Ռուսներին չեն սիրում

12/05/2005

Վրաց պատգամավորների Ռուսաստանին ներկայացրած վերջնագիրը Մոսկվայում ընդունվել է որպես ապտակ։ Վրաստանի խորհրդարանը գործադիր իշխանությունից պահանջել է սանկցիաներ կիրառել Բաթումիում եւ Ախալքալաքում գտնվող ռուսական ռազմական բազաների դեմ, եթե Մոսկվան մինչեւ մայիս չստորագրի զորքերի դուրսբերման գրաֆիկը։ Գրեթե միաժամանակ Վրացի ուսանողների միությունը հայտարարել է, որ հազարավոր երիտասարդներ, ի պաշտպանություն Ազգային ժողովի որոշման, պատրաստ են ցույցեր եւ հացադուլներ սկսելու։

Ինչպես հաճախ է պատահում Մոսկվայում, այս հայտարարությանն առավել կտրուկ արձագանքել է Դուման։ Բազմաթիվ ռուս պատգամավորներ պահանջել են, որպեսզի Կրեմլն անհապաղ միջոցներ ձեռք առնի վրացիների դեմ՝ ստիպելով նրանց համաշխարհային գներով վճարել Ռուսաստանից առաքված էլեկտրականության համար։ Ավելին, նրանք պահանջում են սկսել էներգետիկ շրջափակում։ ԱՊՀ հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Կոնստանտին Զատուլինը հեգնանքով ասել է. «Եթե մկնիկն իրեն վատ պահի, ապա կատուն ստիպված կլինի նրան տեղը դնել»։

Վրաստանում ռուսական ռազմական բազաների հարցը երկար պատմություն ունի։ Դրա մասին խոսում են սկսած 1999 թվականից։ Ստամբուլյան համաձայնագրերի ստորագրումից հետո Բորիս Ելցինը հանձն էր առել դուրս բերել երկու գարնիզոնները, բայց հարցի լուծումը ձգձգվեց։ Սկզբում Ռուսաստանի պաշտպանության նախարարը պահանջեց 11 տարով երկարաձգել ժամկետը, հետո՝ 8 տարով։ Հիմա Ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ գեներալ Մազուրկեւիչը երդվում է բոլոր աստվածներով, որ 3000 մարդ եւ մեծաքանակ ռազմական տեխնիկա հնարավոր է դուրս բերել ոչ ավելի շուտ, քան 3-4 տարում։ Բացի այդ, դուրսբերումը Ռուսաստանի համար կարժենա 500 միլիոն դոլար։

Չնայած Կովկասից հնչող ճիչերին, ոչ ոք չի կասկածում, որ առեւտուրը շարունակվելու է։ Կրեմլը նախատեսում է Վրաստանում գտնվող իր ուժերը տեղաբաշխել Դաղստանում եւ Կարաչաեւո-Չերկեսիայում, բայց վտանգ կա, որ բանակցությունների ընթացքում իրավիճակը կսրվի։ Եվ արդեն սրվել է, որովհետեւ Վրաստանում ռուսական բազաների հրամանատար գեներալ Բեսպալովը` մուտքի թույլտվություն չստանալու պատճառով նստած է Հայաստանում։

Իմիջիայլոց, Թբիլիսիում ԱՄՆ-ի ու Եվրոպայի աջակցությունը վայելող վրացիները գնալով բարձրացնում են տոնը։ Վրաստանի խորհրդարանի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Գաբիաշվիլին իրեն այսպիսի ամպագոռգոռ արտահայտություն է թույլ տվել, «Խորհրդարանի որոշումը Ռուսաստանի դեմ չէ, այլ հակառակը՝ նրա օգտին։ Մենք օգնում ենք Ռուսաստանին` դառնալու ժողովրդավարական երկիր եւ ձերբազատվելու կայսերական մտածողությունից»։

Իսկ Մոսկվան, իրապես, դժվարությամբ է ոտք դնում նոր դարաշրջան։ Ռուսաստանը համառորեն փորձում է իր կամքը պարտադրել, ինչպես անում էր 75 տարի առաջ` հանուն «ժողովուրդների անխախտ բարեկամության»։ Ազատական շրջանակներում անհանգստություն է նկատվում՝ հին խաղերը խաղալով արդյոք Կրեմլը չի՞ գնում «մերձավոր արտասահմանի» վրա ազդեցությունը կորցնելու ռիսկի։

Տ.Պ.