ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանը սեպտեմբերի 6-ին հրահանգել էր «Գորիս» քրեակատարողական հիմնարկում ուսումնական տագնապ հայտարարել:
Պրն Մարտիրոսյանին խնդրեցինք թույլ տալ հայտարարված տագնապի գործընթացին մասնակից լինել եւ լուսաբանել, թե ինչ է այդ ընթացքում կատարվում «Գորիս» քրեակատարողական հիմնարկում: Նախ նշենք, թե ինչ է իրենից ներկայացնում հայտարարված տագնապը: Ցանկացած տիպի տագնապ հայտարարելու իրավունք ունի միայն Քրեակատարողական հիմնարկների վարչության պետը, իսկ հիմնարկներում՝ նաեւ հիմնարկների պետերը: Քանի որ նման ռեժիմային հիմնարկներում պահվում են քրեական տարրեր, բնականաբար արտակարգ իրավիճակներն այս հաստատություններում անխուսափելի են: Քրեակատարողական վարչության Քաղպաշտպանության եւ մոբիլիզացիոն աշխատանքների գծով գլխավոր մասնագետ, փոխգնդապետ Դանիելյանին խնդրեցինք մանրամասնել տագնապի էությունը. «Գոյություն ունեն հաստատված նորմատիվներ, բայց, քանի որ դրանք համարվում են գաղտնի ինֆորմացիա՝ միայն կարող եմ ասել, որ համապատասխան ժամկետում հիմնարկից դուրս եղած անձնակազմը, ովքեր աշխատանքային ժամերն ավարտել են եւ գտնվում են տանը՝ պարտավոր են անմիջապես գալ հիմնարկ»,- մեկնաբանում է պրն Դանիելյանը: Ի դեպ, հիմնարկի հերթապահն աշխատակիցներին պարտադիր կերպով տեղեկացնում է՝ ուսումնակա՞ն, թե՞ սովորական տագնապ է հայտարարվել: Ուսումնական տագնապի էությունն աշխատակազմի պատրաստվածության մակարդակը ստուգելն է: Իրական տագնապ, ասել է թե՝ արտակարգ իրավիճակ կարող են համարվել զանգվածային անկարգությունները, խմբակային փախուստները, անհնազանդությունները, տարերային եւ տեխնածին աղետները: Անձնակազմի պատրաստվածությունը, զգոնությունը ստուգելու նպատակով էլ կատարվում են ուսումնական տագնապները: «Տագնապի ժամանակ կարող ենք հանձնարարություն տալ, ասենք՝ այսինչ մասնաշենքում հրդեհ է բռնկվել: Անձնակազմն անմիջապես միջոցներ է ձեռնարկում ենթադրյալ արտակարգ իրավիճակը հաղթահարելու համար: Ցանկացած ուսումնական տարվա պլանի մեջ թեմաներ են առաջադրվում արտակարգ իրավիճակների հետ կապված: Այդպիսով ք/հ-ի անձնակազմի պատրաստվածության մակարդակն ենք ստուգում»,- տեղեկացրեց պրն Դանիելյանը: Մեր այցելության պահին, վաղ առավոտյան «Գորիս» ք/հ-ի անձնակազմը հայտարարված տագնապի ժամանակ արդեն շարված էր: Թեեւ անձնակազմին հերթապահը տագնապի մասին հայտարարել էր ոչ աշխատանքային ժամին, այդուհանդերձ, հիմնարկի աշխատակիցները համազգեստներով եւ տագնապների ժամանակ պահանջվող ծառայողական պայուսակներով սպասում էին հրահանգի: Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանը ք/հ-ի աշխատակիցներին մասնագիտական հարցեր տվեց՝ պարզելու համար նրանց իմացությունը: Այնուհետեւ ստուգվեց բոլորի պայուսակները՝ համոզվելու համար, թե արտակարգ իրավիճակների բախվելիս պատրա՞ստ են նրանք դիմադրություն ցուցաբերել: Բավական երկար ժամանակ տեւած ուսումնական տագնապի արդյունքները խնդրեցինք գնահատել Ա. Մարտիրոսյանին. «Ընդհանուր առմամբ՝ գոհ եմ: Անձնակազմի պատրաստվածության ցուցանիշը բարձր եմ գնահատում: Որոշ դիտողություններ արեցի, որոնք էական նշանակություն չունեին ուսումնական տագնապի ժամանակ: Այսօր «Գորիս»ք/հ-ում տագնապ-ազդանշանային հավաքը նորմատիվներից զգալի բարձր տոկոսի ցուցանիշ արձանագրեց հաստատված ժամկետում»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
Տագնապի ավարտից հետո մենք զրուցեցինք նաեւ «Գորիս» ք/հ-ի պետ, Արդարադատության գնդապետ Արմեն Պետրոսյանի հետ: Ի դեպ, 1812 թվին կառուցված այս հաստատությունը նախկինում եղել է ձիանոց: Որպես բանտ գործել է սկսած 1870 թվականից: «Գորիս» ք/հ-ում ներկայումս պահվում են 170 դատապարտյալ-կալանավորներ: Այս կալանավայրը մյուս հիմնարկներից տարբերվում է փակ ռեժիմային գոտու կարգավիճակով: «Գորիս» ք/հ-ում պահվում են հիմնականում առանձնապես ծանր հանցագործություն կատարած մարդիկ: Դատապարտյալները եւ կալանավորները պահվում են խցերում եւ օրվա մեջ 1-ժամյա զբոսանքի իրավունք ունեն: Կալանավայրերի վարչության պետի հետ մենք շրջեցինք ամբողջ հիմնարկում: Որոշ խցերում վերանորոգման աշխատանքներ էին կատարվում, սակայն ամեն ինչից անկախ՝ այս կալանավայրը լուրջ բարեփոխումների կարիք ունի: Շրջայցի ժամանակ Ա. Մարտիրոսյանը ստուգեց խոհանոցի, լվացքատան եւ լոգարանի հիգիենան, նկուղում պահվող սննդամթերքի պիտանելիության ժամկետը, ինչպես նաեւ կալանավորների հետ ընդունելություն կազմակերպեց: Նա հրապարակավ որոշակի դիտողություններ արեց աշխատակիցներին:
Հ.Գ. «Գորիս» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորների հետ մեր հարցազրույցը կներկայացնենք «168 Ժամի» առաջիկա համարներից մեկում: