Վրաստանի հետ սահմանագծին գտնվող Ջիլիզա գյուղի մեկուսացումն ավելի սրվեց վերջին ամիսներին, երբ հայ եւ վրացի սահմանապահներն արգելեցին հատել սահմանը երկու կողմերում ապրող բնակիչներին: Սահմանից այն կողմ հայկական 7 գյուղ կա: Եվ այս գյուղերի բնակիչներն ազգակցական կապեր ունեն Ջիլիզայի բնակիչների հետ:
«36 թոռ ունեմ, 13 ծոռ: Աղջիկս Ախքյորփի գյուղում է, գալիս են սահման, չեն թողնում էս կողմ գան: Մեր կպած գյուղն է, թոռներիս չեն թողնում տեսնեմ: Գեշ խախտում է, մեղք չե՞ն մարդիկ, հարազատներով իրար չենք կարողանում տեսնել: Տեսնում ես հայ ա, հարազատ է, թող գա, էլի, ի՞նչ կա դրա մեջ: Կարոտում եմ թոռներիս: Մենակ ես չեմ, շատերը»,- ասում է 78-ամյա Լիպարիտ Հալիվորյանը: 1995 թ. կառավարության որոշում կար Ջիլիզայում բացել անցագրային կետ, սակայն առայսօր չի բացվել: Ջիլիզան եւ Վրաստանի սահմանամերձ գյուղերը սերտ կապեր ունեին. հայերն այնտեղից էին գնում ալյուր, բանջարեղեն` իրենց հերթին վրացիներին վաճառելով միս, կաթնամթերք: Վերջին ամիսներին այս ամենը դադարեցվել է:
Առնվազն տարակուսանք է առաջացնում, որ մեր պաշտոնյաները, իրենց վրացի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ, մտքներով չեն անցկացնում, որ բացի «մեծ» գործերից` կան նաեւ նման «փոքր» խնդիրներ, ու կարելի է վրացիների հետ պայմանավորվել այս հարցը լուծել մեկ օրվա ընթացքում` սեփական քաղաքացիներին նման հուսահատ վիճակի չհասցնելու համար: Մինչեւ հիմա Ջիլիզան էլեկտրաէներգիա է ստանում Վրաստանից: Օրվա ընթացքում հոսանք ունենում են մի քանի ժամ, ինչպես վրացական գյուղերում, այսինքն` Վրաստանի այդ հատվածում գործող հովհարային միացումներով է սնվում գյուղը: Հոսանքի մեկ կվտ-ի դիմաց հայերը վճարում են մոտ 35 դրամ: Ալավերդուց Ջիլիզա 28 կմ դժվարանցանելի ճանապարհն աժմ պետբյուջեից հատկացված 880 մլն դրամով վերանորոգվում է, մինչեւ Ալավերդու Մադան թաղամասը, որը 5 կմ է, արդեն ասֆալտապատված է (այդպես է նախատեսված ծրագրով), մնացած հատվածը գրունտային է լինելու: Շինարարների հավաստմամբ` աշնանն աշխատանքներն ավարտելու են:
2004 թ. պետբյուջեից այս նույն ճանապարհի վերանորոգման համար հատկացված 130 մլն դրամը փոշիացվել էր: Շինարարությունն «իրականացրել» էր «Վարմաշ» անվամբ մի կազմակերպություն: Առայսօր իրավապահ մարմինները չեն կարողացել պարզել, թե ինչպես են յուրացվել հարկատուների փողերը: Հաշվի առնելով այս հանգամանքը` վերահսկող մարմինները պետք է հետեւեն, որպեսզի չփոշիացվի 880 մլն դրամը, եւ այդքան անհրաժեշտ ճանապարհը կառուցվի ու գոնե մի քանի տարի ծառայի իր նպատակին: Խորհրդային տարիներին Ջիլիզա տանող ճանապարհն անցնում էր Վրաստանով` Սադախլո ադրբեջանաբնակ գյուղով: 1988-ից հետո անհնար դարձավ անցնել այդ ճանապարհով: Հայաստանի կառավարությունը 1990-91 թթ. կառուցեց Ջիլիզա-Ալավերդի հողային ավտոճանապարհը: Չնայած տարբեր ժամանակահատվածներում այն մասնակիորեն վերանորոգվել է, սակայն հողե ճանապարհն անձրեւից հետո անանցանելի է դառնում:
«Ճանապարհից հետո կառավարությունը խոստացել է կարճ ժամանակում լուծել նաեւ հոսանքի հարցը, մի քանի կազմակերպություններ օգնելու են,- ասում է գյուղապետ Մհեր Վարդանյանը եւ թվարկում կազմակերպությունների անունները,- Հունաստանի «Հայաստանի եւ Արցախի բարեկամության միությունը», Հունաստանի կառավարությունը, Սոցիալական ներդրումների հիմնադրամը»: Գյուղում արդեն երկու հեռախոսահամար կա, դրանք Ալավերդու համարներ են: Գյուղացիները հերթագրվել են եւ շուտով կունենան հեռախոսահամարներ:
Հայաստանում շատ քիչ գյուղեր կան, որտեղ բնակիչները սիրում են իրենց գյուղապետին: Արդեն քսան տարի գյուղապետ Մհեր Վարդանյանն այդ եզակիներից մեկն է: Նա տարբերվում է նաեւ նրանով, որ չունի մականուն, ինչպես Ալավերդու տարածաշրջանի գյուղապետերը` Ալաբաշ, Ավարա եւ այլն: «Եթե մեր գյուղապետը Մհերը չլիներ, էս աշխարհից մոռացված գյուղը վաղուց դատարկված կլիներ, բոլորին հասնում է»,- ասում է Սուսաննան:
Ջիլիզա գյուղին տարիներ շարունակ աջակցում է Հունաստանի «Հայաստանի եւ Արցախի բարեկամության միությունը»: «Նրանց ներկայացուցիչները խոստացել են ներդրումներ կատարել գյուղում, եթե կառուցվի ճանապարհ եւ լուծվի էլեկտրականության հարցը: Սպասում ենք էդ հարցերի լուծմանը, տեսնենք` ինչ կստացվի: 1991-ին Վանաձորից 2 երիտասարդ ընտանիք եկան գյուղ, տան հիմքերը գցեցին, չկարողացան շարունակել, թողեցին-գնացին: Գյուղատնտեսական տեխնիկա չունենք, խոտը դրա համար չենք հասցնում հավաքել, գյուղում զարգանալու հնարավորություն չկա, բանկերն էլ վարկեր չեն տալիս, որ տեխնիկա առնենք»,- ասում է գյուղապետ Մհեր Վարդանյանը: Գյուղում նոր տներ չեն կառուցում: Ջիլիզայից շարունակվում է արտագաղթը: Գյուղացիներն ավելի շատ մտածում են այստեղից մեկնելու մասին: Վերջին մեկ տարվա ընթացքում երեք երիտասարդ ընտանիք լքել է գյուղը: Հիմնականում մեկնում են Ռուսաստան:
1987 թվականից գյուղապետ Մհեր Վարդանյանը համոզված է, որ իշխանությունները հասկացել են Ջիլիզայի կարեւորությունը: «Էստեղ հարցը միայն ջիլիզացիները չեն, եթե մարդիկ այստեղից հեռանան, ապա կկորցնենք մեր հայրենիքի այս տարածքը` մոտ 12 հազար հա տարածությունը: Եթե Ջիլիզան չլինի, այս տարածքը դժվար է լինելու պահել: Մեր գյուղը սահմանի այս հատվածում միակն է, ու մենք էլ դատապարտված ենք սահմանապահների հետ պահել էս 12 հազար հեկտարը»:
www.hetq.am