Ադրբեջանցիները զինվում են

04/09/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ամերիկյան «DefenceNews» («Պաշտպանության նորություններ») էլեկտրոնային պարբերականը երեկ անդրադարձել է Ադրբեջանի տնտեսական եւ ռազմական հզորություններին, պատերազմի վերսկսման հավանականությանը եւ Ադրբեջանի՝ հաջողության հասնելու հնարավորություններին։

Դեյվիդ Պուգլիեսեի՝ «Ադրբեջանը վերակառուցվում է, զգուշացնում է Հայաստանին եւ սերտացնում ՆԱՏՕ-ի հետ կապերը» կոչվող հրապարակման մեջ առաջին հերթին նշվում է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն 2004 թվականի 146 միլիոն դոլարից հասել է 1 միլիարդի։ Խոսք է գնում նաեւ այս երկրի տնտեսական աճի մասին։ Հեղինակը նշել է, որ որոշ հաշվարկների համաձայն՝ առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում միայն նավթի վաճառքից Ադրբեջանը 160 միլիարդ դոլար կստանա։

Ինչ վերաբերում է բուն ռազմական ոլորտին, ապա արտասահմանյան փորձագետները դեռ հստակ պատկերացում չունեն, թե Ադրբեջանն ինչ տեխնիկա է գնելու նավթադոլարներով։ Սակայն տվյալներ կան արդեն իսկ կատարված գնումների մասին։ Ադրբեջանն Ուկրաինայից եւ Բելառուսից այս տարվա մարտին ձեռք է բերել ՄիԳ-29 տիպի ինքնաթիռներ։ Մեկ ամիս անց տեղեկություններ հայտնվեցին, որ ադրբեջանցիները հետաքրքրություն են ցուցաբերում պակիստանյան JF-17 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների, ինչպես նաեւ՝ փոքր տրամաչափի զենքի եւ զինամթերքի ձեռքբերման հարցում։ 2005թ. այս երկիրն Ուկրաինայից ձեռք է բերել 25 հատ Տ-72 տանկ եւ զրահամեքենաներ։ Նույն տարում Բելառուսը նույնպես 19 Տ-72 է վաճառել Ադրբեջանին։ Երկրում նաեւ փորձ են անում ստեղծել սեփական ռազմարդյունաբերություն։

Այս ամենի հետ մեկտեղ, Ադրբեջանը նաեւ սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Ցանկանո՞ւմ է արդյոք Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։ Այս հարցին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Խազար Իբրահիմը պատասխանել է, որ իր երկիրը «ցանկանում է ինտեգրվելգ»։

«DefenceNews»-ի հրապարակման համաձայն, շատ փորձագետներ կարծում են, որ պաշտպանության ոլորտի արդիականացման գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղի վրա ռազմական ճանապարհով հսկողություն հաստատելն է։ Առավել եւս, որ հուլիսի 2-ին Ալիեւը հայտարարեց, որ իր երկիրը «մոտ է Ղարաբաղի ազատագրմանը»։ Հրապարակման մեջ տեղ են գտել նաեւ մյուս բարձրագոչ արտահայտություններն այն մասին, որ Ադրբեջանն այժմ տարածաշրջանի ամենահզոր պետությունն է, եւ, որ իրենց ռազմական բյուջեն Հայաստանի պետբյուջեից մեծ է։

Սակայն հրապարակման հեղինակը վկայակոչել է ամերիկացի մի փորձագետի կարծիքը, որի համաձայն՝ Ադրբեջանի ռազմական ոլորտի արդիականացումն անմիջականորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Հայկական ուժերը շատ ուժեղ դիրքեր ունեն այժմ, եւ երկար տարիներ կպահանջեն, մինչեւ Ադրբեջանական զինուժն ի վիճակի կլինի մարտական գործողություններում հաջողության հասնել։

Ի դեպ, Ղարաբաղի հարցում ադրբեջանցիներին ոչ հատուկ շեշտադրությամբ հայտարարություն է արել Ադրբեջանի Կանաչների կուսակցության նախագահ Մաիս Գուլալիեւը։ Ադրբեջանական «Թրենդ» գործակալության համաձայն՝ նա ասել է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, իսկ ռազմական ճանապարհն ընտրելու դեպքում միակ շահող կողմը կլինի ադրբեջանական ընդդիմությունը։

«Ընդդիմությունը հասկանում է, որ ընտրությունների միջոցով մոտ ապագայում չի կարող իշխանության գալ։ Նրանք ամեն ջանք գործադրում են, որպեսզի կառավարությանը ստիպեն ռազմական գործողությունների գնալ, եւ ցանկանում են այդ ձեւով հասնել իշխանափոխության։ Պատերազմի վերսկսման դեպքում միջազգային կազմակերպություններն ամեն ինչ կանեն ներկա իշխանություններին փոխելու համար»,- ասել է Գուլալիեւը։

Վերջինս նաեւ կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը պետք է վերացնի Հայաստանի շրջափակումը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատի մեր երկրի հետ։ Գուլալիեւի կուսակցությունը կոնկրետ առաջարկների փաթեթ է պատրաստել՝ ուղղված Ադրբեջանի կառավարությանը, ընդդիմությանը, հասարակական եւ միջազգային կազմակերպություններին։ Այնտեղ նշված բոլոր քայլերը կատարելուց եւ Ադրբեջանի տնտեսությունը կոնսոլիդացնելուց հետո, Գուլալիեւի համոզմամբ, իր երկիրը պետք է վերացնի Հայաստանի շրջափակումը։ Սակայն այս զարմանալի «հայասիրության» վրա զարմանալ պետք չէ, քանի որ այդ ամենը, ինչպես ասվում է «Թրենդի» հրապարակման մեջ, պետք է արվի Հայաստանին Ադրբեջանից տնտեսական կախվածության մեջ դնելու համար։