Բրազիլական շաբաթ

14/09/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Բրազիլիան աշխարհին կրքոտ սամբա, գեղեցիկ ֆուտբոլ ու երկարատեւ սերիալներ է տվել: Սերիալների պակաս մեր հանդիսատեսը հաստատ չունի: Իսկ սամբան եւ ֆուտբոլը, ինչպես նաեւ` բրազիլական երաժշտությունն ու բրազիլական խոհանոցը շուտով Հայաստանում կհայտնվեն:

Սեպտեմբերի 14-17-ը Երեւանում, այնուհետեւ` Գյումրիում եւ Վանաձորում, առաջին անգամ մեկնարկելու է բրազիլական մշակութային շաբաթը: Շաբաթվա սկիզբը կդնի բրազիլուհի դաշնակահար Մարիա Ժոզե Քարասկերիայի ելույթը, ով կներկայացնի դասականների եւ ժամանակակից կոմպոզիտորների գործերը:

Հայաստանում Բրազիլիայի դեսպան տիկին Ռենատե Սթիլլեն` ներկայացնելով շաբաթվա իրադարձությունները, նշեց, որ Բրազիլիայում շատ ավելի լավ են ճանաչում հայերին ու հայ մշակույթը, քան Հայաստանում` բրազիլականն ու բրազիլացիներին: «Դրա բացատրությունը շատ պարզ է. Բրազիլիայում մեծ հայկական համայնք կա, իսկ Հայաստանում առավելագույնը 40-50 բրազիլացի է ապրում»,- ասաց նա: Ընդ որում` բրազիլացիների մեծ մասը հայկական ֆուտբոլային ակումբներում խաղացող լեգեոներներն են: Տիկին դեսպանը նշեց, որ 20 բրազիլացի ֆուտբոլիստներ այսօր հանդես են գալիս հայկական ակումբներում, եւ նրանցից շատերը սեպտեմբերի 16-ին դուրս կգան Երեւանի Կոնսերվատորիայի բեմ, որտեղ սամբա պարողների եւ կապոերիա (սպորտային պար) կատարողների հետ կներկայացնեն իրենց ունակությունները: Դեսպանը նշեց, որ բրազիլացիների ֆուտբոլային հնարքները կրկնել կարողացող հայերը մրցանակներ կստանան: Սամբա եւ կապոերիա կատարողները հայեր կլինեն, որոնց նախապես դասեր են տվել Բրազիլիայի դեսպանության աշխատակիցները: «Ես շատ եմ ափսոսում, որ հայ ֆուտբոլիստներին Բրազիլիա սովորելու ուղարկելու ծրագրերը չիրականացան: Չգիտեմ` ինչո՞ւմն էր պատճառը»,- ասաց նա:

Երեւանի Համալսարանում բացվելու է բրազիլական ամբիոն, իսկ դեսպանատանը տեղի կունենա բրազիլական ֆիլմերի ցուցադրում: Դեսպանն ասաց, որ իրենց չի հաջողվել կրկնօրինակել ֆիլմերը (թեկուզեւ` ռուսերեն լեզվով), սակայն հուսով է, որ հայերը ֆիլմերի միջոցով կծանոթանան իրենց երկրի հետ: Իսկ բրազիլական ժողովրդական երաժշտություն հայերը կարող են լսել «Առագաստ» սրճարանում, ճիշտ է, դեռ միայն հայ երաժիշտների ու հայ երգչուհու կատարմամբ: «Արտիստներին Հայաստան բերելը ծախսատար է»,- նկատեց Ռ. Սթիլլեն:

Իսկ «Պոպլավոկի» ընտրությունը նա այսպես հիմնավորեց. «Մենք Երեւանի գրեթե բոլոր ճաշարաններում ու սրճարաններում եղանք եւ գտանք, որ ամենահարմարն ու ապահովը «Պոպլավոկն» է: Եվ այդ սրճարանը մեզանից վարձավճար չուզեց եւ պատրաստ եղավ բրազիլական ճաշատեսակներ մատուցել»,- ասաց տիկին Սթիլլեն: Բրազիլական խոհանոցի հետ մեկտեղ, կներկայացվի նաեւ ազգային ալկոհոլային խմիչքը` քաղցր օղին:

Հայաստանի մասին տպավորություններ հայտնելու ընթացքում նորանշանակ դեսպանը շատ էմոցիոնալ էր. նա նմանություններ գտավ մեր ժողովուրդների խառնվածքների միջեւ: Տարբեր երկրներում աշխատած Ռենատե Սթիլլեն ասաց, որ մեր երկիրն իրեն շատ հարազատ է: «Ես հիացած եմ հայ ժողովրդով եւ Արարատ սարով: Արարատն անընդհատ փոխվում է, դա ուղղակի մագնետիկ սար է,- ասաց նա եւ ավելացրեց,- Ես դեռ նոր եմ սկսել աշխատել, գուցե այդ պատճառով էլ ինձ համար այստեղ ամեն ինչը հիանալի է»: Նա խոստացավ, որ դեսպանությունը «բաց դռների» քաղաքականություն է վարելու եւ հաճույքով շփվելու է Հայաստանի քաղաքացիների հետ: Տիկին դեսպանն ասաց, որ մեր օրերում գլոբալացման դեմ պայքար մղելն առնվազն հիմարություն է: «Պետք է շնորհք ունենալ` տեխնոլոգիական նորություններն օգտագործելու եւ դրանցից օգտվելու համար»,- ասաց նա: