Խորհրդարանական ընտրություններում «Ազգային Միաբանության» (ԱՄ) եւ անձամբ Արտաշես Գեղամյանի լուրջ անհաջողությունից հետո ԱՄ առաջնորդի աննախադեպ պասիվությունն առիթ տվեց ենթադրելու, որ Ա. Գեղամյանի «խորհրդավոր» այդ պահվածքը զուտ ակտիվ քաղաքականությունից հեռանալու գործընթացի սկիզբն է: Մինչ վերջերս տպավորություն կար, թե ԱՄ առաջնորդն իսկապես հետաքրքրությունը կորցրել է «մեծ քաղաքականության» հանդեպ` իր հպանցիկ հարցազրույցներում սահմանափակվելով միայն «Հայաստանին նետված մարտահրավերների շուրջ» քաղաքագիտափիլիսոփայական մտավարժանքներով: Ամռան ընթացքում, ինչպես նշում են մեր լավատեղյակ աղբյուրները, ԱՄ առաջնորդի անմիջական հրահանգով նույնիսկ փակվել են կուսակցության մի շարք տարածքային կազմակերպությունների գրասենյակները, բացառությամբ, թերեւս, նրանց, որոնց վարձավճարը, ինչպես ասում են, «էն գլխից էր տված»: Նույնիսկ ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնված կուսակցությունն իր կենտրոնական գրասենյակի մի մասը սկսեց վարձավճարով տրամադրել այլ կազմակերպություններին:
Սակայն օրերս իրավիճակը կարծես թե կտրուկ փոփոխվել է: Ըստ մեր աղբյուրների` օրերս Արտաշես Գեղամյանը ոչ իր նախաձեռնությամբ հանդիպման էր հրավիրվել նախագահական նստավայրից մի շատ բարձր պաշտոնյայի մոտ, որից հետո ԱՄ-ում կարծես թե «վերակենդանացման» միտումներ են նկատվում` թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական ակտիվության առումով: Ըստ նույն աղբյուրի՝ վերջերս նախագահական նստավայրում մի նոր «նախագիծ» են ծրագրել, որն ուղղված է լինելու Արտաշես Գեղամյանին նորից ակտիվացնելուն, եւ, որպեսզի ԱԺ ընտրություններում անհաջողությունից հետո նախագահական հավակնություններից հրաժարված ԱՄ առաջնորդը նորից վերադառնա սեփական խաղին: Հետաքրքրական է, որ ԱԺ ընտրություններից առաջ էլ հիմնավոր լուրեր էին պտտվում, թե Ա. Գեղամյանի գործողությունները ղեկավարվում են ՀՀ նախագահի նստավայրի կողմից: