Ինչպես հիշում եք, իշխանություն ըլլալով հանդերձ ընդդիմություն խաղացող Դաշնակցությունը խորհրդարանի վերջին ընտրության քարոզարշավի ժամանակ ընտրողներին խոստանում էր մի քանի անգամ բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները: Որոշ «անգրագետ» տնտեսագետներ էլ ստորաբար պնդում էին, թե այսօրվա պայմաններում դա պարզապես հնարավոր չէ անել:
Սակայն ՀՅԴ-ականները համառորեն հակառակն են պնդում: Ինչպե՞ս պետք է իրականություն դարձնել վերը նշված հավակնոտ խոստումը, որից ավելի շատ պոպուլիզմի հոտ է գալիս, քան սթափ հաշվարկի: Ինչպես երեկ «Տեսակետ» ակումբում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը, թոշակներն ու աշխատավարձերը հնարավոր է կտրուկ բարձրացնել՝ ստվերը հարկային դաշտ բերելով: Որպես նշված բարձրացման իրականանալի լինելու ապացույց՝ բանախոսը նշեց, որ կառավարությունը որոշել է հունվարի 1-ից թոշակները 60%-ով բարձրացնել (կարելի է ենթադրել, թե մի 2 շաբաթ առաջ ահագին ստվեր է բերվել հարկային դաշտ): Հասկանալի է, չէ՞. ուրեմն՝ թոշակներն ու աշխատավարձերը մի քանի անգամ բարձրացնելու համար պետք է այդ սրիկա ստվերի «հախից գալ»: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ՀՅԴ-ականները «նրբորեն շրջանցում» են այդ չարաբաստիկ ստվերը հարկային դաշտ բերելու ուղիներ նշելու թեման: Երեկ էլ այդպես եղավ: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ՀՅԴ-ն ո՞նց է ստվերը հարկային դաշտ բերելու, այն դեպքում, երբ այսօր հայրենի օրենսդիրների զգալի մասը գործարարներ են կամ գործարար շրջանակների հետ առնչվող անձինք (որոնց թվում քիչ չեն նաեւ ՀՅԴ-ականները), որոնք էլ հիմնականում ստվերը շատ են սիրում: Ի պատասխան, Հ. Կարապետյանը մի թափանցիկ ակնարկով «ջրեց հարցը»: «Ես չեմ բացառում, որ ԱԺ-ում մեկ այլ հարաբերակցության պարագայում ԱԺ-ն ժամանակավոր հանձնախումբ ստեղծեր եւ ուսումնասիրեր խոշոր հարկատուների խնդիրը»,- ասաց նա: Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ականները կոռուպցիայի դեմ «պայքարի» անխոնջ մարտիկներ են: Սակայն մերօրյա դաշնակները կոռուպցիայի մասին նախընտրում են խոսել առանց կոնկրետ օրինակ կամ անուն նշելու: Անունները հնչեցնելու մասով էլ պարոն Կարապետյանը երեկ նշեց, թե ինքն ուզում է, որ այդ անունները յուրաքանչյուրս մեր մտքում հնչեցնենք՝ ելնելով իր՝ հետեւյալ սահմանումից. «Այն բոլոր իշխանավորները, որոնք այսօր, լինելով իշխանության ղեկին, նաեւ այս կամ այն կերպ գործ ունեն տնտեսական ոլորտներում, որոշակի ոլորտներ են տնօրինում եւ այլն, դրանք այս կամ այն կերպ թաթախված են կոռուպցիայի մեջ: Եթե թաթախված էլ չեն, կթաթախվեն: Դա անխուսափելի է»: Իսկ անուններ նա չասաց, քանզի երեւի շտապում էր, որովհետեւ նշեց. «Եթե անունները հնչեցնեմ, երկու ժամ այստեղ կնստեմ»: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավարի վերոնշյալ սահմանումից կարելի՞ է եզրակացնել, որ բոլոր չինովնիկները կոռուպցիոներ են: «Եթե կոռուպցիոներ չեն, ապա կոռուպցիոն ռիսկի տակ են»,- պարզաբանեց Հ. Կարապետյանը (դաշնակցական (եւ ոչ միայն) նախարարների ականջը կանչի): Իսկ կարո՞ղ է ՀՀ նախագահի ընտրությունից առաջ ՀՅԴ-ն իր 3 նախարարներին կառավարությունից հետ կանչի, որ «չեզոք» դիրքերից մասնակցի ընտրությանը: Պարզվում է՝ դա տարբերակներից մեկն է, սակայն պարոն Կարապետյանը չի կարծում, թե բանը դրան կհասնի: Իսկ գիտե՞ք, թե ինչու: «Որովհետեւ ի՞նչ իմաստ կա ետ կանչելու, եթե վաղը կարող է այնպես լինի, որ ոչ միայն այդ երեքը մնան, այլեւ ավելանան՝ նախագահական ընտրությունների դրական արդյունքում»,- պարզաբանեց
ՀՅԴ-ական պատգամավորը: Նրան երեկ հարց ուղղվեց նաեւ այն մասին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրմանը նախագահի պաշտոնում: «Ճիշտն ասած, ես չեմ հիշում, որ իմաստունն է ասել, որ երբ որոշ ողբերգական դրվագներ պատմության մեջ նորից փորձ են արվում կրկնվել, դրանք վեր են ածվում կատակերգության: Ես չեմ կարծում, թե դա լուրջ է,- հայտարարեց
Հ. Կարապետյանն ու շարունակեց,- Մարդու իրավունքն է, թող առաջադրվի, բայց ես չեմ կարծում, թե մեր ժողովրդի մեջ կան այդքան հիշողությունից թույլ մարդիկ, որոնք էնքան ձայն կտան, որ մենք որպես լուրջ մրցակից ընդունենք Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ես համաձայն չեմ այն մարդկանց հետ, որոնք ասում են, թե ժողովրդի հիշողությունը կարճ է: Ժողովրդի հիշողությունը բավականին էլ երկար է: Ես չեմ համարում իրեն լուրջ մրցակից նախագահական ընտրություններում»: Զարմանալի մարդիկ են այդ ՀՅԴ-ականները: Ուրեմն՝ մի քաղաքական ուժ, որի առաջնորդությամբ մեր ժողովուրդը սովի ու զանազան համաճարակների տարիներ է ապրել, ցեղասպանության ենթարկվել, այսօր «լրջորեն» կարող է հավակնել ՀՀ նախագահի պաշտոնին, իսկ ՀՀ առաջին նախագահը, ում իշխանության տարիներին «մի թեթեւ» ռազմական հաղթանակ է արձանագրվել, չի կարող լուրջ հավակնորդ համարվել: Այլ հարց է, որ Լ. Տեր-Պետրոսյանի հավանական վերադարձը ՀՅԴ-ականների համար խիստ անցանկալի է. մեկ էլ տեսար «իրավիճակը նորից փոխվեց», իսկ «իրավիճակի փոփոխությունները» միշտ չէ, որ հաճելի են լինում ոմանց: