Սպանությունը բացահայտված չէ

06/09/2007

Այսօր լրանում է Հարկային պետական ծառայության Օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության 1 տարին: Հիշեցնենք, որ Շ. Հովասափյանին դաժանորեն սպանել էին անցյալ տարի սեպտեմբերի 6-ին, իր տան մոտ՝ պայթեցնելով ծառայողական ավտոմեքենան: Սպանությունը դեռեւս բացահայտված չէ: Գործը քննում է ՀՀ Գլխավոր դատախազությունը: Հիշեցնենք, որ սպանության օրը Ռոբերտ Քոչարյանն իրավապահ մարմիններին հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Շ. Հովասափյանի սպանությունն արագ բացահայտելու համար: Մի քանի օր հետո սպանության պատվիրատուի մեղադրանքով ձերբակալվեցին ՀՊԾ Օպերատիվ-հետախուզական վարչության «7-րդ» բաժանմունքի ղեկավար Արմեն Վիրաբյանը եւ նրա եղբայր Գուրգեն Վիրաբյանը: Սակայն իրավապահները Վիրաբյանների նկատմամբ մեղադրանք առաջադրելուց հետո չէին կարողացել նրանց մեղքն ապացուցող փաստեր ձեռք բերել: 2006թ. դեկտեմբերին ազատ արձակեցին Գ. Վիրաբյանին, իսկ 2007թ. փետրվարին` Ա. Վիրաբյանին: Դատախազությունը երկար ժամանակ Վիրաբյան եղբայրների նկատմամբ հարուցած քրեական գործը չէր կարճում: Երեկ Վիրաբյանների շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը տեղեկացրեց, որ ապրիլին, ի վերջո, գործը կարճվել է: Իսկ դրանից առաջ՝ մարտ ամսին, Հովասափյանին սպանելու մեղադրանքով ՀՀ Գլխավոր դատախազությունը ձերբակալեց Հայկ Իսրայելյանին: Այսքանով սահմանափակվում են Հովասափյանի սպանության գործի մանրամասները: Գլխավոր դատախազությունը մինչեւ հիմա չի կարողացել պարզել, թե ովքեր են սպանության պատվիրատուները: Հիշեցնենք, որ Շահեն Հովասափյանը Հայաստանում ուներ բազմաթիվ խոշոր բիզնեսներ, բացի այդ, նա շատ գործարարների համար տանիք էր ու նրանց բիզնեսից իր շահույթն ուներ: Նրան են պատկանում հայտնի «Գոշ գազ» ընկերությունը, բեռնափոխադրող մի ընկերություն եւ այլն: Այժմ Հովասափյանների բիզնեսը կառավարում է նրա եղբայրը: Ասում են, սակայն, նրանց բիզնեսը հիմա վատ ժամանակներ է ապրում: Կրտսեր եղբայրը չի կարողանում ընտանեկան բիզնեսը պահել նախկին մակարդակի վրա: Բացի այդ, ավագ եղբոր սպանությունից հետո պետական կառույցներն արդեն նեղում են: Նույնիսկ հարկային ծառայությունն է սահմանափակել նրանց բիզնեսի արտոնյալ պայմանները: