Լռության ուխտի էստաֆետը

06/09/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Հինգ տարի առաջ բոլորին թվում էր, թե նախագահի ընտրություններին մասնակցելով՝ հաղթելու որոշակի շանս ունեն, իսկ չհաղթելու դեպքում մասնակցելն էլ պակաս պատվաբեր չէր։ Եվ դրա համար Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը չէին կարողանում կիսել այդ շանսը, ու փոխարենը միասնանալու, մարտի էին գնում առանձին-առանձին՝ չհաղթելու դեպքում գլխավոր ընդդիմադիրի տիտղոսն ընդունելու համար։ Իսկ ինչպես գիտեք, օդին վ պոլե նե վոին, հատկապես, որ վոինի համբավը սեփականաշնորհված է եւ բոլոր բաժնետոմսերը 1998-ից գտնվում են մեկ մարդու ձեռքում։

Հիմա այդ մարդը՝ հակառակ իր կամքին, հեռանում է, բայց նա տասը տարում հասցրել է այնպես աղավաղել քաղաքական համակարգը, որ ոչ միայն հաղթելու շանսն է վերացել, այլեւ մասնակցելն է դարձել անիմաստ։

Ընդդիմադիրները տվայտանքների մեջ են՝ մերթ ուզում են իրենցից դուրս բերել ամենահնարավորին, մերթ՝ մտածում ղարաբաղյան տարբերակի մասին, այսինքն՝ ուզում են գտնել իշխանության եւ ընդդիմության միասնական թեկնածուին։ Առաջինը, հասկանալի պատճառներով, հնարավոր չէ։ Երկրորդը հնարավոր է, բայց անպտուղ։

Այս տվայտանքների ֆոնի վրա Վազգեն Մանուկյանի մեկուսացումը կարելի էր առաքինություն համարել, եթե նա ժամանակ առ ժամանակ սուր չճոճեր լռության իր ուխտը դեռեւս չխախտած Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ եւ ժամանակ առ ժամանակ չարտահայտեր մտքեր, որոնք, մեղմ ասած, տարակուսելի են։

Այն, որ Վազգեն Մանուկյանն իրեն համարել եւ համարում է ՀՀ նախագահի միակ թեկնածու, պարզ է ու հասկանալի։ Կարծում եմ, Հայաստանում մի տասնյակից ավելի մարդ կգտնվի, ովքեր իրենց կհամարեն նախագահի միակ եւ նույնիսկ անքննելի թեկնածու։ Ասում եմ՝ Հայաստանում, ոչ թե ընդդիմադիր դաշտում։ Մի վարսավիր Պողոս, մի վարորդ Պետրոս, մի փականագործ Կիրակոս (գենդերային հավասարությունը չխախտելու համար), մի տնային տնտեսուհի Հայկանուշ… բոլորն էլ հավասարապես իրավունք ունեն իրենց համարելու նախագահի թեկնածու, եթե հատկապես ամեն ինչով համապատասխանում են Սահմանադրության պահանջներին։

Բայց այս Պողոսը, Պետրոսը, Կիրակոսը, Հայկանուշն ու անհայտ մյուսները, եթե դուրս գան իրենց մտապատրանքների շրջափակումից եւ նախագահ դառնալու հայտ ներկայացնեն, չեն հայտնվի այն իրավիճակում, որում է Վազգեն Մանուկյանը։

«Պողո՞սը դառնա նախագահ, թե՞ Պետրոսը, ես կարծում եմ, որ դրանից ավելի կարեւոր հարցեր կան»,- սեպտեմբերի 5-ին «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վազգեն Մանուկյանը՝ բնականաբար նկատի չունենալով իմ երեւակայած Պողոսին ու Պետրոսին։ Ըստ նրա, կարեւորը մոդելը փոխելն է։

Որ մոդելը պետք է փոխել, բոլորն են հասկանում։ Որ մոդելը պետք է փոխել ավելի լավ մոդելով, դա էլ գաղտնիք չէ։ Բայց թե ի՞նչ է առաջարկում Վազգեն Մանուկյանը, նրա հաճախադեպ հանդիպումներից եւ հարցազրույցներից կռահել չի լինում։ Եթե անգամ փորձենք պատկերացնել, որ փոխված այդ մոդելը լինելու է գործողի հակապատկերը, դարձյալ բազում հարցեր են մնալու։ Ինչպե՞ս է ԱԺՄ ղեկավարը հասնելու այդ փոփոխությանը, երբ վերջին տասնմեկ տարում միայն կորցրել է իր վարկանիշը։

«…Վարկանիշերով առաջնորդվելը, այսինքն՝ հիմա եթե մեկը ավելի բարձր վարկանիշ ունենա, քան իմը, եւ ասի՝ Վազգեն, արի միացի, միասին կգանք, կասեմ՝ ոչ, քո վարկանիշը ինձ բացարձակապես չի հետաքրքրում, դու ի՞նչ սկզբունք ես առաջ տանում»,- նույն «Փաստարկ» ակումբում հայտարարել է Վազգեն Մանուկյանը։

«Ye, right»,- կասեին ամերիկացիները։ Ճիշտ է, որ վարկանիշերի գումարումից մոդելը չի փոխվում, բայց հինգ տարի առաջ Վազգեն Մանուկյանը անհասկանալի մոդելներ դավանող կուսակցությունների կողքին էր ու նրանց դաշինքի մեջ։ Եթե Ստեփան Դեմիրճյանը կամ Արամ Զ. Սարգսյանը կամ Արամ Գ. Սարգսյանը բավարարում էին Մանուկյանի մոդելային ճաշակը, հիմա ի՞նչ է փոխվել, բացի նրանից, որ քաղաքական գործիչներն ու լրագրողներն անհիմն կանխատեսումներ են անում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձի մասին, ոմանք էլ շատ առաջ ընկնելով՝ ըմբոշխնում «Ղարաբաղ» կոմիտեի երկու անդամների միասնության էքսպրեսիան։

«Իմ վրա հույս չդնես»,- սա է Վազգեն Մանուկյանի մեսիջն այն մարդուն, ում նպատակները հայտնի են միայն Աստծուն։ «Լեւոնի մոդելը վատն է»,- սա է Վազգեն Մանուկյանի մեսիջը ժողովրդին, ով տեղյակ չէ՝ Տեր-Պետրոսյանն առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ։

Ես չգիտեմ, ԱԺՄ նախագահը քաղաքական ի՞նչ մոդելի մեջ է տեղավորելու Հայաստանը եւ կարողանալո՞ւ է տեղավորել, բայց պարզ է, որ պետք է փոխել մեր հայրենիքի բարոյական մոդելը, եւ դա կարող է անել միայն Վազգեն Մանուկյանը՝ երբեմնի իր զինակցից եւ երբեմնի իր հակառակորդից ընդունելով լռության ուխտի էստաֆետը։ Այդժամ մարդիկ կհասկանան, որ հաղթանակները լինում են ոչ թե տոկոսով, այլ՝ տարողությամբ։