Այստեղ եղել են Վասյան եւ Պետյան

10/09/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Որքան լավ է, որ այսօր չկան Վիկտոր Համբարձումյանը, Գեւորգ Ջահուկյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Լեւոն Ներսիսյանը, Խորեն Պալյանը: Հակառակ դեպքում դժվար է պատկերացնել նրանց արձագանքը կամ դեպրեսիայի աստիճանը, երբ տեսնեին, թե ովքեր էին սեպտեմբերի 1-ին շնորհավորում դպրոցականներին` կրթության եւ գիտության տոնի առիթով: Նրանք, ովքեր երեխաների համար, առանց հայացքը թղթից կտրելու, ընթերցում էին ուսման, կրթության առավելությունները, ամենեւին էլ գիտնականներ կամ իրենց կյանքը կրթությանը նվիրած մարդիկ չէին: Նրանք օլիգարխներն էին, պատգամավոր դարձած թաղային հեղինակությունները, ովքեր աշակերտներին էին ներկայացել հսկայական, անգամ բավական մեծ հեռավորությունից աչքի զարնող մատանիներով, անբովանդակ տեքստերով, նվերներով: Կրթության եւ, առավել եւս, գիտության հետ ոչ մի աղերս չունեցող այդ մարդիկ հեգելով ընթերցում էին տրաֆարետային ինչ-որ տեքստեր: Իսկ բարձր սանրվածքներով, թանձր շպարով տնօրինուհիների, ուսուցչուհիների համար ակնհայտորեն հաճելի էր կանգնել իրենց սաներին ողջունելու եկած հարուստ այդ տղաների կամ նրանց հրովարտակն ընթերցող բեղավոր կամ անբեղ ներկայացուցիչների անմիջական հարեւանությամբ: Քանի որ ունկնդիրները մինչեւ 16 տարեկան աշակերտներ էին եւ, հետեւաբար, իրենց հարազատ դպրոցներն այցելած օլիգարխների կենսագրությունը բարձրաձայն հրապարակման ենթակա չէր, նրանցից ոմանք նրբանկատորեն սահմանափակվում էին իրենց ստացած կրթության մասին շատ կարճ, բայց եւ ամբողջական տեղեկատվությամբ` «Ես էլ եմ այս դպրոցն ավարտել»: Իսկ դպրոցից հետո կրթությունը շարունակվել է ամենեւին ոչ Պետհամալսարանի, ասենք, ֆիզիկայի ֆակուլտետում, այլ, ինչպես իրենք են սիրում նշել, «կյանքի դպրոցում»: Մինչեւ 90-ական թվականներն ընդունված էր սեպտեմբերի մեկին հատկապես դպրոցներ հրավիրել գրողների, դրամատուրգների, ռեժիսորների, որոնց մաղթանքն աշակերտներին` լինել կիրթ, զարգացած, կարդացած, տրամաբանական էր: Այս թեմայով զրուցեցինք գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ Էդուարդ Թոփչյանի հետ, որը կոնկրետ այս տարվա սեպտեմբերի մեկին օլիգարխների` դպրոցներ կատարած այցելությունների կապակցությամբ ասաց հետեւյալը. «Ես, անկեղծ ասած, ժամանակ չեմ ունեցել հեռուստացույց դիտել, սակայն կարողացել եմ դիտել միայն, որ ինչ-որ մի հեռուստաընկերություն ցուցադրում էր Գագիկ Ծառուկյանի լուսանկարը: Երբ փորձեցինք հասկանալ` ինչ առիթով, հաղորդավարը սկսեց ընթերցել նրա ուղերձը` Կրթության օրվա կապակցությամբ, որը, ենթադրում եմ, ինքը չէր գրել: Եվ դա բնական երեւույթ է: Հայաստանն օլիգարխների ձեռքին է, եւ պետք է շնորհակալ լինենք, որ մեզ թողնում են ապրենք: Երկիրը, կրկնեմ, իրենցն է, եւ իրենք ուզում են սերունդն իրենց պես դարձնել: Դրության յուրաքանչյուր տեր, անկախ նրանից՝ ինքը գրագե՞տ է, թե՞ տգետ, ազնի՞վ է, թե՞ կոռումպացված, իր տեսակն է ստեղծում եւ ցանկանում է, որ այդ տեսակը բազմանա եւ լինի իրենց պես եւ դրան գումարած` ավելի բախտավոր»: Հետաքրքիր է, որ թե՛ ուսումնական տարվա ընթացքում` առհասարակ, թե՛ հատկապես սեպտեմբերի 1-ին, պարոն Թոփչյանին որեւէ ուսումնական համալիր չի հրավիրում:

Երբ մենք այս թեմայով փորձեցինք զրուցել նաեւ դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան Զորայր Խալափյանի հետ, նա միայն տխուր ձայնով շնորհակալություն հայտնեց, որ իրեն հիշել ենք: Իսկ մտավորականներից մեկը (նա ոչ մի պայմանով չցանկացավ հրապարակել իր անունը) պարզապես ասաց. «Ամեն անգամ, երբ նման անհեթեթ բաներ եմ տեսնում, ուզում եմ ազգությունս փոխել»:

90-ականների սկզբին մեր հարեւանուհիներից մեկը մի քանի ամիս Ամերիկայում անցկացնելուց հետո վերադարձավ Երեւան եւ մի քանի օր անց ցած նետվեց 8-րդ հարկի իր բնակարանի պատուհանից: Հարեւաններն ինքնասպանության պատճառը մեկ բառով էին բացատրում` չդիմացավ: Բժիշկներն էլ ավելի ուշ վերլուծություններ անելուց հետո միաբերան եզրակացրին` Ամերիկայից հետո Հայաստան վերադառնալը տիկնոջ մոտ խորը դեպրեսիա էր առաջացրել, որը հանգեցրել էր մահացու եզրակացության` Հայաստանում ինքն այլեւս չի կարող, ի վիճակի չէ շարունակել ապրել: Այսօր էլ, երբ շատ հայաստանցիներ, ուսանողներ ամառային հանգիստն անցկացնելու կամ ուսումը շարունակելու կամ թեկուզ արձակուրդն անցկացնելու նպատակով մեկնում են ԱՄՆ կամ Եվրոպա, Հայաստան վերադառնալու դժվարություն են ունենում: Եվ այստեղ քաղքենիական գործոնը համարյա չկա: Պատճառները շատ են: Դրանցից մեկը թերեւս արժե նշել:

Աշխարհի մայրաքաղաքներում, ուր եւս անթիվ սրճարաններ կան, որեւէ մեկում չես հանդիպի սեղանի շուրջ հանգիստ սուրճ ըմպող օլիգարխի, որի անդորրը Ցերբերի նման հսկում են չորս կամ հինգ թիկնեղ երիտասարդ: Փողոցը փակված չի լինում այդ օլիգարխի եւ նրա թիկնապահների բազում մեքենաներով: Առիթ չի եղել հետաքրքրվել հայ օլիգարխներից. նրանք եվրոպական իրենց ճամփորդությունների ժամանակ հանդիպե՞լ են որեւէ միլիոնատերի, որն իր թիկնապահների բազուկների ուժը ցուցադրի հասարակ անցորդներին կամ կրի ոսկյա կամ ադամանդյա զարդեր: Դժվար թե:

Ազգությունը պարբերաբար փոխել ցանկացող, սակայն երազանքն այդպես էլ անկատար թողնող մեր գրողներից մեկը նաեւ նշեց, որ Հայաստանն արդեն դարձել է անգամ ամենահայրենասեր ու ամենադիմացկուն հայաստանցիների համար ապրելու բարդ գոտի: Եվ խնդիրն այն է, որ յուրաքանչյուրը զգում է իր անզորությունը ոչ միայն գործող իշխանությունների, այլ մի ողջ հիվանդ հասարակության, այդ հասարակության որդեգրած արժեքների հանդեպ: «Հիմա էլ նախագահական ընտրություններն են առջեւում: Պատրա՞ստ է այս հասարակությունն առողջ, բանական ընտրության: Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ոչ: Թեեւ հասարակությունից ընտրություն անել ոչ ոք չի էլ ակնկալում: Պահանջվում է բացառապես մասնակցություն: Գլխաքանակ: Իսկ մնացածը, գիտենք բոլորս, տեխնիկայի խնդիր է: Իսկ ես, եթե մինչ այդ չփոխեմ ազգությունս, ուրեմն դեռ հույս կա»: