Հայկական կողմը զոհ չի ունեցել

06/09/2007

Ադրբեջանական մամուլը երեկ տեղեկատվություն էր տարածել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մասին, ըստ որի՝ սեպտեմբերի լույս 5-ի գիշերը Ադրբեջան-ԼՂՀ սահմանագծերից մեկում հայկական կողմի կատարած փոխհրաձգության արդյունքում զոհվել են երկու ադրբեջանցի զինծառայողներ: Ավելի ուշ նաեւ տեղեկատվություն էր տարածվել, թե Աղդամի եւ Ֆիզուլու ուղղությամբ ադրբեջանական կողմի փոխհրաձգության արդյունքում զոհվել են երեք հայ զինծառայողներ: Այս տեղեկատվության իսկությունը ճշտելու նպատակով զանգահարեցինք Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սեյրան Շահսուվարյանին: «Իսկ ո՞ւր են դիակները, եթե նման բան է եղել: Դուք հավատո՞ւմ եք ադրբեջանական մամուլին: Նրանք էդ պրես-ռելիզներն ամեն օր կոպիա են անում ու տպում»,- հարցին հարցով պատասխանեց Ս. Շահսուվարյանը` վստահեցնելով, որ իրենք արդեն անտարբեր են ադրբեջանական ստահոդ հաղորդագրությունների նկատմամբ: Պրն Շահսուվարյանին տեղեկացրինք, որ վերոնշյալ լուրն Ադրբեջանի ՊՆ պաշտոնական տեղեկությունն է, որտեղ, ի դեպ, նրանք նշել են զոհված ադրբեջանցի զինվորների ծննդյան տարեթվերն ու անուն-ազգանունները: «Մենք մի օր նստել-հաշվել ենք, թե նրանք ինչքան նման սուտ հաղորդագրություններ են տարածել, ու ըստ այդ սուտ լուրերի` ստացվում է, որ ամբողջ տարվա մեջ մենք 2500-3000 զոհեր ենք ունենում: Նման սուտ լուրեր ադրբեջանական մամուլում կարելի է ամեն օր տեսնել: Հայկական կողմը զոհ չի ունեցել»,- ասաց Ս. Շահսուվարյանը: