«Առաջընթացի համար ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը որոշ փոփոխությունների կարիք ունի»,- ըստ APA գործակալության, նախօրեին Թբիլիսիում նման հայտարարություն է արել ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսը: «Trend»-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահն ասել է, թե «Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ ժամանակն է երկխոսություն սկսել նոր ձեւաչափ գտնելու համար»: Միգել Անխել Մորատինոսը Թբիլիսի է ժամանել Բրյուսելից, որտեղ հանդիպել էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: «Ես նրանց ասացի, որ ժամանակն է առաջ մղելու նոր նախաձեռնություններ, քանի որ ներկայիս ձեւաչափը երկու կողմին էլ չի բավարարում։ -Թբիլիսիում հայտնել է նա՝ ավելացնելով,- Ժամանակն է նոր երկխոսություն վարել եւ ինչ-որ ելք գտնել այսօրվա իրավիճակից: Մենք շատ ենք քննարկում LՂՀ-ի հարցը: Ես այցելել եմ եւ՛ Ադրբեջան, եւ՛ Հայաստան: Հանդիպել եմ այդ երկրների նախագահների, վարչապետների, արտաքին գործերի նախարարների հետ: Մենք ակնկալում էինք, որ սանկտպետերբուրգյան հանդիպմանը կողմերն ինչ-որ համաձայնության կգան, բայց այդ ուղղությամբ ոչ մի քայլ չկատարվեց»: Նա նաեւ հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ն փորձել է հարցը քննարկել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, սակայն՝ ապարդյուն: «Իրավիճակն այնպիսին է, որ մեզ անհրաժեշտ են համագործակցության նոր շրջանակներ, եւ կարծում եմ- դա Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունների զարգացմանը նոր լիցք կհաղորդի»,- հայտարարել է Մորատինոսը: