է Էրիկ Քլեփթոնի, Ջիմի Մուրի եւ շատ այլ երաժիշտների հետ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ երաժիշտը նշեց, որ մենահամերգն իր համար յուրահատուկ է, քանի որ առաջին անգամ է Հայաստանում, եւ հույս հայտնեց, որ կրկին կվերադառնա` ելույթներով հանդես գալու: «Շատ հայ ընկերներ ունեմ, նրանք շատ են պատմել Հայաստանի մասին, մեծ ցանկություն ունեմ իմ աչքերով տեսնել այս երկիրը: Չնայած դեռ մեկ օր եմ այստեղ, բայց արդեն լավ տպավորություններ ունեմ: Այսօր կարեւոր օր է ինձ համար, քանի որ առաջին անգամ պիտի նվագեմ այստեղ»,- նշեց նա: Ալ Դի Մեոլայի հետ ժամանել են 4 երաժիշտներ, մենահամերգի ժամանակ նրա հետ հանդես կգա նաեւ Արտո Թունչբոյաջյանը: Աշխարհի լավագույն 5 կիթառահարներից մեկը համարվող Մեոլան բարձր է գնահատել Ա. Թունչբոյաջյանի արվեստը, եւ մեծ ուրախություն է համարում, որ 15 տարվա ընդմիջումից հետո կրկին հնարավորություն ունի հանդես գալու հայ երաժշտի հետ: Նա նաեւ նշել է, որ համագործակցել է մի քանի հայ երաժիշտների հետ, Ա. Թունչբոյաջյանի հետ ձայնագրել է մի շարք ստեղծագործություններ: «Արտոյի միջոցով մեր երաժշտության մեջ մտան հայկական երաժշտության հետաքրքիր ելեւէջներ»,- նկատել է նա: Կիթառահարը խոսել է նաեւ դուդուկի մասին, ասելով, որ կցանկանար օգտագործել այն իր ստեղծագործություններում: Ալ Դի Մեոլան կհանդիպի Ջիվան Գասպարյանի հետ, ինչպես նաեւ Հայաստանում Մեոլայի մասին փոքրիկ ֆիլմ կնկարահանվի:
Ալ Դի Մեոլան սկսել է նվագել 9 տարեկանից, հանդես է եկել աշխարհի լավագույն կիթառահարների հետ: Նա ունի 25 անհատական ալբոմ:
Երեկ լեգենդար կիթառահարը Հանրապետության հրապարակում մասնակցեց «ՀայՌուսգազարդ» ընկերության տասնամյակին նվիրված համերգային ծրագրին: Իսկ սեպտեմբերի
14-ին նա ելույթ կունենա Օպերայի եւ բալետի թատրոնի բեմում: Այդ մենահամերգից հետո նա կշփվի հայ հանդիսատեսի հետ եւ ինքնագրերով ձայներիզներ կվաճառի: