Գրողը նաեւ մարդասպան է

06/09/2007

Լեհ գրող Քրիստիան Բալան երեկ 25 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով մի սպանություն կազմակերպելու համար, որն անչափ նման է իր իսկ գրքերից մեկում նկարագրված հանցագործությանը: 2003 թվականին լույս տեսած իր «Ամոկ» սարսափ-վեպում Բալայի նկարագրած սպանությունը, ինչպես բացահայտել են լեհ իրավապահները, գրեթե նույնական է 2000 թվականին կատարված մի լեհ գործարարի սպանության հետ: BBC-ի վկայությամբ՝ 2000 թվականի նոյեմբերին այդ գործարարի կապկպված եւ խոշտանգված մարմինը հայտնաբերվել էր լեհական Վրոցլավ քաղաքի մոտ՝ Օդեր գետի ափին: Գործարարին առեւանգել էին, որոշ ժամանակ փակի տակ պահել՝ առանց կերակրելու, այնուհետեւ ձեռքերը կապել էին մեջքին, որպեսզի չկարողանա լողալ, եւ գցել Օդեր գետը: Յոթ տարի ոստիկաններն ապարդյուն փնտրել են կասկածյալների եւ փորձել են պարզել հանցագործության շարժառիթները, մինչեւ որ նրանց ձեռքն է ընկել Բալայի գիրքը, որում նկարագրված է ճիշտ նույնպիսի սպանություն: Մեղադրող կողմի պնդմամբ՝ Բալան կարող էր սպանել գործարարին խանդի հողի վրա՝ կասկածելով նրան իր կնոջ հետ սիրային կապ ունենալու մեջ: Գրողը, սակայն, հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, թե իր գրքի համար հիմք են ծառայել միմիայն լրատվամիջոցների հաղորդագրությունները: