Աշխարհի հացահատիկի շուկաներում շարունակվում է ցորենի գների հզոր աճը: Պահանջարկը վերջին մեկ օրվա ընթացքում այնպիսի բարձր մակարդակի է հասել, որ երեքշաբթի օրն աշխարհի խոշորագույն՝ Չիկագոյի հացահատիկի սակարանում աճուրդները դադարեցվել են այն բանից հետո, երբ գների աճն այստեղ հասել է սահմանված առավելագույնին՝ մեկ առեւտրաշրջանի ընթացքում 30 ցենտի: Արդյունքում՝ Չիկագոյի բորսան փակվել է դեկտեմբերի մատակարարման 1 բուշել ցորենի 8,05 դոլար գնով: Երեկ արդեն Չիկագոյում էլեկտրոնային աճուրդները սկսվել են ընթացիկ սեպտեմբերի մատակարարման բուշել ցորենի 8,11 դոլար գնով:
Եվրամիության խոշորագույն ֆյուչերսային սակարանը՝ Եվրոնեկստը, աշխատանքը սկսել է 1 տոննա ցորենի 285 եվրո գնով: Ցորենի ժամանակակից եվրոպական շուկայի պատմության մեջ երբեք այդ հացահատիկն այդքան թանկ չի եղել: