Ձերբակալել են Վանաձորի քաղաքապետի եղբորորդուն

10/09/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հինգշաբթի, ժամը 12:00-13:00-ի սահմաններում ոստիկանները Երեւան՝ ՀՀ Ոստիկանություն են բերել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդուն՝ Արման Դարբինյանին: Մեկ ժամ պահելուց հետո նրան տարել են Լոռու մարզի դատախազություն, որտեղ էլ 2-3 ժամ հարցաքննել են:

Դրանից հետո իրավապահները խուզարկել են Արմանի մեքենան, 4 փամփուշտ են հայտնաբերել, որից հետո նրան ձերբակալել են: Ամենայն հավանականությամբ, Արմանին հարցաքննել են Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործով: Հիշեցնենք, որ Ա. Ղազարյանը սպանվել է օգոստոսի 25-ին, աշխատանքից վերադառնալիս, իր տան մոտ: Այս սպանության գործով Վանաձորում մի քանի վարկածներ էին շրջանառվում: Վարկածներից մեկն էլ այն էր, որ Ա. Ղազարյանին սպանել են տվել Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը եւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Լոռու մարզի դատախազությունում էր գտնվում Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանում տեղի ունեցած խոշոր չափի գողության առիթով հարուցված քրեական մի գործ, որը կապված էր այս պաշտոնյաների անվան հետ: Դատախազն այդ գործը վերցրել էր իր անմիջական հսկողության տակ: Եվ խոսակցություն կար, թե Ա. Ղազարյանը Քոչինյանի եւ Դարբինյանի համար անցանկալի բացահայտումներ էր արել:

Դատախազի սպանության գործը գտնվում է ՀՀ Գլխավոր դատախազության քննչական վարույթում: Հավանաբար Գլխավոր դատախազությունը նույնպես քննում է այս վարկածը, դրա համար էլ ձերբակալել է Արմանին եւ հարցաքննել է քաղաքապետի որդիներին: Իսկ Արմանի մայրը՝ Նարինե Մանուկյանը, բոլորովին համաձայն չէ, որ այդ փամփուշտներն իր տղան է դրել մեքենայի մեջ: Տիկին Նարինեի պատմելով` դատախազի սպանությունից անմիջապես հետո իրենց տունը երկու անգամ խուզարկել են, խուզարկել են նաեւ ավտոմեքենաները: Բացի այդ, սպանությունից մի քանի օր հետո Երեւան գնալիս Վանաձորի պետավտոտեսչությունը կանգնեցրել եւ նորից է խուզարկել Արմանի մեքենան: Ն. Մանուկյանի ասելով՝ այդ խուզարկությունների ժամանակ կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել: Ավելին, իրենք տանն ունեցել են երկու գրանցված զենք, իսկ այդ փամփուշտները դրանցից ոչ մեկին չեն պատկանում: Տիկին Նարինեն կարծում է, որ այդ փամփուշտները հենց իրավապահներն են գցել Արմանի մեքենայի մեջ: «Իմ կարծիքով՝ դատախազի սպանությունից հետո մեր հեռախոսային խոսակցությունները լսում են, մեզ հետ շփվողներին հարցաքննում են: Էդքան բանից հետո միայն հիմարն իր մեքենայի մեջ փամփուշտ կպահեր,- ասում է տիկին Նարինեն: -Իմ տղային մի ժամ պահել են Ներքին գործերի նախարարությունում, իսկ մեքենան դրսում է եղել, բանալիներն էլ ձեռքից վերցրել են: 2-3 ժամ էլ այստեղ են քննել: Հենց այդ ժամանակ էլ փամփուշտները գցել են մեջը: Ես, որպես մայր, հայտարարում եմ, որ այդ ժանգոտ պատրոնները հենց իրենք են գցել դատարկ պակրիշկի մեջ»:

Քաղաքապետի ավագ որդուն՝ Աղասի Դարբինյանին բերման են ենթարկել Երեւանից, նա աշխատում է Վճռաբեկ դատարանում: «Դատարանի բակից զանգահարել են եւ ասել են՝ իջի ներքեւ, քեզ մարդ է սպասում, – պատմում է Ս. Դարբինյանի կինը՝ տիկին Անահիտը: -Իջել, տեսել է` մոտ 15 հոգի մարդ է կանգնած: Նրան ասել են, թե՝ քեզ պետք է տանենք Ոստիկանություն, վարչության պետը ուզում է քեզ հետ խոսել: Բայց Ոստիկանությունում ոչ ոք նրա հետ չի խոսել, մի 30 րոպե պահելուց հետո բերել են Վանաձոր: Իսկ փոքր տղայիս բռնել են ինստիտուտ գնալու ճանապարհին»: Ընդ որում, Դարբինյաններին Վանաձոր են տարել առանձին-առանձին եւ տարբեր ճանապարհներով: Արմանին տարել են Սեւանով, իսկ Աղասիին՝ Ապարանով: Քաղաքապետի որդիներին մի քանի ժամ հարցաքննելուց հետո բաց են թողել, իսկ Արմանին պահել են, որովհետեւ փամփուշտները նրա մեքենայի միջից են գտել: Ըստ տիկին Նարինեի` եթե Աղասին էլ մեքենայով լիներ, «կարող է նույն հաջողությամբ նրա մեքենայի միջից էլ փամփուշտներ հայտնաբերեին»:

«Իմ տղաներին հարցրել են, թե դատախազի սպանության օրը որտեղ են եղել, ինչով են զբաղվել,- ասում է տիկին Անահիտը: -Նրանք այդ օրը Երեւան էին եկել, պետք է գնային օդանավակայան` մարդ դիմավորելու: Դատախազությունում իմ տղաներին ասել են՝ եթե ձեզ մի անգամ էլ բռնեցինք, էլ բաց չենք թողնելու»:

Ձերբակալված Արման Դարբինյանին է պատկանում Վանաձորի «Բելասիմո» բար-ֆիտնես ակումբը: Ն. Մանուկյանը պատմում է նաեւ, որ Դատախազություն են տարվել եւ հարցաքննվել ակումբի բոլոր աշխատողները: «Տղայիս աշխատողներին նեղում են, ստիպում են ասել, թե Արմանի մոտ զենք են տեսել,- ասում է տիկին Նարինեն: -Էս բոլորը գալիս է ընտրություններից, լարվածություն է առաջացել, պարտվողներն իրենց պարտությունը տղամարդու պես չտարան: Քաղաքապետի ու նախկին մարզպետի շուրջ թերթերով մեծ աղմուկ բարձրացրեցին: Այդ աղմուկն ինչ-որ մեկին պետք էր, որ ոճրագործությունն իրականացնելու համար լարված մթնոլորտ ստեղծեն ու այս բոլորը բարդեն Սամվելի ու նրա ազգականների վրա»:

Սամվել Դարբինյանի ու նրա որդիների հետ մեզ չհաջողվեց խոսել, հեռախոսներն անջատել էին: Ավելի ուշ քաղաքապետի վարորդն ասաց, թե Դարբինյանը Երեւան է եկել: Իսկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի խոսքով` Արման Դարբինյանին ձերբակալել են երեկ, բայց՝ ապօրինի ռազմամթերք պահելու կասկածանքով: Նրա ասելով՝ այդ ձերբակալությունն Ալբերտ Ղազարյանի սպանության գործի շրջանակներում չէ: Ս. Տռուզյանը չհաստատեց, բայց ասաց, որ «Ա. Դարբինյանին հարցաքննել են հավանաբար դատախազի սպանության գործով»: Իսկ թե ինչո՞ւ են հարցաքննվել քաղաքապետի որդիները, ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը չմեկնաբանեց: «Նախաքննության շրջանում այդ գործի հետ կապված ոչ մի տեղեկատվություն չենք հրապարակում»,- ասաց Ս. Տռուզյանը: