«Հայփոստը» գիտի, բայց չի ասում

04/09/2007

«Հայփոստը» բացահայտել է շահերի բախման եւս մեկ միջադեպ, որի հետեւանքով ընկերության կրած վնասը կազմել է առնվազն 167 միլիոն դրամ: «Հայփոստի» ղեկավարության հրահանգով կատարվող մի շարք ներքին ուսումնասիրությունների արդյունքում ընկերությունը բացահայտել եւ հայտարարել է, որ 2001թ. ի վեր «Հայփոստը» վարձակալել է մի քանի բեռնատարներ` Իրանից, սահմանակից Մեղրիից եւ Վրաստանից, սահմանակից Սադախլո ուղղություններով փոստային ապրանքներ եւ առաքանի բեռնափոխադրման նպատակով: Բեռնափոխադրման պայմանագրերից մեկը կնքվել է «Կոճոռ Տելեկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որը, «Հայփոստի» տարածած հաղորդագրության համաձայն` «փաստացի պատկանում է ՀՀ կառավարության բարձր պաշտոնյաներից մեկին»: «Մնացած պայմանագրերը կնքվել էին «ՀՍ Տրանս» ՍՊԸ-ի եւ «Արաքս էլեկտրոնիկս» ՍՊԸ-ի հետ: Փաստերը խոսում են այն մասին, որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, նշված երկու ընկերությունները պատկանում են «Հայփոստ» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենին: Նշված երեք հայկական ընկերությունների հետ կնքված բոլոր պայմանագրերը «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից ուղղակիորեն ստորագրվել են նրա նախկին գլխավոր տնօրենի կողմից»,- ասված է հաղորդագրությունում: «Հայփոստը» դիմել է իրավապահ մարմիններին` վերը նշված փաստերի առնչությամբ հետաքննություն սկսելու խնդրանքով: