Երեկ՝ քաղբանտարկյալ, այսօր՝ քաղաքական հալածյալ

14/09/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Սեպտեմբերի 6-ի երեկոյան անսպասելիորեն Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից ազատ արձակվեց ՄԱԿ-ում Հայաստանի առաջին դեսպան, ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման համահիմնադիր, ՀՀՇ անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Հիշեցնենք, որ հայրենի իրավապահները մայիսի 7-ին նրան կալանավորել էին «փողերի լվացման» մեղադրանքով:

Ա. Արզումանյանի ազատ արձակումից ընդամենը մի քանի օր առաջ «դատարան» կոչվող մարմինը բավարարել էր ԱԱԾ հայցը՝ եւս 2 ամսով երկարաձգելով նախկին նախարարի կալանքը: Արզումանյանի ազատ արձակումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, թե մեղադրանքը մնացել է նույնը, բանկային փոխանցումների մեխանիզմն «ամբողջությամբ վկայում է փողերի լվացման հանցակազմի մասին», գումարը ստացողը չի կարողացել բացատրել այդ գումարի ստացման նպատակները: Այնուհետեւ դատախազը հայտարարել էր բառացիորեն հետեւյալը. առաջիկայում իրավապահ մարմինները «պետք է փորձեն հիմնավորել այդ գումարների՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու իրողությունը»: Ինչպես ասում են՝ NO COMMENT: Ի սկզբանե այս գործը «կառուցված էր» աբսուրդի ու անհեթեթությունների շղթայի վրա, եւ թերեւս այդ պատճառով էլ արագորեն սկսեց փլվել: Մենք արդեն ընթերցողին ներկայացրել ենք այս գործի մանրամասները: Իսկ երեկ «Պրեսսինգ» ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ «մեղադրյալ» Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ եթե մի քանի օր առաջ ինքը քաղբանտարկյալի կարգավիճակում էր, ապա այսօր արդեն քաղաքական հալածյալի կարգավիճակում է: «Որեւէ բան դեռ չի փոխվել: Այդ անհեթեթ, շինծու մեղադրանքը հանված չէ, եւ որեւէ մեկը դեռ ներողություն չի խնդրել իմ անցկացրած 4 ամիսների համար, որը ես պահանջելու եմ»,- ասաց նա: Նախկին նախարարն ամիսներ առաջ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքարկելով իր անհիմն կալանավորումը, եւ գործն արդեն վարույթ է ընդունվել: Իր նկատմամբ հարուցված քրեական գործի մասին Ա. Արզումանյանը նաեւ նշեց. «Գործ չկար, քրեական գործ գոյություն չուներ: Դա հաստատեց նաեւ դատախազը: Իմ բարի անունը ես պետք է վերականգնեմ, որովհետեւ ինձ զրպարտել են, պիտակներ են կպցրել: Հիմա դատախազը հանրապետությունով մեկ հայտարարում է, որ քրեական գործը կա, հանցագործություն է տեղի ունեցել, մնում է միայն, որ ԱԱԾ-ն հիմնավորի, որ Սաշիկ Աղազարյանի գումարներն անօրինական են: Այսինքն՝ մնում է անել միայն այն, որի առկայության դեպքում միայն կարելի է մտածել ու կասկածել, որ կարող է լինի փողերի լվացում կամ որեւէ այլ բան: Մնում է անել այն, ինչից պետք է սկսել: Այսինքն՝ դա հաստատում է, որ ինձ 4 ամիս առաջ, առանց որեւէ բանի տարել են մեկուսարան եւ սկսել են գործ սարքել: Սարքում էին մի գործ, չստացվեց, տեղափոխվեցին մյուսի վրա»: Հիշեցնենք, որ Ա. Արզումանյանը կալանավորվել էր իբրեւ թե գործարար Լեւոն Մարկոսի կեղտոտ «փողերը լվանալու» համար, սակայն նրա կալանավորումից անմիջապես հետո մեկ այլ գործարար՝ Ս. Աղազարյանը, հայտարարեց, թե գումար ուղարկողն ինքն է: «Որ սա քաղաքական պատվեր է, ցույց է տալիս հենց այն, որ հանձնարարել էին մտնել դատարան, եւս 2 ամիս պահանջել, եւ հանկարծ հանձնարարեցին, որ ազատ արձակեն: Նույն մարդը, որ 3 օր առաջ գրում էր, որ անհրաժեշտ է, որ ես եւս 2 ամիս լինեմ կալանավայրում, նույն մարդը գրում է, որ անհրաժեշտ է խափանման միջոցը փոխել: Նույն աբսուրդ իրավիճակը՝ շվարած, անհասկանալի, զարմացած, որը կար մայիսի 7-ին, երբ ինձ այդ անհեթեթ մեղադրանքը ներկայացվեց, շարունակում է մնալ,- նշեց Ա. Արզումանյանն ու շարունակեց,- Ես պայքարելու եմ իմ բարի անունը վերականգնելու համար, եւ բոլոր այդ զրպարտիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Արզումանյանը նշեց, որ մինչ օրս չգիտի, թե իրականում իրեն ինչո՞ւ կալանավորեցին եւ ինչո՞ւ ազատ արձակեցին: Իսկ հնարավո՞ր է, որ իրեն կալանավորելու հրամանը մի մարդ է տվել, բաց թողնելունը՝ մեկ այլ: «Այդ առասպելին, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կա հակասություն… : Ես ռեժիմը պատկերացնում եմ այս տանդեմով ղեկավարվող, եւ նրանց մեջ որեւէ այդպիսի բան չեմ տեսնում»,- ի պատասխան՝ նշեց նախկին նախարարը՝ հավելելով, թե այս ամենը պատվեր է եւ ոչ իրավաբանական գործընթաց: «Սա քաղաքական տեսանկյունից պատվեր է, իսկ իրավաբանական տեսանկյունից՝ «բեսպրեդել»: Նույն «բեսպրեդելի» շարքում հենց իմ ազատումն է եղել: «Բեսպրեդել» է. երեկ որոշել էին չազատել, այսօր որոշել են ազատել»,- նկատեց Ա. Արզումանյանը: Անդրադառնալով գլխավոր դատախազի այն պնդմանը, թե գումարը ստացողը չի կարողացել բացատրել այդ գումարի ստացման նպատակները՝ ՄԱԿ-ում Հայաստանի առաջին դեսպանը տեղեկացրեց, թե իրեն որեւէ մեկն այդ մասին չի էլ հարցրել, ու ավելացրեց. «Իմ փոխարեն պատասխանել է Ս. Աղազարյանը, որն ասել է, որ ես իմ ընկերոջ խնդրանքով նրան փող եմ ուղարկել: Վերջացավ»: «Նման մեղադրանք ներկայացնելուց առաջ նախ պետք է լինի կեղտոտ գումարը, հետո մտածեն՝ ով է լվանում: Ոչ թե ասեն՝ դու լվացել ես, հիմա տեսնենք՝ կա՞ կեղտոտ գումար, թե՞ չէ: Սա է այսօրվա տրամաբանությունը. մենք ասում ենք՝ դու լվացել ես գումար, բայց կա՞ այդ գումարը, որը դու լվացել ես, թե՞ ոչ, մենք դեռ պետք է ճշտենք: Այս աբսուրդը դրանում է»,- շարունակեց Ա. Արզումանյանը: Իսկ հարցին, ինչպե՞ս է վերաբերվում այն խոսակցություններին, որ իրեն մատնել են Գագիկ Սարգսյան անունով հանդես եկող հրապարակախոս Արտյոմ Խաչատրյանը եւ Վահան Շիրխանյանը, Ա. Արզումանյանը պատասխանեց, թե ինքը Խաչատրյանին ճանաչել է ձերբակալումից երկու-երեք ամիս առաջ, իսկ Շիրխանյանին վաղուց գիտի: Արզումանյանի խոսքերով՝ ինքը որեւէ գաղտնի բան, որեւէ հանցանք չի արել, որ մատնելու բան լիներ: Իսկ Շիրխանյանին վերաբերող հարցերը նա առաջարկեց ուղղել հենց Շիրխանյանին: Ասուլիսի վերջում Ա. Արզումանյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին՝ ասելով, թե ինքը եւս մեկ անգամ համոզվեց, որ Հայաստանում ամենաշատ գործ անողները լրագրողներն են, «ինչը չեմ ասի քաղաքական գործիչների մասին, ինչը չեմ ասի իրավապաշտպանների մասին»: «Այս խոսքերը, կարծում եմ, կկիսեն նաեւ մյուս քաղբանտարկյալները՝ Ժիրայր Սէֆիլյանը, Վարդան Մալխասյանը եւ Արման Բաբաջանյանը: Մենք բոլորս շարունակելու ենք պահանջել, որ Հայաստանում այլեւս քաղբանտարկյալ չլինի»,- եզրափակեց Ա. Արզումանյանը: