Երեկ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով օրերս է վերադարձել Մոսկվայից, հայտարարել է, թե ինքն անպայման առաջադրելու է իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Նա ասել է նաեւ, թե ինքը որեւէ մեկի հետ չի միանալու եւ ընդդիմադիրների հետ որեւէ բանակցության չի մասնակցելու: Բացի այդ, Կարապետյանը վստահեցրել է, որ «եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի»՝ իր հետ դուրս կգա ընտրության երկրորդ փուլ, եթե ոչ՝ «ամեն ինչ հենց առաջին փուլում կվերջանա»: Իսկ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն
Տեր-Պետրոսյանն, ըստ Կարապետյանի, առաջադրվելու դեպքում չի կարող երկրորդ փուլ դուրս գալ: Ընդհանրապես Ա. Կարապետյանի երեկվա հայտարարությունները բավականին ուշագրավ երանգներ ու բացահայտումներ են պարունակել: Ոչ այն պատճառով, որ ի սկզբանե բացառելով որեւէ միավորում՝ Ա. Կարապետյանը դառնում է «Արտաշես Գեղամյան-2»:
ՆԺԿ ղեկավարը երեկ հայտարարել է, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխանական վերնախավի ապօրինությունների մասին «սենսացիոն բացահայտումներ է անելու»՝ սկսած 1992 թվականին կատարված դեպքերից: Առաջին հայացքից՝ ոչ մի ուշագրավ բան չկա. Արամ Կարապետյանը սիրում է «բացահայտումներից» խոսել: Սակայն կարծում ենք՝ ՆԺԿ առաջնորդը պատահական չի նշել «սկսած 1992 թվականից» բառերը: Առաջիկայում նա հավանաբար կմիանա իշխանությունների կողմից Հայաստանի առաջին նախագահի նկատմամբ իրականացվող հակաքարոզչությանը, որին արդեն միացել են որոշ «ծյունինգ արած ընդդիմադիրներ»:
Միայն ես եւ դու, ու չկա էլ ոչինչ մեզ համար
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ժամանել է Հայաստան,
ու երեկ ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում մի քանի կտրուկ հայտարարություններ արեց:
Նախ՝ նա հայտարարեց, որ առաջադրելու է իր թեկնածությունը 2008-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ, ապա հավելեց. «Որեւէ մեկի հետ չեմ միանալու, չեմ միավորվելու: Ես գնալու եմ մենակ»: Հիշեցնենք, որ նմանօրինակ պահվածքով մինչ օրս աչքի էր ընկնում հիմնականում Արտաշես Գեղամյանը, ով խորհրդարանի նախորդ ընտրությունից ամիսներ առաջ հայտարարեց, թե իր ղեկավարած կուսակցությունն առանձին է մասնակցելու ընտրություններին ու ոչ մի դաշինքի մաս չի կազմելու: Արդյունքը հայտնի է: Ինչեւէ, իր վերոնշյալ հայտարարությունից հետո Ա. Կարապետյանը նշեց, թե ինքը ողջունում է ընդդիմության բոլոր հատվածների բանակցությունները: «Եթե ի մի կգան որեւէ միասնական թեկնածուի շուրջ, ես շատ ուրախ կլինեմ: Ես ինքս նման բանակցությունների չեմ մասնակցելու»,- ասաց Ա. Կարապետյանը, միաժամանակ կասկած հայտնելով, որ ընդդիմադիրներին կհաջողվի մի թեկնածուի շուրջ համախմբվել: Ընդհանրապես Ա. Կարապետյանը երեկ չափազանց վստահ էր խոսում: Օրինակ՝ խրոխտ տոնով հայտարարեց, թե գտնում է, որ նախագահի առաջիկա ընտրությունը Հայաստանում կընթանա 2 փուլով, իսկ երկրորդ փուլում կմրցեն ինքն ու վարչապետ Սերժ Սարգսյանը, «եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի»: ՆԺԿ առաջնորդն ընդդիմության աջակցության կարիքը չի զգում, նույնիսկ այն պարագայում, երբ, ինչպես ինքն է կրկին խրոխտ տոնով ասում, ինքը Ս. Սարգսյանի հետ երկրորդ փուլ դուրս գա: Ա. Կարապետյանը վստահ է, որ ընտրությունների 2-րդ փուլում ինքը կհաղթի Ս. Սարգսյանին ու կդառնա ՀՀ նախագահ՝ առանց ընդդիմության աջակցության: Նա երեկ նաեւ հայտարարեց, թե Ս. Սարգսյանը Ռուսաստանում կապեր ունի, բայց հնարավորություններ չունի: «Կապեր ունեցող, հարցեր լուծող մարդը պետք է միշտ այնտեղ լինի եւ փորձի հարց լուծել: Գիտե՞ք, կապեր ձեռք բերելը շատ հեշտ է, մանավանդ Ռուսաստանում: Փող եթե ունես, կապեր կարող ես ունենալ ում հետ ուզում ես: Աշխարհում էլ: Փող ես տալիս, կապը վերցնում ես»,- բացատրեց Ա. Կարապետյանը, որի ասածի իմաստը, փաստորեն, այն է, որ ինքը, բացի կապեր ունենալուց, նաեւ հարցեր է լուծում: Վերջինս շուտով շրջելու է մարզերում, հանդիպումներ է ունենալու բնակչության հետ, իսկ քարոզարշավի ժամանակ, ինչպես ինքն ասաց, իշխանությունների արած ապօրինությունների մասին «սենսացիոն բացահայտումներ է անելու»՝ սկսած 1992 թվականին կատարված դեպքերից: ՆԺԿ ղեկավարը նույնիսկ նշեց, թե հրապարակելու է «Հոկտեմբերի 27»-ին առնչվող տեղեկություններ: Վերջում էլ հավելեց, թե այն, ինչ ասելու է, պատրաստ է ապացուցել դատարանում: Իսկ որտեղի՞ց նրան այդ ենթադրյալ տեղեկությունները: «Նախագահն ասեց, չէ՞. փալասի տակից»,- պատասխանեց ՆԺԿ առաջնորդը: Նշված վայրից ունեցած տեղեկություններից ելնելով՝ Ա. Կարապետյանը երեկ նաեւ նշեց, թե Ռուսաստանի նախագահի առաջիկա ընտրության ժամանակ կարող է մեծ սյուրպրիզ լինել, ընդհանրապես որեւէ մեկը չփորձի նախագահ դառնալ, ու Պուտինը մնա նախագահի պաշտոնում:
Որովհետեւ ի՞նչ
Ասուլիսից հետո փորձեցինք Արամ Կարապետյանից ճշտել, թե ի՞նչ հիմքեր ունի ենթադրելու, թե առաջիկա նախագահական ընտրության ժամանակ ինքը երկրորդ փուլ է դուրս գալու, մանավանդ, որ ընդամենը մի քանի ամիս առաջ իր գլխավորած կուսակցությունը խորհրդարանի ընտրության ժամանակ ստացավ մոտ 3% ձայն: «Որովհետեւ մենք մեր տվյալներն ունենք, չէ՞: 14% էինք ստացել: 14% եթե ես ստացել եմ 15 օրվա մեջ… Երկու տարի չեմ խոսել, 15 օր խոսել եմ, 14% ձայն եմ ստացել»,- պատասխանեց ՆԺԿ ղեկավարը: Փաստեցինք, որ պաշտոնապես արձանագրված էր, որ ՆԺԿ-ն ստացել է մոտ 3% ձայն: «Գիտե՞ք ինչ, Ստեփան Դեմիրճյանը ստացել էր 63%, արձանագրեցին 27%»,- նշեց Արամ Կարապետյանը: Վերջինիս եւ մեր զրույցի հետագա հատվածը ներկայացնում ենք առանց մեկնաբանության.
– Դուք վստահ ե՞ք, որ կարողանալու եք արձանագրել ձեր ենթադրյալ հաղթանակը:
Ա.Կ. – Այո, ոչ միայն վստահ եմ, որ արձանագրելու եմ, ես վստահ եմ, որ այդ արձանագրվածը վերջիվերջո բերելու է հաղթանակի:
– Հայտարարեցիք, թե որոշել եք միայնակ մասնակցել նախագահի ընտրությանն ու ոչ մեկին չմիանալ, ոչ մի բանակցության չմասնակցել: Ինչո՞ւ:
Ա.Կ. – Որովհետեւ:
– Որովհետեւ ի՞նչ: Բացատրություն չկա՞:
Ա.Կ. – Չկա: Իսկ ի՞նչ բացատրություն: Քաղաքական ուժն ի՞նչ բացատրություն պիտի տա:
– Խորհրդարանի վերջին ընտրությանն ընդդիմությունը մասնակցեց մի 15 մասի բաժանված ու արդյունքում մոտ 30% ձայն փոշիացավ…
Ա.Կ. – Իսկ իրար հետ միանալով՝ ձեզ թվում է, թե իրար ձա՞յն են տալու: Չէին տալու, եթե ընդհանուր ցուցակ չլիներ: Ընդհանուր ցուցակ էլ չեղավ, որովհետեւ մենք ուզում էինք, դա էլ չստացվեց: Ես այդ ընդդիմության ամբողջ հավաքներին այնքան եմ եղել, որ վերջիվերջո տեսել եմ, որ ոչ մի բան չի ստացվի:
– Այսինքն՝ անիմաստ ե՞ք գտնում այդ նույն մարդկանց հետ ինչ-որ բան քննարկել:
Ա.Կ. – Չէ, անիմաստ չեմ գտնում: Ես անիմաստ չեմ գտնում: Ես գտնում եմ, որ նախագահական ընտրությունների ժամանակ մարդիկ պիտի ունենան իրենց ամբիցիաները: Եթե ունեն, ուրեմն՝ շատ լավ է, թող իրենք էլ մեզ հետ պայքարեն:
– Ինչո՞ւ եք կարծում, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահի ընտրության երկրորդ փուլ դուրս չի գա:
Ա.Կ. – Որովհետեւ կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի:
Հ.Գ. Արամ Կարապետյանը տարիներ շարունակ պնդում է, որ ՀՀ նախագահի հաջորդ ընտրությունը լինելու է արտահերթ: Հիշեցնենք, որ այս հարցով նա ու «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը տարիներ առաջ գրազ էին եկել: Թեեւ նախագահի հերթական ընտրությանը մնացել է ընդամենը մի քանի ամիս, Ա. Կարապետյանն իրեն դեռեւս պարտված չի համարում: Այժմ արդեն կարելի է գրազ գալ, որ չնայած Ա. Կարապետյանի ինքնավստահ տոնին ու պնդումներին, առաջիկա նախագահական ընտրության արդյունքում նա չի դառնա ՀՀ նախագահ: