Սա դատ չէ, կոմեդիա է

14/09/2007

Այսօր Քրեական գործերով վերաքննիչ դատարանում վերսկսվելու է «Ռոյալ Արմենիա» ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանի եւ տնօրեն Արամ Ղազարյանի դատավարությունը: Գ.Հակոբյանը, սակայն, դատավարությանը ներկա չի լինի, որովհետեւ բուժման նպատակով գտնվում է Իսպանիայում:

Նույն պատճառով նա վերաքննիչ դատարանի նախորդ երկու նիստերին նույնպես ներկա չի եղել: Հիշեցնենք, որ Գ.Հակոբյանը եւ Ա.Ղազարյանը մեղադրվում էին ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով՝ մաքսանենգություն, փողերի լվացում, փաստաթղթերի կեղծում, խարդախություն եւ այլն: Մինչդեռ հուլիսի 16-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանն Ա.Ղազարյանին եւ Գ.Հակոբյանին արդարացնող որոշում կայացրեց: Սակայն կարճ ժամանակ անց ՀՀ Գլխավոր դատախազությունն առաջին ատյանի վճիռը բողոքարկեց վերաքննիչ դատարանում: Պարոն Հակոբյանը խնդրանքով դիմել էր դատական կազմի նախագահ դատավոր Սուրեն Ղազարյանին, որ այս դատավարությունը մեկ ամսով հետաձգի, մինչեւ ինքը կավարտի բուժումը եւ կվերադառնա Հայաստան: Վերաքննիչ դատարանը նախորդ՝ օգոստոսի 29-ի նիստին չբավարարեց այդ դիմումը եւ որոշեց Գ.Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը, նրա նկատմամբ հայտարարել հետախուզում, իսկ Ա.Ղազարյանի մասն առանձնացվեց եւ նշանակվեց նոր ուսումնասիրություն: Ինչեւէ, հասարակական հնչեղություն ստացած այս քրեական գործը հայտնի է նրանով, որ իշխանությունները հաշվեհարդար են տեսնում այն գործարարների նկատմամբ, ովքեր հայտարարել էին, թե ՀՀ Մաքսային կոմիտեի ղեկավարությունն իրենցից կաշառք է պահանջել: Իսկ երեկ մեղադրյալների փաստաբան Աշոտ Սարգսյանը մեզ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալ Գ.Հակոբյանը Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 20-ից հետո: «Գագիկ Հակոբյանն իր բուժումը դեռ չի ավարտել,- ասաց պարոն Սարգսյանը: -Սեպտեմբերի 20-ին նոր հայտնի կլինի՝ սիրտը վիրահատվելո՞ւ է, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա նա անմիջապես կվերադառնա, իսկ եթե պետք է վիրահատվի, ապա մոտ 10 օրվա ընթացքում կապաքինվի, նոր կվերադառնա»: Ա.Սարգսյանը նաեւ ավելացրեց, որ Գ.Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցը որպես կալանք ընտրելու որոշումը հակաօրինական է՝ Քրեական դատավարության օրենսգիրքը թույլ չի տալիս նույն մեղադրանքով մեղադրվող մարդուն երկրորդ անգամ կալանավորել: Իսկ Գ.Հակոբյանն այդ մեղադրանքներով ոչ միայն կալանավորված է եղել, այլ՝ առաջին ատյանի դատարանում արդարացվել է: Ա.Սարգսյանի կարծիքով՝ վերաքննիչ դատարանի այս որոշումը նպատակ ունի հասարակությանը ցույց տալ, թե Գ.Հակոբյանը խուսափում է ներկայանալ դատարան, որովհետեւ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներն իրական են: «Գ.Հակոբյանը նրանց այդպիսի նվեր չի տա, ամեն դեպքում գալու է,- ասում է փաստաբանը: -Արդարադատությունից խուսափելու խնդիր չկա: Ճիշտ է, արդարադատությունն իրենց ձեռքերում է, բայց իրական արդարությունը մեր կողմն է: Սա դատ չէ, դատի ձեւ տված կոմեդիա է: Երեք դատավոր են, նախագահող կա, դատն արձանագրվում է, բոլոր պերսոնաժները ներկա են՝ դատի ձեւը պահել են»: