Կարծես թե արդեն իրողություն է դառնում «Հայմամուլ» ընկերության վաճառքը: Վաճառքի նպատակների մասին մեկնաբանությունները տարբեր են: Կարծիք կա նաեւ, թե նախագահական ընտրություններից առաջ իշխանություններն այդպիսով կփորձեն վերահսկել ողջ լրատվական դաշտը:
«168 Ժամն» արդեն անդրադարձել է իշխանությունների՝ հեռուստաընկերությունները վերաբաշխելու մտադրությանը: Հիմա կարծես թե հերթը տպագիր մամուլինն է: Հայաստանում թեպետ լայն տարածում ունեցող թերթերի քանակը հեռուստաընկերություններից շատ չէ, սակայն տպագիր մամուլը շատ ավելի դժվար է վերահսկել: Հայաստանյան թերթերի տպաքանակի 70 տոկոսը «Հայմամուլն» է տարածում, որը Երեւանում՝ մոտ 130, իսկ ամբողջ Հայաստանում՝ մոտ 200 կրպակ ունի: «Հայմամուլի» սեփականատեր Հայկարամ Մխիթարյանը, սակայն, հերքում է, թե ինքն ուզում է վաճառել ընկերությունը: «Ես ուզում եմ ոչ թե վաճառել, այլ գործընկեր գտնել, ով կգա ու ներդրումներ կանի,- ասում է պարոն Մխիթարյանը: -Ինքներդ գիտեք, թե ինչ վատ վիճակում են մեր կրպակները: Մենք մեր միջոցներով մեծ ներդրումների հնարավորություն չունենք»:
Չի կարելի ասել, թե «Հայմամուլի» վաճառակետերը միայն թերթեր վաճառելով են զբաղված: Կրպակներին շահույթ են բերում նաեւ տեղական եւ արտասահմանյան ամսագրերի, ժամանցային թերթերի ու բրոշյուրների, լոտոների կտրոնների եւ զանազան այլ մանր ապրանքների վաճառքը: Այնպես որ, ասել, թե միջոցներ չկան ներդրումների համար, փոքր-ինչ կասկածելի է:
Հայտնի է, որ «Հայմամուլն» ամբողջությամբ կամ մասամբ ցանկանում է գնել Հայաստանում «Նեմիրոֆֆ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Սովռանո» ընկերությունը: Ոմանց տարօրինակ է թվում, որ ալկոհոլային խմիչք ներկրող ընկերությունը ցանկանում է տպագիր մամուլի տարածմամբ ու վաճառքով զբաղվել, քանի որ դրանք իրար հետ առնչություն չունեցող ոլորտներ են: Սակայն Հ. Մխիթարյանն ասում է, թե այդ հարցն իրեն բոլորովին չի հետաքրքրում։ «Ես չեմ էլ իմացել, թե այդ մարդն ինչ բիզնես ունի,- ասում է պարոն Մխիթարյանը: -Հիմա դեռ հարց է` մենք կորոշենք իրար հետ աշխատե՞լ, թե՞ ոչ: Չի բացառվում, որ ամեն ինչ մնա նույն ձեւով: Արդեն մի շաբաթ է՝ այդ մարդիկ աուդիտ են անում մեզ մոտ: Սպասենք, տեսնենք, թե ինչ կլինի»:
Այժմ անհանգիստ իրավիճակ է գրեթե բոլոր թերթերում. բոլորին հետաքրքրում է, թե «Հայմամուլի» նոր սեփականատերերն ինչպե՞ս են տարածելու իրենց տպաքանակները եւ ինչպե՞ս են կազմակերպելու վաճառքը: Նշենք նաեւ, որ թերթերն ինչ-որ իմաստով նույնիսկ ուրախ են այս փոփոխությամբ, քանի որ «Հայմամուլի» աշխատանքից տարիներ շարունակ լուրջ դժգոհություններ են ունեցել եւ ոչինչ չեն կարողացել անել: Թերթերի խմբագիրները մեկ այլ մտահոգություն էլ ունեն՝ «Հայմամուլը» պարտքեր ունի գրեթե բոլոր թերթերին. մեկին՝ շատ, մյուսին՝ քիչ: Թերթեր կան, որոնց «Հայմամուլը» պարտք է մինչեւ 15 մլն դրամի չափով: Ըստ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի` «Հայմամուլն» իրենց պարտք է մոտ 5 մլն դրամ: Հետաքրքիր է` «Հայմամուլն» այլ սեփականատեր ունենալուց հետո կվճարի՞ արդյոք թերթերի պարտքերը: Մեր տեղեկություններով՝ վաճառվելու է միայն «Հայմամուլի» բիզնեսը, իսկ անշարժ գույքը, հատկապես՝ կենտրոնական գրասենյակը մնալու է Հ. Մխիթարյանի սեփականությունը:
Շրջանառվող մի տեսակետ էլ կա, թե նոր սեփականատերերն իրենց կրպակներում այլ գործունեություն են ծավալելու, այսինքն` բացի թերթերից, նաեւ այլ ապրանքներ են վաճառելու: Պարոն Մխիթարյանը հերքեց նաեւ այս լուրը:
«Հայմամուլի» վաճառքը կարելի է դիտարկել նաեւ զուտ բիզնեսի տեսանկյունից: Որեւէ բիզնեսմենի համար սա իսկապես լուրջ ոլորտ է: «Հայմամուլի» հետ աշխատող գրեթե բոլոր թերթերը դժգոհ են նրա աշխատանքից: Նախ՝ դժգոհ են, որ վաճառքի գումարները շուտ չեն փոխանցում: Թերթերը վաճառվում են կանխիկ փողով, որեւէ մեկն ապառիկով թերթ չի կարդում: Այսինքն` ընկերությունն ամեն օր ստանում է իր վաճառած ապրանքի գինը, սակայն թերթերն այդ գումարը «Հայմամուլից» չեն կարողանում ժամանակին ստանալ: Ընկերությունը կամ այլ կարիքների համար է օգտագործում այդ գումարները, կամ էլ չի կարողանում այնպես աշխատել, որպեսզի պարտքեր չկուտակի: Այսինքն` «Հայմամուլը» վատ մենեջմենթ ունի, որից տուժում են հենց թերթերը: «Եթե այդ գործարքը զուտ բիզնես է, ապա թերթերի գործը կլավանա, իսկ եթե քաղաքական պատվեր է, ապա կվատանա»,- ասում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: Պարոն Աբրահամյանը թեպետ լիովին գոհ չէ «Հայմամուլի» աշխատանքից, սակայն հասկանում է նաեւ այդ աշխատանքի դժվարությունները: Իսկ ահա «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը կարծում է, որ «Հայմամուլը» սովորական ընկերություն չէ, որի վաճառքը գաղտնի պահեն: Վերջինիս կարծիքով՝ հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե որքանով է վստահելի գնորդը, ինչ ծրագրեր եւ ինչ կապիտալ ունի: Նման ընկերության վաճառքի ոչ թափանցիկ լինելը վտանգավոր եւ կասկածելի է համարում: Հ. Ավետիքյանը նույնպես գոհ չէ «Հայմամուլի» աշխատանքներից: «Մեր թերթից Էջմիածին օրական 15 օրինակ է գնում, եւ ոչ մի վերադարձ չի լինում, -ասում է պարոն Ավետիքյանը: -Իմ հաշվապահն ինձ հարցնում է, թե էդ դեպքում ինչո՞ւ մի 5 օրինակ էլ չենք ավելացնում: Տրամաբանական է, չէ՞: Դա «Հայմամուլը» պետք է կազմակերպի: Ես չէի ասի, թե հրահանգ են կատարում, միգուցե անհոգ են»:
Թերթերի տարածմամբ Հայաստանում մի քանի այլ ընկերություններ էլ են զբաղվում՝ «Բլից մեդիան», «Պրեսս ատաշեն», «Հայփոստը» եւ այլն: Սակայն այս բոլորը միասին տարածում են թերթերի տպաքանակի 20-25 տոկոսը: Ստացվում է, որ «Հայմամուլն» առայժմ անփոխարինելի է: Եթե «Հայմամուլը» մի օր որոշի թերթերի տարածմամբ այլեւս չզբաղվել, ապա այս բոլոր ընկերությունները միասին իրենց տեխնիկական սուղ հնարավորությունների պատճառով չեն կարող ամբողջ շուկան ծածկել: «Հայփոստն» ունի հնարավորություններ, սակայն դեռ տպագիր մամուլի ոլորտում լայն գործունեություն ծավալելու ցանկություն կարծես թե չունի: Բոլոր դեպքերում թերթերի գլխավոր խմբագիրները լավագույն են համարում այն տարբերակը, որ «Հայմամուլն» ունենա բիզնեսի օրենքներն իմացող սեփականատեր: Միայն թե իրենց թերթերի վաճառքը լավ կազմակերպեն: Թերթերի սեփականատերերին չի հետաքրքրում, թե որ ընկերությունները կամ ովքեր կվաճառեն իրենց տպագիր արտադրանքը: Կարեւորը, որ թերթերի վաճառքը ճիշտ կազմակերպեն, լավ ծառայություններ մատուցեն եւ իրենց գումարները ժամանակին փոխանցեն: