«Ֆիլմարտադրությունը 2008-ին լինելու է Հանրային հեռուստատեսության գերակա ուղղություններից մեկը»,- երեկ հրավիրած ասուլիսում ասել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը:
Նա նշել է, որ 2008թ. համար բազմաթիվ նոր ֆիլմեր նկարահանելու ծրագրեր կան: «Երեւան» ստուդիայում նկարահանվել է նոր ֆիլմ` «Սկյուռներ եւ արջեր» պայմանական վերնագրով: Երկու ամսից սկսելու ենք հայկական թեթեւ սերիալի նկարահանումները, որի համար գնել ենք 180 մասից բաղկացած լատինաամերիկյան ոճի սերիալի սցենար: Նկարահանելու ենք նաեւ երիտասարդական թեթեւ կատակերգային սերիալ»,- ասել է նա` ավելացնելով, որ «32 ատամ» նախագծի հիման վրա նույնպես նոր սերիալ է ցուցադրվելու, իսկ 2 շաբաթից սկսվելու է «Կորուսյալները» հայտնի սերիալի ցուցադրությունը: Ա. Արզումանյանը տեղեկացրել է, որ Հ1-ը ձեռք է բերել շուրջ 1500 ֆիլմ: «Մեր առջեւ խնդիր ենք դրել դադարեցնել լատինաամերիկյան ֆիլմերի ցուցադրությունը»,- ասել է նա` հավելելով, որ ուսումնասիրությունների արդյունքում իրենք պարզել են, որ Հ1-ի հաղորդումները դիտում են հիմնականում միջին տարիքի մարդիկ. երիտասարդական հաղորդումների պակաս կա:
«Նոր եթերաշրջանում սպասվում է նոր երաժշտական եւ երիտասարդական հաղորդաշարերի ցուցադրում»,- ասել է Ա. Արզումանյանը` տեղեկացնելով, որ շարունակվելու է «Երկու աստղ» նախագիծը, ցուցադրվելու է «Մենք ենք, մեր սարերը» նոր հաղորդաշար, ինչպես նաեւ՝ «Երեւան» ստուդիայի արխիվների վրա հիմնված պատմական հաղորդում: «Այնուամենայնիվ, լավ կլինի, եթե Հանրային հեռուստատեսությունն ունենա նաեւ «Մշակույթ» ալիք, որով կհեռարձակվեն զուտ մշակութային հաղորդումներ, նաեւ լրատվական ալիք` 24 ժամ լրատվություն ապահովելու համար»,- ասել է նա: