Սյունիքում շարունակում է պահպանվել հրդեհավտանգ իրավիճակը: Դրան նպաստում են սեպտեմբեր ամսվան ոչ բնորոշ օդի բարձր ջերմաստիճանը եւ տեղումների բացակայությունը: Միայն ընթացիկ ամսվա անցած 5 օրերին Սյունիքում արձանագրվել է հրդեհի 5 դեպք: Սեպտեմբերի 2-ին Կապան քաղաքի Վաչագան թաղամասում հրդեհվել է առանձնատան տանիք եւ 60 հակ խոտ: Մարզում հրդեհի միանգամից 4 դեպք է արձանագրվել սեպտեմբերի 3-ին, որից երկուսը` Կապան քաղաքում, մեկը` Սիսիանի Շաքե գյուղում, մյուսը` Մեղրիի Մելիք-Օհանջանյան թաղամասում: Դժբախտ պատահարի հետեւանքով առավել խոշոր չափերի վնասներ չեն արձանագրվել: Տուժել են անասնագոմեր, խորդանոցներ, այրվել են չորացած խոտեր, թփուտներ: Սյունիքի մարզային փրկարարական ծառայության տեղեկատվությամբ, չնայած վերջին օրերին հրդեհների բազմաթիվ դեպքերին` նախորդ տարվա համեմատ դրանց թիվը Սյունիքում նվազել է, եւ, որ կարեւոր է` դրանցից մարդկանց տուժելու դեպքեր չեն արձանագրվել: