Նոր զարգացումներ Վանաձորում

14/09/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Օգոստոսի 25-ին Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործը նոր զարգացումներ է ստանում, եւ դրանք կապվում են Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անվան հետ:

Մասնավորապես, սեպտեմբերի 8-ին Լոռու մարզի դատախազությունը հարցաքննել է Վանաձորի քաղաքապետի եղբորորդուն՝ Արման Դարբինյանին պատկանող «Բելիսիմո» բար-սրճարանի մի խումբ աշխատակիցների: Հարցաքննության ժամանակ քննիչները ծեծել, հայհոյել են նրանց եւ ստիպել են ստորագրել Ա. Դարբինյանի դեմ նախապես պատրաստած ցուցմունքների տակ: Աշխատողներից երեքը եղել են աղջիկներ՝ Սաթիկ Պարսամյանը, Աննա Թումանյանը եւ Իրինան: Սաթիկը հարցաքննողների մեջ ճանաչել է Լոռու մարզի դատախազության քննիչ Մարզպետ Խաչատրյանին, իսկ մյուս հարցաքննողները, իր խոսքերով, եղել են Երեւանից: Գիշերը նրան բաց են թողել, սակայն երկուշաբթի օրը երկու անգամ նորից հրավիրել են դատախազություն: Սաթիկը պատմում է, որ ինքը չի ստորագրել կեղծ ցուցմունքների տակ, բայց իր գործընկերները ստորագրել են: «Դեռ սենյակ ներս չմտած՝ նրանք սկսեցին ինձ հայհոյել՝ այ պոռնիկ, ասա՛, ինչ ես տեսել, ինչ ես լսել: Սեղանին դրած էր մի մեծ քանոն, էդ Մարզպետն ինձ ասում է՝ աղջիկ ջան, եթե չասեցիր՝ էս քանոնը…, գիշերը մնալու ես այստեղ, պուտանկեքի հետ կպահենք ու քեզ ամենավերջին ձեւով կայլանդակենք,- պատմում է Սաթիկը: -Ինձ ասում են՝ ցուցմունք տուր, թե դա Արմանն է արել (Ալբերտ Ղազարյանին սպանելու պատվերը): Ես էդ օրը գործի չեմ եղել, ասում եմ՝ չեմ կարող էդպիսի բան ասել: Չէ, ասում են, դու գործի ես եղել, ամեն ինչ գիտես, պիտի ասես: Մյուս սենյակներից էլ լսում էի մեր Աշոտի ու մյուս աշխատողների լացի ձեները, նրանց էլ ծեծում էին: Ես չստորագրեցի իրենց ցուցմունքի տակ, իսկ իմ ցուցմունքը կիսատ թողեցին, թե՝ էսպես չի լինի, դու մեր ուզածը պետք է ասես»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում պատմում էր Սաթիկը:

Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետի եղբորորդուն Լոռու մարզի դատախազություն են տարել անցած հինգշաբթի օրը: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը քննում է Ալբերտ Ղազարյանի սպանության մի քանի վարկածներ, որոնք բոլորն էլ կապված են Ղազարյանի ծառայողական գործունեության հետ: Ոչ պաշտոնական վարկածներից մեկն էլ այն էր, որ սպանությունը կարող էր պատվիրած լինել Վանաձորի քաղաքապետը, որի գործունեության հետ կապված, ինչպես հայտնի է, Լոռու մարզի դատախազությունում մի քանի քրեական գործեր էին հարուցված: Ամենայն հավանականությամբ, հենց այս վերջին վարկածի շրջանակներում գործի մեջ է ներգրավվել Վանաձորի քաղաքապետի զարմիկը: Նշենք, որ անցյալ հինգշաբթի օրը կայացած հարցաքննությունից հետո իրավապահները խուզարկել էին Արմանի մեքենան եւ 4 հատ փամփուշտ էին հայտնաբերել, ինչից հետո էլ նրան ձերբակալել են եւ մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի 235 հոդվածով` ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով: Արմանի մայրը՝ Նարինե Մանուկյանը, սակայն, հերքում է, թե իր տղան մեքենայի մեջ փամփուշտ է պահել: Նա պնդում է, որ այդ «ժանգոտ պատրոնները» խուզարկողներն են գցել իր տղայի մեքենայի մեջ, քանի որ, ըստ Ն. Մանուկյանի՝ հարցաքննության ժամանակ մեքենայի բանալիները վերցրել են Արմանից:

Իսկ «Բելիսիմոյի» աշխատողներից հատկապես ծանր վիճակում է հայտնվել Կարեն Դոդրյանը: Հարցաքննելուց ու ծեծելուց հետո քննիչները` զգալով, որ նրան այդ վիճակով միայնակ չեն կարող դուրս թողնել (իսկ դրսում էլ կանգնած են եղել տեղական ԶԼՄ-ների լրագրողներ), մեքենայով տարել են հարակից գյուղերից մեկը եւ թողել Կարենի` այդ գյուղում բնակվող բարեկամների տանը: Ընդ որում, Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերությունը նկարահանել եւ հեռարձակել է «Բելիսիմոյի» նշված աշխատակիցների հետ հարցազրույցը, որոնք տեսանյութում պատմել են, թե Դատախազությունում իրենց հետ ինչպես են վարվել: Իսկ երեկ Գլխավոր դատախազությունը հեռուստաընկերությունից պահանջել է այդ տեսանյութը: Մեր հարցին` արդյոք Ա. Ղազարյանի սպանության գործով ցուցմունքներ կորզելու նպատակով ծեծվե՞լ են վկաներ, ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն այսպես պատասխանեց. «Դատախազությունը որեւէ գրավոր դիմում-բողոք չի ստացել վկաների նկատմամբ բռնություններ, ճնշումներ գործադրված լինելու վերաբերյալ: Տարօրինակ է, որ կան դժգոհություններ, բայց դրանք ներկայացվում են ոչ թե նախաքննական մարմնին, այլ հարցազրույց են տալիս: Սա հիմք է տալիս ասելու, որ դժգոհությունները կազմակերպվում են արհեստականորեն, նրանց կողմից, ովքեր շահագրգռված չեն գործի բացահայտմամբ»:

Վանաձորում է եղել եւ Դատախազությունում հարցաքննվածների հետ զրուցել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: Վերջինս հաստատեց, որ «Բելիսիմոյի» աշխատակիցներին ծեծել են: Նա մանրամասն չասաց, թե աշխատակիցներն ինչ վիճակում էին, սակայն խոստացավ այդ մասին պատմել այսօր հրավիրվելիք ասուլիսի ընթացքում: «Ես անուն չեմ գտնում ասելու, թե ինչ եմ տեսել ու լսել,- ասաց պարոն Դանիելյանը: -Բոլոր դեպքերում դա անօրինականություն է, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում»: Իսկ Վանաձորում իշխում է այն կարծիքը, թե Ա. Ղազարյանի սպանությունն ուզում են բարդել քաղաքապետ Սամվել Դարբինյանի վրա: Ճիշտ է, վանաձորցիներն առանձնապես դրական կարծիք չունեն իրենց քաղաքապետի մասին, կարծում են, որ նա չափից դուրս կոռումպացված է, սակայն չեն հավատում, որ նա կարող է լինել սպանության պատվիրատուն: Վանաձորցիներից շատերը մտածում են, որ Ղազարյանի սպանության գործը քաղաքապետի ուղղությամբ տանելու հարցում շահագրգիռ է ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, որը Ս. Դարբինյանի հետ լարված հարաբերություններ ունի: Այժմ կարծիք կա, թե Վահրամ Բաղդասարյանին աջակցում են նաեւ բարձրագույն իշխանության որոշ ներկայացուցիչներ: Մի խոսքով, Վանաձորում հիմա մթնոլորտը խիստ լարված է: Նույնիսկ լավատեղյակները չեն կարողանում հստակ պատկերացնել, թե ինչ է կատարվում իրենց քաղաքում, ով ում դեմ է գործ սարքում: