ՀՄՀ-ում «փլա՞վ» են բաժանում

14/09/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի (ՀՄՀ) ծրագրի շահառուների խորհրդի սեպտեմբերի 29-ին կայանալիք ընտրությունները հասարակական կազմակերպություններին բաժանել է երկու «բանակի»:

Հիշեցնենք, որ ամերիկյան ՀՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք 232 մլն դոլարի ծախսման գործընթացի վերահսկողությունը վերապահվել է հասարակական հատվածին, որի համար էլ ստեղծվել է Շահառուների խորհուրդը: Պարզվում է, դեռ նախորդ տարվանից հասարակական հատվածի ներկայացուցիչները չեն կարողանում իրար հետ լեզու գտնել այն հարցում, թե ովքեր պետք է ընտրվեն ՀՄՀ շահառուների խորհրդում: Հասարակական կազմակերպությունների (հ/կ) մի մասը պնդում է, որ սպառողական կոոպերատիվները շահույթ հետապնդող կազմակերպություններ են եւ չեն կարող մասնակցել Շահառուների խորհրդի ընտրությանը: Ըստ ՀՄՀ-ի պահանջների, Շահառուների խորհուրդ ասվածը պետք է բաղկացած լինի բացառապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, մյուս կողմից էլ՝ Հայաստանի օրենսդրության մեջ քաղաքացիական հասարակություն կատեգորիայի հետ կապված վիճելի դրույթներ կան: Այս խնդիրը հերթական անգամ բարձրացվել է ՀՄՀ ծրագրի շահառուների խորհրդի ընտրության կարգի նախագծի` սեպտեմբերի 3-ին կայացած քննարկման եւ հաստատման ժամանակ, որին մասնակցել են 153 հ/կ-ների ներկայացուցիչներ: «Արդյո՞ք սպառողական կոոպերատիվները ոչ առեւտրային կազմակերպություններ են, եւ արդյո՞ք վերջիններն իրավունք ունեն մասնակցել Շահառուների խորհրդի ընտրությանը»,- այս հարցերի պատասխանը ժողովն առաջարկել է լուծել քվեարկությամբ: Ժողովի մասնակից 17 ոչ առեւտրային եւ երկու տասնյակ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ դահլիճը լքելով` իրենց անհամաձայնությունն են հայտնել առաջարկության վերաբերյալ: Այսպիսով մոտ 43 կազմակերպություն զրկվել է Շահառուների խորհրդի ընտրության իրավունքից, եւ նրանք պատրաստվում են իրենց իրավունքները վերականգնել դատական կարգով: Մյուս կողմից էլ՝ ընտրության իրավունքից զրկված հ/կ-ների ներկայացուցիչները նշում են, որ օրենսդրական բացի պատճառով դատարանը դժվարանալու է բավարարել նրանց հայցադիմումը: «Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախագահ Վարդան Համբարձումյանը պահանջում է, որ «Սպառողների իրավունքների պաշտպան» հ/կ նախագահ Աբգար Եղոյանը (որին մեղադրում են ստեղծված իրավիճակի համար) հրապարակավ ներողություն խնդրի: «Եղոյանն այս խառնաշփոթը ստեղծեց, նախ՝ որ իր կազմակերպությունը նախորդ տարի չէր ընտրվել, եւ բացի այս էլ՝ կարծում է, թե ՀՄՀ-ում փող են բաժանում: Հ/կ-ները միայն վերահսկում են, որ այդ գումարները ճիշտ բաշխվեն»,- ասում է Վարդան Համբարձումյանը: «Սպառողների իրավունքների պաշտպան» հ/կ նախագահ Աբգար Եղոյանն էլ կատարվածի վերաբերյալ իր բացատրություններն ունի: Եղոյանն ասում է, որ սպառողական կոոպերատիվները նախորդ տարի ՀՄՀ շահառուների խորհրդի ընտրությունների ժամանակ չեն քվեարկել իրենց օգտին, այլ քվեարկել են ցուցակով նախօրոք ներկայացված մի քանի կազմակերպությունների համար: «Յուրաքանչյուր հ/կ ունի 5 ձայնի իրավունք, որից մեկ ձայնը կարող է ինքն իրեն տալ: Մինչդեռ սպառողական կոոպերատիվներն իրենք իրենց անգամ մի ձայն չեն տվել: Ես հաստատ գիտեմ, որ նախորդ տարի ընտրությունների ժամանակ պայմանավորվածություններ են եղել: Այդ կոոպերատիվներն իրենք իրենց չեն ընտրում եւ, բացի այս էլ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ չեն համարվում: Կոոպերատիվները գյուղերում ծառայություններ են մատուցում եւ դրա դիմաց եկամուտ են ստանում: Իսկ եթե դատարան էլ տան, ոչ մի դատարան իրենց գործը չի ընդունի»,- մի տեսակ չարախնդում կամ իր հաղթանակն է տոնում Եղոյանը: Շահույթ հետապնդելու մասին չեն հերքում նաեւ մի քանի կոոպերատիվներ: Ասենք, իրենց տրակտորով վարում են գյուղացու հողը, որի դիմաց գումար են վերցնում: Սակայն նշում են, որ ստացած եկամուտն ուղղում են ներքին ծախսերին, եւ այն չի կարող միանձնյա տնօրինել կազմակերպության ղեկավարը, ինչպես շահույթ հետապնդող կազմակերպության պարագայում է: Նշենք, որ սպառողական կոոպերատիվները հիմնականում ներկայացնում են գյուղական վայրերը, եւ բնական է, որ մայրաքաղաքի նիստուկացին տեղյակ հ/կ-ները փորձելու էին խաղի մեջ մտնել` իրենց կողմը ներգրավելով գյուղական բնակավայրերում գործող հ/կ-ներին: Մայրաքաղաքային այս քաշքշուկից միանշանակորեն տուժելու են գյուղական համայնքները: Օրինակ, Խաչիկ գյուղի ֆերմերները եւ Ջանֆիդայի կոոպերատիվի ներկայացուցիչները տարակուսում են, որ եթե իրենք ՀՄՀ-ի շահառուների խորհրդում իրենց ներկայացուցիչը չունենան, ապա 232մլն դոլարից իրենց գյուղերին բաժին չի հասնելու: Հետաքրքիրն այն է, որ հ/կ-ների երկու թեւն էլ պնդում է, որ այս գործի մեջ չկա փող` անձնական շահ, եւ մղումները միմիայն հասարակության բարօրությանն են միտված: Եվ միեւնույն ժամանակ էլ մեղադրում են իրար, թե մյուս կողմը հաստատ փողի հոտ է առել: Նշենք, որ ընտրության իրավունքից զրկված հ/կ-ների ներկայացուցիչներն այս խնդրի լուծման համար նամակով դիմել են վարչապետ Սերժ Սարգսյանին, որը հիշեցրել է, որ որպես ՀՄՀ կառավարման խորհրդի նախագահ՝ իրավունք չունի միջամտել հասարակական հատվածի հարաբերություններին: