Ստի, ահավոր ստի եւ վիճակագրության հայտնի ասացվածքին կարող է ավելանալ նաեւ սոցիոլոգիան։ Այսպես, խորհրդարանական ընտրությունները «հորով-մորով» անելուց հետո Հայաստանի ամենասոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անցել է սոցիալական ոլորտին։ ՄԱԿ-ի «Հազարամյակների ծրագրի» պատվերով նա հետազոտել է աղքատությունը մեր երկրում։ Եվ եկել է մի եզրակացության՝ աղքատությունը Հայաստանում նվազել է։
«Փաստորեն, մենք 2004 թվականին ունեինք մոտ 40-41 տոկոս աղքատների քանակ, 2006 թվականին իջել է 26-27 տոկոս, եւ նրանց մեջ իջել է նաեւ ծայրահեղ աղքատությունը»,- երեկ հայտարարեց Ա. Ադիբեկյանը։
Լրագրողների հետ այդ հանդիպմանը ներկա՝ Կառավարությանն առընթեր Ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հանձնաժողովի ղեկավար Հրանուշ Խառատյանը նրա հետ չհամաձայնեց՝ որպես փաստարկ բերելով իրենց սեփական հետազոտությունները։ Հ. Խառատյանը նշեց, որ հացի խնդիրը՝ որպես այդպիսին, այնքան սուր չէ, որքան առաջ, սակայն. «Աղքատությունը՝ որպես որակ եւ կենսաձեւ, այդ մարդկանց մեջ ոչ միայն չի նվազել, այլեւ մեր գնահատմամբ՝ խորացել է, որովհետեւ մարդիկ այլեւս աղքատությունից չեն ամաչում, չեն փորձում թաքցնել: Հակառակը, դա դառնում է կենսաձեւ, ցուցադրություն»։
Տկն Խառատյանն օրինակ բերեց Գյումրիի աղբանոցը, որտեղ ապրող մարդկանց թիվը տարեցտարի ավելանում է։ Նրա համոզմամբ՝ եթե մարդը ստանում է աղքատության նվազագույն շեմից՝ 20 հազար դրամից ավելի գումար, դա չի նշանակում, որ նա աղքատ չէ։ Նույն աղբանոցում գոյատեւող մարդիկ ամսական վաստակում են 150-200 դոլար։
Ահարոն Ադիբեկյանը փորձեց դա բացատրել «ամերիկյան» մոդելով. այսինքն, կան մարդիկ, որոնց համար «բոմժ» լինելը կենսակերպ է, նրանք այդ կյանքով ապրում են ոչ թե կարիքից ելնելով, այլ պարզապես այդպես են ցանկանում։ Այսինքն, ամբողջ ընտանիքով՝ ամուսիններ, սկեսուր-սկեսրայր, երեխաներ (այդ մասին նշեց տկն Խառատյանը), աղբանոցում ապրող մարդիկ, պրն Ադիբեկյանի կարծիքով, դրանից «կայֆ» են ստանում։ Ունիկալ մոտեցում է։
Ստացվում է, աղքատությունը եւ աղբանոցում ապրելը պրն Ադիբեկյանը բացատրում է ամերիկացիներին հատուկ եւ մեզ համար անհասկանալի ֆենոմենով։ Սակայն, մյուս կողմից, երբ ուզում է հիմնավորել, թե մարդիկ ինչու են դժգոհում ծանր պայմաններից, ասում է. «Հայը որ հային տեսնում է, սկսում է դարդերից խոսալ: Ամերիկացին որ ընկերոջը տեսնում է, ասում է, որ լավ է ապրում, մի քիչ խնդիր կա, բայց կլուծի: Իսկ հայը սկսում է լացել»։
Ահա այսպես։ Երբ պետք է՝ կարելի է մինչեւ ուղնուծուծը մեզանից տարբերվող ամերիկացիների հետ զուգահեռներ անցկացնել, երբ պետք չի՝ կարելի է նշել տարբերությունները եւ ասել՝ դե, մենք ուրիշ ենք, մեր մենթալիտետը, մեր հոգեկերտվածքը, մեր լացկանությունը եւ այլն։
Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ թե ճակատագրով, երեկ մի հետաքրքիր հրապարակում եղավ լրատվամիջոցներում։ Կիեւում լույս տեսնող «Սեգոդնյա» օրաթերթի լրագրողները զանգահարել են իրենց ամենահայտնի սոցիոլոգներից մեկին եւ ներկայանալով որպես քչերին հայտնի «Քրիստոնեական դաշինք» կուսակցության աշխատակիցներ՝ պատվիրել են իրենց իրական վարկանիշը 5-6 անգամ ուռճացնող «սոցհարցում»։ Պատասխանը եղել է դրական՝ գինն էլ 4000 ԱՄՆ դոլար։ Լրագրողներն այդքանով չեն սահմանափակվել՝ նրանք վճարել են գումարը եւ համբերատար սպասել մինչ այն պահը, երբ սոցիոլոգը ասուլիս է հրավիրել եւ սկսել՝ «Կարծում եմ, որ վարկանիշի նման աճը բնական է: Դաշինքի ներկայացուցիչները խոսում են քրիստոնեական արժեքներից, իսկ մարդիկ հակված են մտածելու, որ հավատացյալ քաղաքական գործիչները կկատարեն իրենց նախընտրական խոստումները»։ Ահա այդ լոլոներից հետո լրագրողները հրապարակել են սոցիոլոգի հետ հեռախոսային բանակցությունների ձայնագրությունը եւ, պատկերավոր ասած, պայթեցրել սոցիոլոգին:
Ամենեւին չենք ուզում զուգահեռներ անցկացնել պրն Ադիբեկյանի եւ վերը նշված սոցիոլոգի միջեւ։ Թեեւ երբ հիշում ենք նրա նախընտրական «սոցհարցումները», երբ «Դաշինքի» վարկանիշը բարձրացել էր, քանի որ «Սամվել Բաբայանը կռված տղա է», ԲՀԿ-ին ընտրում էին՝ Գագիկ Ծառուկյանի պատճառով, «Ժառանգությանը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պապիկի ձայնի շնորհիվ, իսկ «Անդրանիկ Մարգարյանի մահը դրական է անդրադարձել Հանրապետական կուսակցության ձայների վրա», նման գայթակղություն առաջանում է։ Գայթակղություն է առաջանում նաեւ հետեւել ուկրաինացիների օրինակին՝ հարցում պատվիրել։ Բայց մյուս կողմից՝ երեւի անիմաստ է մեծ գումարներ ծախսել՝ ապացուցելու համար մի բան, որը գիտեն բոլորը։ Ով էլ չգիտի՝ նրանց պարբերաբար տեղեկացնում է Տիգրան Կարապետյանը։
Մի խոսքով, պրն Ադիբեկյանն ընտրություններից առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հացն էր կտրում, հիմա էլ՝ Ազգային վիճակագրական ծառայության։ Լավ է՝ նրանք չեն լացում… դեռ։ Չէ՞ որ լացից տուժում է «սոցհարցումների» որակը։