Մինչ ընդդիմության մի շարք առաջնորդներ ռեստորաններում ու հյուրանոցներում հավաքվելով՝ զբաղված են, այսպես կոչված, «ընդդիմության միասնական թեկնածուի փնտրտուքով», ոմանք արդեն ինքնաառաջադրվում են, իսկ մյուս մասը փորձում է գուշակել` կվերադառնա՞ արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանն ակտիվ քաղաքականություն, պարզվում է՝ իրենց ընդդիմադիր եւ ռուսամետ համարող մի քանի այլ գործիչներ փորձում են նախագահական ընտրություններից առաջ ձեւավորել իրենց սեփական «ռուսամետ» բեւեռը: Մեր տեղեկություններով՝ արդեն մի քանի ամիս է, բանակցություններ են ընթանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի, «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանի, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի եւ Հայկ Բաբուխանյանի միջեւ: Բանակցությունների նյութը առաջիկա նախագահական ընտրություններում Վաղարշակ Հարությունյանին նախագահի թեկնածու առաջադրելու հարցն է: Ըստ մեր աղբյուրի դեպքերի բերումով այսօր «քաղաքական լուսանցքում» հայտնված վերոհիշյալ բոլոր գործիչների համագործակցության այս ձեւաչափը դժվար է պատահական համարել, քանի որ հայաստանյան քաղաքական դաշտում նրանք հայտնի են ռուսաստանյան որոշ ռազմական շրջանակների հետ իրենց անձնական կապերով, եւ չի բացառվում, որ քաղաքական այս «պրոյեկտը» նախագծված է Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հենց այդ շրջանակների կողմից: