Թուրքիայում՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուց հետո եւս մեկ հայկական կոթող է վերականգնվում՝ Դիարբեքիրի (նախկին Տիգրանակերտ) Սուրբ Աստվածածին եկեղեցին: Բացի այդ, սկսվել են Անիում հուշարձանների վերականգնման հնգամյա ծրագրի նախապատրաստական աշխատանքները: «Ազատություն» ռ/կ-ին այս մասին ասել է Հայաստանի մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: Նրա կարծիքով՝ կարեւոր է փորձել, որ Հայաստանն էլ մասնագիտական մասնակցություն ունենա վերականգնողական աշխատանքներին՝ հուշարձանների պահպանության միջազգային հասարակական կազմակերպությունների միջոցով: «Եթե Աղթամարի վերականգնմանը մեր մասնագետները չմասնակցեին, չէր լինի այն, ինչոր հիմա կա, իսկ, մասնավորապես, Անիի դեպքում Թուրքիայում այդպիսի մասնագետներ չկան,- ասել է փոխնախարարն ու հավելել,- Եթե Անիում վերականգնումը շարունակվի այնպես, ինչպես արվել են պարիսպները, դա մեզ համար կլինի անընդունելի, ոչ հայկական»: Գագիկ Գյուրջյանը տեղեկացրել է, թե չորս տարի առաջ վերականգնված պարիսպներն արվել են ոչ թե աշխարհում որպես հայկական հայտնի միդիզ շարվածքով, այլ սալապատվել, երեսպատվել են: Անիում արդեն իսկ վերականգնել են Պարոնի պալատը, պարիսպների մի հատված, կոնսերվացվել է Մայր Տաճարից դեպի Գագկաշեն տանող ճանապարհը: