Հնագույն քրիստոնեական երկիրը դեռեւս կախվածության մեջ է Կրեմլից: Սակայն ԱՄՆ-ը եւս ջանում է սիրաշահել Կովկասում Մոսկվայի վերջին ֆորպոստին:
Կովկասի ամենափոքրիկ երկրի (որը կարծես Եվրոպան բաժանում է Ասիայից)` Հայաստանի մայրաքաղաք Երեւան ժամանող ամեն ոք իրեն հարց է տալիս. այս ո՞ւր եմ ընկել: Օդանավակայանում հայ սահմանապահների կողքին անձնագրերը ստուգում են ակնհայտորեն ռուսական ծագում ունեցող աղջիկներ: Իսկ Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրին ընդհանրապես Հայաստանի հսկա հարեւանի կայազորային քաղաք է հիշեցնում: Արհեստավորները, հացթուխները, տաքսու վարորդները, սրճարանների ու ռեստորանների տերերը փող են վաստակում ռուսական ռազմաբազայի 5000 զինվորներին սպասարկելով:
Նույնիսկ Լուսառատ գյուղն է գտնվում օտար երկրի պաշտպանության տակ: Այստեղ Հայաստանը Թուրքիայից բաժանող փշալարերի ողջ երկայնքով իրենց ծառայությունն են տանում ռուսական զինվորական պահակախմբերը: Ավանը գտնվում է հավերժական ձյունով ծածկված Արարատի ստորոտին: Այս սարը հայերի ազգային խորհրդանիշն է, թեեւ 16-րդ դարից գտնվում է Օսմանյան Կայսրության, իսկ 1923թ.-ից` Թուրքիայի տարածքում: Տեղի բնակիչներն այն Բիբլիական սար են կոչում: Ի դեպ, այս անվանումը գործածության մեջ է դրել ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը:
«Մենք իսկապես շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ»,- ցածրաձայն ասում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախագահական պալատում գտնվող նրա աշխատասենյակը զարդարված է բնանկարով. նկարիչը տխուր տափաստան է պատկերել: Նախագահն անմիջապես սկսում է խոսել այն մասին, թե ինչով է Հայաստանը տարբերվում կովկասյան մյուս երկրներից: Նրա հարեւանները` կամակոր Վրաստանն ու նավթով հարուստ Ադրբեջանը, Մոսկվայի հետ լարված հարաբերությունների մեջ են. Վրաստանը ձգտում է դեպի ՆԱՏՕ, Ադրբեջանը ոչ միանշանակ դիրք է բռնել: Քոչարյանի խոսքերով` իր երկիրը մտադիր չէ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Դա Հայաստանի անվտանգությունը չի ավելացնի, իսկ «Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները դրանով կփչացնենք»,- բացատրում է նախագահը:
Վերջին ժամանակներս Մոսկվան համակ ուշադրությամբ լսում է, թե այդ առթիվ ինչ է հայտարարում Երեւանը: Թեեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի հետ հարաբերությունները «հիանալի» է անվանում, այնուամենայնիվ, նա հասկանում է, որ նախկին խորհրդային տարածքում ազդեցության ոլորտների համար պայքարում ամերիկացիները փորձում են Հայաստանում նոր ճակատ ստեղծել, ինչով ճնշում են գործադրում ռուսների վրա: Նրանք սիրաշահում են ընդդիմության շարքերում գտնվող ամերիկամետ քաղաքական գործիչներին եւ մուսուլմանական հարեւաններով շրջապատված աշխարհի հնագույն քրիստոնեական երկիր տնտեսական եւ ռազմական օգնություն են ուղարկում:
Երեւանի ծայրամասում գտնվող Ամերիկյան դեսպանատան հսկա շենքը Վաշինգտոնի փառասիրական պլանների վկայությունն է: Դեսպանատան 800 աշխատակիցները, Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար, պաշտոնաթող ծովային սպա եւ Ռուսաստանի հարցերով փորձագետ Էնթոնի Գոդֆրիի ղեկավարությամբ փորձում են շահել հայերի համակրանքը Արեւմուտքի հսկա տերության նկատմամբ:
1991-ից, այսինքն` Հայաստանի անկախացումից հետո, ԱՄՆ-ը այս երկիր է բերել 1,5 մլրդ դոլար: Իսկ անցած տարվա մարտին Վաշինգտոնն ու Երեւանը համաձայնագիր են կնքել, համաձայն որի՝ մոտակա 5 տարիներին ԱՄՆ-ը բնական ռեսուրսներով աղքատ Հայաստանին տրամադրելու է եւս 235 մլն դոլար: Ընդ որում` օվկիանոսի այն կողմից եկող պետական օգնությունը ուղղվելու է տարբեր նպատակների. գյուղերում ջրագծերի կառուցումից մինչեւ կրծքի քաղցկեղի կանխարգելումն ու հարկային տեսուչների ուսուցումը:
Ամերիկայի նման ռազմավարությունը Հայաստանում «գաղտագողի» հաջողության հասնելն է. ասում է արեւմտաեվրոպական մի զինվորական: Պենտագոնը մեկ Հայաստան է ուղարկում սպաներին ուսուցանող երեք տասնյակ մասնագետների, մեկ Հարմիշ-Պարտենկիրխենում գտնվող «Ջորջ Մարշալ» կենտրոն է հրավիրում 45 հայ սպաների ու երկրի պաշտպանության փոխնախարարին` ուսումնասիրելու անվտանգության հիմնահարցերը:
Թեեւ ամերիկացիները պետք է պատրաստ լինեն Մոսկվայի հետ երկարատեւ «պայքարի»: Ռուսներն իրենց հաղթաթղթերն ունեն: Նրանք իրենց դաշնակցին ռազմական տեխնիկա են վաճառում ներքին շուկայական գներով եւ Ռուսաստանում սովորեցնում են հայ սպաների 90%-ին: Բացի այդ, ռուսները մատակարարում են Հայաստանին անհրաժեշտ գազի գրեթե ողջ ծավալը, եւ գազամուղներն էլ պատկանում են Կրեմլի կողմից ղեկավարվող «Գազպրոմ» կոնցեռնին: Ռուսաստանյան էներգետիկ հսկան` ՀԸԿ ժնհ-ը, շահագործում է Հայաստանի միակ ատոմակայանը, սովորական վառելիքով աշխատող էլեկտրակայանների մեծ մասն ու էլեկտրացանցերը: Իսկ մոսկովյան «ԹվպՔՑՏՐչոՈվՍ»-ին է պատկանում Հայաստանի պետական խնայբանկի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:
Թեեւ պարտադիր չէ, նրանց, ովքեր Երեւանում կառավարում են տնտեսությունը, հայերը շատ են սիրում: 2006թ. ապրիլին ռուսները գազի գինը թանկացրին 1000խմ-ի համար 54 դոլարից մինչեւ 110 դոլար, եւ սա միանգամից առաջացրեց բնակչության բողոքը: Նույնիսկ ռուսամետ քաղաքական գործիչները դժգոհում են, որ ռուսները ներդրումներ չեն անում իրենց կողմից ձեռք բերված ձեռնարկությունների մեծ մասում:
Արեւմտամետ ընդդիմադիրները, ինչպես, օրինակ, խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը եւ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, աշխատում են ուռճացնել Մոսկվայի նկատմամբ դժգոհությունը: «Մենք ուզում ենք Ռուսաստանի բարեկամը լինել, ոչ թե վասալը»,- ընդգծում է Բաղդասարյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հայրենիք է վերադարձել ԱՄՆ-ից, պայքարում է հանուն Հայաստանի «նոր անկախության»: Սակայն, չնայած Վաշինգտոնի զգուշավոր աջակցությանը` խորհրդարանական ընտրություններում այս երկու քաղաքական գործիչների կուսակցությունները միասին ստացան ձայների միայն 13%-ը: Միգուցե պատճառներից մեկն այն էր, որ նախագահի ապարատը խիստ վերահսկողության տակ էր առել հեռուստա- եւ ռադիոկայանները, եւ վերջիններս ակտիվորեն կառավարամետ քարոզչություն էին տանում: Սակայն Արեւմուտքի երեւանյան բարեկամներն առանց այդ էլ կանգնած էին երկընտրանքի առջեւ: Բանն այն է, որ ՆԱՏՕ-ի հետ ցանկացած մերձեցում Հայաստանում ընկալվում է՝ որպես երդվյալ թշնամու` Թուրքիայի հետ բարեկամության առաջարկ: Անկարայի հետ հարաբերությունները վաղուց են փչացել, հատկապես 1915թ. հայերի ցեղասպանությունից հետո: Մինչեւ այժմ էլ Թուրքիան իր հարեւանի հետ սահմանները փակ է պահում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:
Լեռնային շրջաններում, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից գտնվում են Արդբեջանի տարածքում, պատերազմի սկսվելուց հետո` 90-ականների սկզբին, հայերը ստեղծեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Սա Կովկասում խռովարար ադմինիստրատիվ-տարածքային այն կազմավորումներից մեկն է, որտեղ Կալաշնիկովի ավտոմատով ավելի շատ են հետաքրքրվում, քան Ինտերնետով, իսկ էթնիկ զտումներն անվիճելի փաստ են. Ղարաբաղից քշել են ադրբեջանցիներին, իսկ Ադրբեջանից` հայերին:
Ոխակալ ադրբեջանցիներից եւ ատելի թուրքերից պաշտպանվելու համար հայերը ստիպված են հաշտվել սահմանափակ անկախության հետ: Նրանց երկրում ռազմավարական դիրքերը հսկում են ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ զորքերը:
Երեւանի կենտրոնում` Հանրապետության հրապարակում, Մոսկվայի հետ բարեկամությունը երեւում է ամեն քայլափոխի: Հուշանվերներ վաճառողները վաճառում են իրար ձուլված հայկական եւ ռուսական դրոշներ: Իսկ կառավարության` ստալինյան ժամանակներում կառուցված շենքում վարչապետ Սերժ Սարգսյանը հավատացնում է, որ «արեւմտամետ ուժերի հաղթանակը» հաջորդ տարվա սկզբին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ «անհնարին է»:
Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես ուզում է Քոչարյանը, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է, նրա հաջորդը կդառնա վարչապետը: Պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ բարեհաճ է նաեւ Կրեմլը: Սակայն երեւում է` ռուսներն այնքան էլ չեն վստահում «բարեկամ հայ ժողովրդին» (Պուտին), քանի որ Երեւան գալով` մոսկովյան էմիսարները չեն դադարում Հայաստանի ղեկավարությանը նախազգուշացնել Վաշինգտոնի «աշխարհաքաղաքական մրցակցության» մասին:
«Իմ երկիրը Ռուսաստանի հետ կապված է հազարավոր թելերով»,- փորձում է իր հովանավորներին հանգստացնել Սերժ Սարգսյանը: Սակայն արեւմտյան քաղաքական գործիչների հետ հանդիպումների ժամանակ նա փոքր-ինչ այլ կերպ է ներկայացնում իր դիրքորոշումը: «Ես հայամետ քաղաքական գործիչ եմ եւ հանդես եմ գալիս իմ երկրի` Եվրոպայի առջեւ բաց լինելու օգտին»,- ասում է նա:
Սարգսյանը մասնագիտությամբ բանասեր է, գերմաներենի մասնագետ եւ լավ գիտի Արեւմուտքը: Նա էպիկուրական է, սիրում է Գերմանիան եւ նեղ շրջանակներում հաճույքով է հիշում Բադեն Բադենում իր արկածների մասին: